Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդա՛ր է, ժողովուրդ»

Մայիս 18,2022 13:30

Ինչո՞ւ են պայմանագրային հարաբերություններն ավելի արդյունավետ, քան արդարությանն ապավինելը

Ըստ հոլանդացի ընկերաբան Գերտ Հոֆսթեդեի՝ տարբեր ազգերի մշակութային առանձնահատկությունների մեջ կա մի չափանիշ, որն անցնում է «կոլեկտիվիզմ-ինդիվիդուալիզմ» առանցքով: Պարզ է, որ հոլանդացին գերապատվությունը տալիս է ինդիվիդուալիզմին, որից, ըստ նրա, սերում են բարգավաճումը, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը եւ այլն: Ի հակադրություն երբեմն բարձրաձայնվող կենցաղային պատկերացումների՝ զուտ սոցիոլոգիական չափումներով, մենք՝ հայաստանցիներս, կոլեկտիվիստ ենք, ընդ որում՝ պատկանում ենք կոլեկտիվիզմի «պարտիկուլյարիստական» տեսակին, այսինքն՝ մերժում ենք անհատական պատասխանատվությունը եւ վկայակոչում ենք «ուրիշներին», ասելով, որ մենք պատրաստ ենք անել օրենքով կամ ինչ-ինչ հասարակական կանոններով պահանջվող բանը, բայց՝ միայն այն դեպքում, եթե նույնն անեն «ուրիշները»: Եթե կոպիտ օրինակ բերենք, պատրաստ ենք աղբի կույտին ավելացնել մեր բաժին աղբը՝ տեսնելով, որ «բոլորն են այսպես անում»: Պետք է վերապահում անել, որ խոսքը ոչ թե էթնիկ, այլ մշակութային առանձնահատկության մասին է, եւ, օրինակ, Հյուսիսային Ամերիկայում կամ Եվրոպայում ապրող հայերի համար վերը նկարագրված վարքագիծն ամենեւին հատուկ չէ: Ավելին՝ վերջին 30 տարում նաեւ Հայաստանում է իրավիճակը փոխվում: Բայց առայժմ, գերակշռող է Ռուսական կայսրությունից եւ Խորհրդային Միությունից ժառանգած մշակույթը:

Անհատները հակված են իրար հետ, սեփական նախաձեռնությամբ պայմանավորվելու, ու նաեւ այդ պատճառով են գնահատում ազատությունը: Կոլեկտիվիստները չեն կարեւորում իրար հետ պայմանավորվելու անհրաժեշտությունը եւ ամենից բարձր դասում են արդարությունը, որն իրենց ինչ-որ մեկը պետք է մատուցի: «Արդարության աղբյուրը» կարող է լինեն պետությունը, թագավորը, հիմնարկի ղեկավարը եւ նույնիսկ…… բնությունը կամ ճակատագիրը: Օրինակ, 1988 թվականին մենք Գորբաչովից պահանջում էինք «արդար լուծել» ղարաբաղյան խնդիրը, այսինքն՝ այդ ինքնավար մարզը փոխանցել Հայաստանին: Հիմա էլ Հայաստանում կան մարդիկ, որոնք երազում են, որ Մոսկվայի ու Անկարայի միջեւ հարաբերություններն այնքան վատանան, որ Ռուսաստանը գրավի Թուրքիայի մի մասը, որից հետո մեզ կնվիրի Մասիս սարը: Որովհետեւ այդպես է պահանջում «պատմական արդարությունը»:

Պայմանավորվածությունը, պայմանագիրը, «կոնտրակտը» այնպիսի մի բան է, որը կարող է գործել կամ չգործել, կողմերը կարող են պարկեշտ լինել կամ խաբել: Օրինակ, երբ մենք բանկում վարկային պայմանագիր ենք կնքում, բանկը կարող է մանր տառերով ինչ-որ կետ նշել, որը մենք չենք նկատում, բայց որը երկկողմ հարաբերություններում, հնարավոր է, վճռական նշանակություն ունենա: Բայց մենք չենք գնում բանկ եւ ասում՝ ինձ այսինչ տոկոսով վարկ տվեք, որովհետեւ այդպես արդար կլինի: Արդար՝ ո՞ւմ համար: Պայմանագրի կետերի կատարումը կամ չկատարումը մենք, գոնե տեսականորեն, կարող ենք ինչ-որ տեղ վիճարկել: Արդարությունը՝ երբեք:

Իսրայելցի հայտնի մտածող Յուվալ Հարարին այսպիսի մի օրինակ է բերում: Հարեւան վանդակներում նստած են երկու շիմպանզեներ: Նրանց ժամանակ առ ժամանակ մոտենում են մարդիկ եւ երկուսին էլ վարունգ են տալիս՝ երկու կապիկներն էլ երջանիկ են: Բայց հանկարծ մարդիկ որոշումը փոխում են, եւ շիմպանզեներից մեկին բանան են սկսում տալ, իսկ մյուսը շարունակում է բավարարվել վարունգով: Բնականաբար, վարունգ ստացող կապիկը սկսում է նեղվել եւ ճչալ: Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ նա բողոքում է անարդարությունից: Եթե այո, ապա արդարությունը չափազանց հարաբերական կատեգորիա է, այն տարբեր է ոչ միայն սուբյեկտների համար, այլեւ ժամանակի մեջ նույն սուբյեկտի տեսանկյունից է փոխում իր բնույթը:

Ամերիկացի հոգեբան Ջոն Սթեյսի Ադամսը մշակել էր այսպես կոչված «արդարության տեսությունը», հիմնվելով այն հետազոտությունների վրա, որոնք նա 1963 թվականին կատարել է «Ջեներալ էլեկտրիկ» ընկերությունում: Մարդիկ սուբյեկտիվորեն համեմատում են իրենց ներդրած ջանքերի համար պարգեւատրումը այն պարգեւատրման հետ, որը ստանում են իրենց գործընկերները նմանատիպ աշխատանք կատարելու համար: Այն աշխատողները, որոնք կարծում են, թե իրենց այդ չափանիշով թերի են վարձատրում, կա՛մ սկսում են պակաս ինտենսիվ աշխատել, կա՛մ էլ փորձում են հասնել նրան, որ իրենց վարձատրությունն ադեկվատ լինի: Եթե մարդիկ գտնում են, որ իրենց ավելի բարձր են վարձատրում, քան արժանի են, նրանք սովորաբար լռում են ու չեն փոխում իրենց վարքագիծը: Չափանիշները դարձյալ բացարձակ չեն, խիստ հարաբերական են եւ սուբյեկտիվ: Մենեջերին շատ ավելի հեշտ է վկայակոչել պայմանագիրը, որը տվյալ աշխատակիցը ստորագրել է ընկերության հետ, քան ամեն անգամ բացատրել, թե ինչու է այս կամ այն վարձատրությունը արդար կամ անարդար:

Այսպիսով, «արդարություն» հասկացությունը, երբ փորձում ենք այն կիրառել քաղաքականության մեջ, բիզնեսում կամ անգամ կենցաղում, իր մեջ բազմաթիվ անորոշություններ է պարունակում, մշուշոտ է, առաձգական եւ, մեծ հաշվով՝ անհասկանալի: Թույլի համար դա կյանքից բողոքելու հիմք է, ուժեղի համար՝ արդարացում է՝ իր նպատակներն իրականացնելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031