Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր երաժիշտ շատ լավ գիտի բեմը թողնելու իր ժամանակը»

Հոկտեմբեր 10,2022 12:30 Share

Հարցազրույց 20-րդ դարի լավագույն դիրիժորների ցանկում տեղ գտած Պավել Կոգանի հետ

– Մաեստրո, թույլ տվեք զրույցը սկսել մի հարցով, որը ձեզ հավանաբար մեկ անգամ չեն ուղղել. աշխարհահռչակ երաժիշտ ծնողների որդի լինելը (ջութակահարներ Լենոիդ Կոգան եւ Ելիզավետա Գիլելս) օգնե՞ց, թե՞ հակառակը, եղե՞լ են պահեր, երբ ձեզ թվացել է, թե նման թիկունքը խանգարում է։

– Չեք պատկերացնում, թե ինչ դժվար է, դժվար, քանի որ քեզնից շատ ավելին են սպասում։ Առավելությունն այն է, որ ես, առանց չափազանցության՝ ամեն օր, ամեն վայրկյան, գտնվել եմ երաժշտության մթնոլորտում, որը ենթագիտակցորեն նույնպես խարիսխ գցեց իմ մեջ։ Բայց, բնականաբար, ամեն ինչ կախված էր ինձնից։ Գլխավորն այն է, որ քեզ գնահատի ունկնդիրը, հանրությունը։ Վերջինս էլ մեկ-մեկ շատ պահանջկոտ ու քմահաճ է։

– Հայտագրի վրա նշված չէ ձեր ծննդյան տարեթիվը, բայց գիտենք, որ ընթացիկ տարին հոբելյանական է ձեզ համար։ Յոթ տասնամյակի բարձունքից կմտաբերե՞ք ձեր առաջին բեմելը։

– Գիտեք, որ ես սկսել եմ որպես ջութակահար։ Դեբյուտս կայացել է 12 տարեկանում, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճի բեմում։

– Կարելի է ենթադրել, որ նույնիսկ ծնված օրվանից ձեր ծնողներն արդեն կանխատեսել էին իրենց զավակի գուցե ոչ նեղ մասնագիտացումը, բայց որ այն պետք է լիներ երաժշտարվեստում, հաստատ էր։

– Ես, իհարկե, ոչ ծնված օրվանից (ժպտում է- Ս. Դ.), բայց մեկ-երկու տարի անց չեմ էլ մտածել այլ բանով զբաղվել, քանի որ դա միանգամայն բնական է իմ դեպքում։ Երբ սկսվեցին կանոնավոր դասերը, որոնք պահանջում էին եւ համառություն, եւ ուշադրություն… դա երբեմն բողոքի զգացում էր առաջացնում։ Ես էլ էի ուզում զբոսնել, խաղալ իմ հասակակիցների հետ։ Այդուհանդերձ գիտակցում էի՝ եթե բռնել ես պրոֆեսիոնալ դառնալու ուղին, դա իսկապես դժոխային աշխատանք է ենթադրում։

– Ձեր խոսքով՝ դժոխային աշխատանքի ընթացքում երբեւէ ցանկություն չառաջացա՞վ թողնել այն, փոխել մասնագիտությունը։

– Դրան չհասավ…

– Ձեր կարիերան սկսեցիք որպես ջութակահար, նույնիսկ հանդես եկաք ծնողների հետ՝ ընտանեկան տրիոյի կազմով։ Կոնսերվատորիայում զուգահեռաբար սկսեցիք ուսումնասիրել ձեր երկրորդ մասնագիտությունը նույնպես, որի արդյունքում՝ տարիներ անց, ջութակը դրեցիք մի կողմ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք ունեցավ դա, հատկապես ձեր ծնողների կողմից։

– Ջութակահա՞ր, թե՞ դիրիժոր. ընտրությունն անմիջապես տեղի չունեցավ։ Տպավորիչ լինելու համար հետեւյալն ասեմ. կարծես արդեն հրաշալի ընտանիք, երեխաներ ունեցող կնոջ ամուսինը, ցավալիորեն, հեռանում է ու հայտնվում այլ ընտանիքում։

– Այսինքն՝ վերջնական որոշում կայացնելը ցավալի է եղել ձեզ համար։

– Այո, ցավալի, դժվար… Երբեւէ չեմ թաքցրել, որ մշտապես երազել եմ դիրիժոր դառնալու մասին, դա ակնհայտ էր մանկուց։ Իսկ երբ արդեն սկսեցի հանդես գալ որպես դիրիժոր, պատկերացնո՞ւմ եք՝ այն ինձ ավելի գրավեց։

– Կներեք, բայց դուք սպառիչ չպատասխանեցիք, թե ինչպես արձագանքեցին ձեր ծնողները։

– Ծնողներս հանդուրժող մարդիկ էին: Խորհուրդներ ամեն վայրկյան էին տալիս, բայց, միեւնույն ժամանակ՝ ոչինչ էլ չէին արգելում։ Երկուսն էլ զգացին դիրիժորության հանդեպ իմ անզուսպ կիրքը, իսկ կիրքն այնպիսի բան է, որ դժվար է խեղդել։

– Ամբողջ մի բուկլետ չի բավականացնի՝ թվարկելու այն նվագախմբերը, որոնք ղեկավարել եք։ Նույնը կարելի է ասել իբրեւ ջութակահարի ձեր կարիերայի մասին, թեեւ այն ավելի կարճատեւ է եղել։ Կուզեինք իմանալ, թե ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա դիրիժորը։

– Դիրիժորը ցանկացած երաժշտական այլ մասնագիտության ներկայացուցչի համեմատ պետք է ունենա բարձրակարգ ու բարձրարվեստ որակների լայն շրջանակ։ Մեկի բացակայությունն արդեն իսկ կխոչընդոտի նրան ստեղծագործական աշխատանքում։ Ավելի պարզ ասեմ. եթե վերցնենք ամենատարրական, հանրությանը հայտնի երաժշտական որակները, օրինակ՝ լսողությունը, հիշողությունը, դա բավարար չէ։ Դիրիժորը մասնագիտություն է, որը նախեւառաջ պետք է միավորի մարդկանց։ Տեսեք՝ ցանկացած երաժիշտ կատարող, ասենք՝ հենց ջութակահարը, հանդես է գալիս գործիքով, որի միջոցով ներկայացնում է հոգում եղածը, գործիքները անշունչ են, կատարողի ձեռքում է գործիքը երգում։ Իսկ դիրիժորը, ըստ էության, ղեկավարում է նվագախմբի մի քանի տասնյակ երաժիշտների հոգիները, միավորում դրանք եւ ուղղորդում դեպի մարդկանց հոգիները։

– Մերօրյա խառնիխուռն աշխարհում, որը լի է բազում խնդիրներով, ձեզ՝ որպես դիրիժորի, առաջնորդի, ի՞նչն է ավելի շատ խանգարում, հուզում։

– Պրոֆեսիոնալի համար ամենավատը, սարսափելին այն է, երբ անտեղյակ, անհասկանալի մարդիկ հայտնվում են քո ոլորտում ու փորձում են կառավարել այն իրենց անհասկանալի գործընթացներով։ Արվեստագետը մեծ հաշվով պետք է միշտ ազատ լինի, ինքնարտահայտման դաշտ ունենա, զարգացման տարբեր պահեր՝ հաջողությունից անհաջողություն, վերելքից վայրէջք։ Կրկնում եմ՝ ամենավատ բանը, երբ արվեստագետին սկսում են ղեկավարել։ Դա արդեն նրանց ստեղծագործական կյանքի մահն է։

Պավել Կոգանն ու Ռոզանե Ֆիլիպենսը երևանյան բեմում

– Մաեստրո, Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այս անգամ ղեկավարեցիք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հնչեցնելով Շումանի երկրորդ սիմֆոնիան, Սիբելիուսի ջութակի կոնցերտը, որի կատարման ժամանակ որպես մենակատար հանդես եկավ Ռոզեն Ֆիլիպենսը, որը մեզ հետ զրույցում ասաց, թե ընթացիկ տարին, ինչպես ձեզ համար, իր համար էլ հոբելյանական է, տարբերությամբ, որ նրա 35-ամյակն է…

– Եթե ճիշտ հասկացա, դուք շեշտում եք, որ ես նրանից կրկնակի տարիքով եմ։ Գուցե ուզում էիք ինձ հարցնել՝ բեմից հեռանալու ժամանակը չէ՞ կամ՝ երբեւէ կհեռանա՞մ (ժպտում է- Ս. Դ.)։ Այնուամենայնիվ, կպատասխանեմ. յուրաքանչյուր երաժիշտ շատ լավ գիտի բեմը թողնելու իր ժամանակը։ Այլ հարց է, թե հեռանալու որոշում կկարողանա՞ ընդունել։ Սա ամենաբարդ որոշումն է, թեեւ պետք է ի վերջո ընդունել։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31