Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացինք Եռաբլուր, որդուս ասացի՝ ահա եւ հայրիկը, էլ մի՛ սպասիր»

Նոյեմբեր 11,2022 12:30 Share

Հերոսի կինը՝ ամուսնու ու ուրիշներին օգնելու մասին

«Արցախն ու Արցախյան պատերազմներն ինձ հետ կապված են արյունով»,- այսպես է սկսում իր խոսքը Նաիրեն` 44-օրյա պատերազմի հերոս Արմեն Գեւորգյանի կինը, մեր զրույցի սկզբում։

«Գիտեի, որ ավարտն այսպիսին է լինելու։ Ես ինքս գիրք էի գրում ամուսնուս՝ Արմենի մասին։ Նա գիտեր, առաջին մասը կարդացել էր, հավանել։ Մի անգամ, երբ քայլում էինք, նորից խոսեցինք գրքի մասին, հարցրի` կուզե՞ս իմանալ, թե ո՞րն է լինելու վերջին նախադասությունը»։

Ու ես ընկա մարտի դաշտում. սա պետք է լիներ Նաիրեի գրած գրքի վերջին տողը։ Չնայած խոսակցությունը տեղի էր ունեցել պատերազմից մեկ տարի առաջ, եւ ինքը չգիտի, թե ինչու էր այդպես որոշել։

«Պատերազմ գնալիս Արմենը մի վայրկյան չի վարանել։ Նա չգնաց որպես փոխգնդապետ, գնաց որպես կամավոր, ասել էին՝ դու շատ ես պետք Հայաստանին, Արմենն ասել էր, որ Արցախին է պետք։ Անսահման սիրում էր որդուն՝ Ավետին, բայց հայրենիքի հանդեպ սերն ավելին էր։ Միշտ ասում էր, եթե տարիներ հետո որդիս հարցնի՝ հայրի՛կ, իսկ դու ինչո՞ւ չգնացիր, ես պատասխան չեմ ունենա, բայց դու, Նաիրե՛, կպատմես նրան, թե ես ինչու գնացի։ Կամավորագրվեց գնաց, երբեք չդժգոհեց ու այդպես Ավետի բազում հարցերն անպատասխան մնացին։ Միայն այս տարվա սեպտեմբերի 1-ին միասին գնացինք Եռաբլուր՝ ասացի, ահա եւ հայրիկը, էլ մի՛ սպասիր»,- պատմում է Նաիրեն։

«Ես Եղեռն տեսած մարդու թոռ եմ,-ասում է Նաիրեն,-եւ պապս միշտ պատմում էր, որ ստիպված է եղել լքել իր տունը, թողնել իր ընտանիքը, շրջել աշխարհով մեկ ու վերադառնալ հայրենիք։ Եվ ես հանդիպեցի մի մարդու, ով Արցախյան պատերազմի մասնակից էր։ Այդքանից հետո ես իրավունք չունեի կոտրվել։ Սակայն պատերազմի ավարտից հետո ինձ թվում էր, որ ես միակն էի, ով կորուստ է ունեցել։ Եվ մի օր ընկերուհիս զանգահարեց, ասաց, որ որոշել է այցելել հերոսների ընտանիքներին եւ խնդրեց, որ իր հետ գնամ։ Գնացի։ Ու ամեն մի հանդիպում իմ ցավը վերստին արթնացնում էր, հասկանում էի՝ եթե ես ունեմ մեկ երեխա, նրանք ունեն երեքը կամ չորսը, ու առհասարակ չգիտեին՝ ինչպես հաղթահարել իրենց վիշտը։ Ես տեսնում էի, որ այդ երեխաները մոտենում են իրենց մորն ու փորձում են իրենք ծնողին հանել այդ վիճակից, բայց չէ՞ որ պետք է հակառակը լիներ։ Շարունակ մտածում էի՝ ի՞նչ անել նրանց օգնելու համար։ Ու որոշեցի»։


Այսպիսով Նաիրեն ստեղծեց «Արեւների տուն» կազմակերպությունը, որի նպատակն էր գտնել այն բոլոր երեխաներին, որոնք պատերազմի ժամանակ կորուստներ էին ունեցել՝ մեկը՝ հայր, մյուսը՝ եղբայր, մյուսը՝ հորեղբայր, եւ աշխատել նրանց հետ։ Ամբողջ Հայաստանից ներգրավեցին 72 երեխա։ Նրանք գալիս են կենտրոն՝ իմանալով, որ իրենց ցավն ընդհանուր է, ու միասին հաղթահարում են այն։ Զբաղվում են արվեստով, թափոնների վերամշակմամբ, ունենում հանդիպումներ տարբեր հեղինակավոր մարդկանց հետ, կազմակերպում միջոցառումներ, երբեմն ուղղակի զրուցում իրենց հայրիկների մասին:


Որոշ ժամանակ անց երեխաներն սկսեցին մասնակցել տարբեր մրցույթների։ Բուլղարիայում կազմակերպված «Իմ ազգի երգն ու պարը» նկարչական մրցույթում հաղթանակ տարան։ Դա դեռեւս սկիզբն էր։


Երբ տեղի ունեցավ ճապոնական «Արիգատու» մրցույթը՝ «Ես ինչպե՞ս եմ հաղթահարելու աղքատությունը երեխաների շրջանում» թեմայով, «Արեւների տան» անդամները որոշեցին ֆինանսապես ոչ ապահով երեխաներին նույնպես ներգրավել իրենց աշխատանքների մեջ։ Միասին բերքահավաք արեցին, մրգերից չիր ու չամիչ ստացան եւ դրանք բաժանեցին հենց այդ ընտանիքներին։ Այդպես նրանք ժամանակի ընթացքում ընկերացան ու դարձան մեկ ընտանիք, ինչպես ասում է Նաիրեն, յուրաքանչյուրը՝ մի արեւ։

Այժմ «Արեւների տունը»՝ Նաիրեի գլխավորությամբ, շարունակում է իր գործունեությունը, կազմակերպում տարատեսակ միջոցառումներ եւ ներգրավում նոր անդամներ։

Լուսինե ԳՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Արմենին ճանաչում էի, չափազանց հայրենասեր, պետությանը նվիրված սպա ու տղա էր: Հավերժ փառք մեր հերոսներին:

Պատասխանել Narek

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930