Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ նշվեց Գիտության համաշխարհային օրը, ինչը եւս մեկ առիթ է` ընդգծելու գիտության կարևոր դերը մարդկության կյանքում: Այս տարի Գիտության համաշխարհային օրվա թեման է՝ «Հիմնարար գիտությունները հանուն կայուն զարգացման»:
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում Երիտասարդ գիտնականների միավորումը կազմակերպել էր գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ՝ բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար:
Որպես երիտասարդ գիտնական` Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը ներկայացրեց Վարդգես Ավագյանը: Նա ստեղծել էր մի սարք, որը լույսի օգնությամբ ձայնի կամ ինֆորմացիայի փոխանցում էր իրականացնում:
Նա ասաց, որ այդ մեթոդով ռազմական գաղտնալսման համակարգերն են աշխատում, ինտերնետային կապի հաղորդում է տեղի ունենում և այլն:
Կարդացեք նաև
Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագետ Մոնիկան նշեց, որ զբաղվում է սննդակարգային հետազոտություններով: Ներկայացված սարքերից առանձնացրեց «Խելացի կշեռքը», որը, փաստորեն, «BORK» հավելվածի միջոցով ցույց է տալիս իր վրա դրված մթերքի քաշին համապատասխան կիլոկալորիաների, ածխաջրերի, ճարպերի քանակը:

Հաջորդը «Ժանգի ձևափոխիչն» էր, այն ամբողջությամբ մաքրում է երկաթի ժանգային մասը և թույլ չի տալիս կրկին ժանգոտվել` անգամ տարիներ հետո:


«Այստեղ ժամանակը անկասելի առաջ է շարժվում, և մեզանից յուրաքանչյուրը այս ընթացքում կհասցնի անել իր բաժին բարի գործը ու, քանի որ մենք կոչված ենք ծառայելու կրթությանը, գիտությանը` փորձում ենք մեր ներդնումն ունենալ և գիտության քարտեզում նշմարել մեր անունը: Այստեղ «նշմարել անունը» միայն մեր անուն ազգանունով չի որոշվում, այլ այն հաստատության,ո րը ավարտել ենք»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:
Նատալի ՄԻՆԱՍՅԱՆ


















































