ԲԴԽ նախկին նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան
Ռուբեն Վարդազարյանի դիմումը Սահմանադրական դատարան էր մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 12-ին: Այս տարվա փետրվարի 24-ին վերջապես հարկ համարեցին հրապարակել որոշումը: Նա խնդրել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը եւ դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված կարգի 93-րդ կետը, ինչպես նաեւ Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր։
Այս գործով պատասխանողներն էին Բարձրագույն դատական խորհուրդն ու Ազգային ժողովը:
Հիշեցնեմ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախումբը 2022 թվականի մայիսի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել միջնորդություն՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարվել է. որոշվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնել՝ էական կարգապահական խախտման հիմքով: Բարձրագույն դատական խորհրդին դիմել էր Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը՝ կարգապահական վարույթի քննությունը հետաձգելու միջնորդությամբ: Ըստ դիմողի՝ Բարձրագույն դատական խորհուրդը, վերլուծելով վիճարկվող դրույթները, եզրակացրել է, որ եթե կարգապահական վարույթն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նկատմամբ, որը «պրոֆեսիոնալ իրավաբան» է, ապա փաստաբանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալն այլեւս իրավունք չէ, այլ զուտ օժանդակ միջոց, քանի որ ենթադրվում է, որ պրոֆեսիոնալ իրավաբանն ինքնուրույն կարող է կատարել դատավարական գործողություններ»: Այսինքն, ըստ էության, գործ ունենք իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի դեմ ակնհայտ միջամտության, ԲԴԽ-ն վիճարկվող դրույթներին հաղորդել է հակասահմանադրական բովանդակություն, դրանք կիրառել է դիմողի նկատմամբ, խախտելով, որ յուրաքանչյուր անձ սահմանադրությամբ երաշխավորված ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
Կարդացեք նաև
Դիմող Վարդազարյանը նշել էր՝ միեւնույն է, փաստաբանի վստահորդ «պրոֆեսիոնալ իրավաբանը» պարտավոր է անձամբ կատարել այդ դատավարական գործողությունները կամ միանալ միջնորդությանը: Դիմողի եզրահանգմամբ՝ «այն, որ անձը, լիազորագիր տալով փաստաբանին, պետք է հավելյալ «միանա» վերջինիս միջնորդությանը, ակնհայտ հակասահմանադրական է եւ չի բխում ոչ օրենսդրի, ոչ սահմանադրի կամքից»:
ԲԴԽ-ն եւ Ազգային ժողովը խնդրել էին վարույթը կարճել կամ ընդունել վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում:
Ըստ Սահմանադրական դատարանի. «Անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը եւ փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված եւ Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաեւ՝ բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել եւ ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Դիմումով չի հիմնավորվել, թե ո՞րն է Աշխատակարգի 93-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, իրավակիրառի մեկնաբանությունն ինչպե՞ս է ազդել դիմողի` իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքի վրա, եւ Աշխատակարգի 93-րդ կետով սահմանված իրավակարգավորումը (հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) ինչպե՞ս է հանգեցրել դիմողի՝ իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքի խախտման: Չի փաստել, որ Աշխատակարգի՝ Սահմանադրությանը ենթադրյալ հակասության հետեւանքով խախտվում են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքները եւ ազատությունները, ուստի` դիմումը՝ Աշխատակարգի 93-րդ կետի մասով, ակնհայտ անհիմն է, ինչը սույն գործի վարույթն այս մասով կարճելու հիմք է»: Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին եւ դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաեւ Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին՝ հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն, ՍԴ-ն արձանագրել էր. «Դիմումում ներկայացվող դիրքորոշումները վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման, մասնավորապես, այդ որոշման մեջ տեղ գտած՝ գործի քննությունը հետաձգելու միջնորդության վերաբերյալ պատճառաբանությունների օրինականության եւ ԲԴԽ կողմից դիմողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակում ԲԴԽ գործողությունների իրավաչափության վիճարկմանը… կոնկրետ փաստական հանգամանքներին, ԲԴԽ դատողություններին, գնահատականներին, որոնք ՍԴ-ում քննության եւ գնահատման առարկա չեն կարող դառնալ»: Այսինքն, այն դուրս է ՍԴ իրավասությունից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.03.2023


















































