Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ստանալ թուրանական միջանցքը

Մայիս 05,2023 09:00 Share

Հոդվածաշարի առաջին մասը, երկրորդ մասը, երրորդ մասը

«Թուրանական միջանցքների» մասին խոսելիս, Հայաստանում վեր է հառնում նոր պատերազմի պատկերը, եւ մենք, որ տառապում ենք բանակի եւ, ընդհանրապես, անվտանգության համակարգի, բացակայությունից, ու դեռ խելքի չենք եկել 44-օրյա պատերազմից, հայտնվում ենք կաթվածահար վիճակում։ Այս պայմաններում ակամա մնում է համաձայնել Նիկոլի «Խաղաղության օրակարգի» հետ եւ միջանցքի հետ կապված փորձել ինչ-ինչ օգուտների մասին հեքիաթներ հորինել: Ընդ որում, միջանցքի հետ կապված կոնսենսուս կա ինչպես Հայաստանում ազդեցություն ունեցող արտաքին քաղաքական դերակատարների՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի (տես՝ այստեղ), այնպես էլ ներքաղաքական ուժերի՝ իշխանության, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եւ նոմենկլատուրային ընդդիմության միջեւ, որը երբեք չի հակառակվում Ռուսաստանի ցանկություններին։ Իսկ «Թուրանական միջանցքների» ծպտյալ կողմնակիցները օգտագործում են «Ճանապարհ» տերմինը, դրանով փորձելով նվազեցնել սպառնալիքները եւ ցույց տալով, թե ոչինչ էլ չի պատահել, մինչդեռ իրականում այդ միջանցքով Հայաստանը կորցնում է Սյունիքի նկատմամբ իր վերահսկողությունը։

Բնական հարց է առաջանում․ այդ դեպքում, քանի դեռ Հայաստանը գտնվում է կառավարման եւ անվտանգային կոլապսի մեջ, ինչո՞ւ շուտ չի սկսվում եւ ավարտվում միջանցքի համար պատերազմը, Հայաստանը չի զրկվում իր տարածքի մի մասի նկատմամբ ինքնիշխան իրավունքներից եւ չի ավարտին չի հասցվում Արեւելյան եւ Արեւմտյան Թուրանների միացումը։ Արտահայտվել է նաեւ կարծիք, որ «Սյունյաց միջանցքի» ստեղծման համար նոր պատերազմը անհնար է («Նոր պատերազմով միջանցք բացել չեն կարող»․ Դավիթ Շահնազարյան»):

Կան մի շարք կարեւոր գործոններ, որոնք խոչընդոտում են պատերազմի միջոցով «Թուրանական միջանցքների» բացմանը։ Նախեւառաջ, ակնհայտ է, որ այստեղ անմիջական գործող անձինք լինելու են ադրբեջանական զինվորականները։ Թուրքիան եւ Ռուսաստանն, իհարկե, քաղաքական, դիվանագիտական եւ լոգիստիկ օժանդակություն ցույց կտան, բայց առաջնագծում, անմիջական կատարողները լինելու է Բաքուն։ Մինչդեռ, Ադրբեջանը դեռեւս ամբողջովին չի մարսել 44-օրյա պատերազմի հետեւանքները թե ներսում, թե դրսում։ Այդ պատճառով էլ նրան դժվար կլինի կրկին մղել լայնամասշտաբ պատերազմի։

Շատ կարեւոր հանգամանք է այն, որ «միջանցքների» բացման համար ենթադրյալ պատերազմն ընթանալու է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա արդեն ոչ թե Արցախի նման «վիճելի» տարածքներ են, ոչ սահմանային գոտուց հողեր կռճել, որն իրականացվում է «դեմարկացիայի ու դելիմիտացիայի» դրոշի տակ՝ պարզապես ռուս խաղաղապահներին ադրբեջանցիները «բացատրում էին», որ սրանք իրենց տարածքներն են, ռուսներն էլ ետ էին գնում։

«Թուրանական միջանցքը» չի կարելի ընկալել որպես լոկալ խնդիր, մեր, Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ։ Իրականում իր աշխարհաքաղաքական նշանակությամբ այն կարելի է անգամ համարել Սուեզի միջանցքի ցամաքային տարբերակի նման մի բան, եւ համաշխարհային հանրությունը չի կարող թույլ տալ, որ երկրորդ կարգի գերտերությունները՝ Թուրքիան ու Ռուսաստանն այն տնօրինեն իրենց սեփական հայեցողությամբ։ Մենք սովորել ենք հայհոյել միջազգային հանրությանը, սակայն Հայաստանի նկատմամբ նման ագրեսիան այդ նույն միջազգային հանրությունը երբեք թույլ չի տա։ Ավելին, անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ծավալուն հարձակումը Սոթքի եւ Ջերմուկի նկատմամբ (որը ոմանց կարծիքով կարող էր զարգանալ մինչեւ «միջանցքի» նվաճում) կասեցվեց առաջին հերթին հենց Վաշինգթոնի միջամտությամբ։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Արեւմուտքը ոչ միայն գտել է Ալիեւի (միգուցե նաեւ՝ Էրդողանի) վրա ազդելու գործուն լծակներ։ Նաեւ՝ որ Արեւմուտքը, ով անպատրաստ էր 2020թ․ ադրբեջանական հարձակմանը եւ շփոթված էր էֆեկտիվ արձագանքելու համար, այժմ շատ ուշադիր է հետեւում մեր տարածաշրջանի զարգացումներին։ Հակամարտության գոտի ԵՄ դիտորդներ ուղարկելը հենց տարածաշրջանում Արեւմուտքի հետաքրքրությունը եւ ներկայությունը նշելու միջոց է, նաեւ՝ անհրաժեշտության դեպքում միջամտելու պատրաստակամության։

Շատ կարեւոր է նշել նաեւ Իրանի գործոնը այս պատերազմը զսպելու գործում։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ չի թույլ տա իր սահմանների մոտ փոփոխություններ։ Իհարկե, նա սա հայտարարում է առաջին հերթին հենց «Թուրանական միջանցքի» առիթով, եւ հայտարարում է ոչ թե հայերի սիրուն աչքերի, այլ հենց Թեհրանի անվտանգության տեսանկյունից, քանի որ միջանցքի կառուցմամբ Իրանը հյուսիսից կհայտնվի ամբողջական շրջափակման վտանգի տակ։ Ճիշտ է, ներկայումս Ադրբեջանն ու Իրանը գտնվում են կիսապատերազմական վիճակում, սակայն Թեհրանը հիմա հանդիսանում է Մոսկվայի հազվագյուտ ռազմական գործընկերներից, եւ Կրեմլի համար դժվար կլինի այս ռազմավարական հարցում ընդդիմանալ Իրանին։

«Սյունյաց միջանցքի» կառուցման ոչ միայն ամենահավանական, այլեւ միակ եղանակը մնում է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը, անգամ՝ հրավերը, որպեսզի Հայաստանի սուվերեն տարածք մտնեն միջանցքի անվտանգությունն ու գործունեությունն ապահովող ռուսական ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները (համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության), ինչից հետո՝ թուրք շինարարները, ավելի ուշ՝ ադրբեջանական նավթատարներն ու բեռնատարները։

Հրավերն այս անգամ ուշանում է։ Զավեշտ կլիներ ենթադրելը, թե Նիկոլը դիմադրում է իր տերերին Հայաստանի շահերի եւ անվտանգության խնդիրներից ելնելով։ Իրականում, նա հասկանում է, որ Հայաստանի տարածքի ստրատեգիական մասը թուրք-ռուսական տանդեմին հանձնելը լինելու է իր վերջին չարագործությունը, եւ դրանից հետո այլեւս նրա ծառայություններից օգտվելու կարիք չի լինի, Նիկոլին պարզապես կհանձնեն հայ ժողովրդի դատին, իսկ նրա փոխարեն Հայաստանում կնշանակեն ուրիշ ղեկավար։ Նիկոլի համար ցավալի լուրն այն է, որ նրան կհանեն նաեւ այն դեպքում, եթե հրաժարվի տերերի հրամանը կատարելուց։

Այնպես, որ նրա ընտրությունը շատ մեծ չէ, ավելի շուտ՝ բացակայում է։ Չնայած լուրջ ճնշումներին, Նիկոլին մնում է միայն հարցը ձգձգելու տարբերակը՝ տեսնելու, թե ով շուտ կմեռնի՝ էշը, թե էշատերը։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031