Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելի եւ Հայաստանի նպատակները համընկնում են. թույլ չտալ «Համասի» եւ Ադրբեջանի հանցավոր ռեժիմների զինումը եւ հզորացումը»

Նոյեմբեր 11,2023 14:00 Share

«Իսրայելի բազմաթիվ ազնիվ եւ պատվարժան հրեաներ, որոնց թվում` ակադեմիկոսներ, հրեա քահանաներ, պատմաբաններ, արցախյան պատերազմի եւ հատկապես շրջափակման ժամանակ իրենց ձայնն են բարձրացրել եւ բաց նամակներ գրել Իսրայելի կառավարությանը՝ ի պաշտպանություն արդարության». «Առավոտի» զրուցակիցն է Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ Մարինա Կոզլիները:

– Ձեր բնութագրմամբ, ի՞նչ իրավիճակ է հիմա Իսրայելում, մարդիկ ինչպե՞ս են կարողանում դիմակայել արդեն օրեր տեւող պատերազմին, տրամադրություններն ինչպիսի՞ք են, դիմակայության ռեսո՞ւրսը որքան է:

– Պատերազմն Իսրայելում սկսվել է հոկտեմբերի 7-ին, շատ անսպասելի. լուսադեմին հազարավոր զինված ահաբեկիչներ Գազայից ճեղքել են Իսրայելի հարեւան կիբուցների միջեւ կառուցված պատնեշը եւ ներխուժել բնակավայրեր` սպանելով կանանց, երեխաներին, կտրելով մարդկանց գլուխները, անարգելով հղի կանանց: Այդպիսի վայրագություններ հրեաները Հոլոքոստից ի վեր չէին տեսել: Իսրայելի գործողությունները մի նպատակ են հետապնդում. խաղաղություն հաստատել երկրում: Նույնը Իսրայելը ցանկանում է Գազայի ժողովրդի համար, որին «Համասն» օգտագործում է՝ որպես կենդանի վահան: Մենք, ինչպես եւ Իսրայելի ամբողջ ժողովուրդը, ըմբռնումով եւ համբերությամբ ենք տանում այս օրերի դժվարությունները, թեեւ ամբողջ երկիրն ամեն օր ռմբակոծվում է Գազայի, իսկ վերջերս նաեւ Լիբանանի հարավային սահմաններից` «Հզբոլլահի» կողմից:

– Տեղեկություններ ունե՞ք Իսրայելում բնակվող հայերի մասին. որքա՞ն հայ կար Իսրայելում բնակվող, որքա՞նն են մնացել, ի՞նչ վիճակում են:

– Իսրայելում, տարբեր հաշվարկներով, բնակվում է վեցից տասը հազար հայ, որոնց կարելի է բաժանել 3 խմբի` ըստ ծագման երկրների: Ամենահին համայնքը Երուսաղեմի հայերն են, որոնք այստեղ հաստատվել են դեռեւս մեր թվարկության 4-րդ դարից, երբ հայերը պաշտոնապես ընդունեցին քրիստոնեությունը, որպես պետական կրոն: Այսօր նրանք բնակվում են հին Երուսաղեմի Հայկական թաղամասում: Նրանց թիվը մոտ մեկուկես հազար է: Երկրորդ խումբը` 1915թ.-ի, Եղեռնից փախած հայերն են, որոնք սիրիական անապատներով հասել են Իսրայելի հյուսիս եւ բնակություն հաստատել Հայֆայում, Ակկոյում, Ատլիտում, իսկ հետագայում նաեւ Յաֆֆոյում: Եվ, վերջապես, երրորդ խումբը` սովետական միության փլուզումից հետո հայրենադարձված հայ-հրեական խառը ընտանիքներն են: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ տրամադրեց` Իսրայելում բնակվող Հայաստանի քաղաքացիներին, Հայաստան տեղափոխելու համար, որով մոտ 170 մարդ` հիմնականում կանայք եւ երեխաներ, էվակուացվեցին Հայաստան:

– Իսկ Պաղեստինում բնակվող հայերի մասին կա՞ն տեղեկություններ:

– Մենք տեղեկություն չունենք Գազայում բնակվող հայերի մասին:

– Թեեւ պատերազմը սկսվեց «Համասի» հարձակման արդյունքում, սակայն պաղեստինա-իսրայելական պատերազմին միջազգային հանրության վերաբերմունքը միանշանակ չէ. նկատի ունեմ, որ թեեւ դատապարտվում է «Համասի» հարձակումը, բայց նաեւ Իսրայելի հակահարձակումներն ու գործողությունները, որոնք երբեմն բավականին դաժան են եւ ուղղված խաղաղ բնակչության դեմ, նույնպես չի ողջունվում: Հետաքրքիր է, տեղի հայ համայնքն ի՞նչ դիրքորոշում ունի այս ամենի վերաբերյալ:

– Կարծում եմ, պետք է պարզաբանել, թե որն է Պաղեստինը, եւ որը Գազան:

1948-ից մինչեւ 1967թ. Գազայի հատվածը գտնվում էր Եգիպտոսի վերահսկողության տակ: Վեցօրյա պատերազմից հետո 1967-ից մինչեւ 2005թ. Գազան վերահսկվում էր Իսրայելի կողմից: 2005-ի օգոստոսին, այսպես կոչված, «Միակողմանի սահմանազատման պլանի» համաձայն՝ Իսրայելն իր զորքերը հանեց Գազայի հատվածից եւ վերացրեց հրեաների բնակավայրերն այդ տարածքում: 2007թ. հուլիսին «Համաս» իսլամիստական կազմակերպությունը հեղաշրջում իրականացրեց եւ զավթեց Գազան:

Գոյություն ունի նաեւ պաղեստինցիներով բնակեցված` Հորդանան գետի Արեւմտյան ափի տարածքը՝ Բեթղեհեմ, Ռամալլահ, Հիերիխոն եւ այլ քաղաքներով, որտեղ տիրում է Պաղեստինի ազգային ադմինիստրացիան` ՖԱԹԽ-ը՝ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ: Այսօր այնտեղ պատերազմ չկա: Իսրայելը նպատակ չունի պատերազմելու Հորդանանի արեւմտյան ափում: Պատերազմը տեղի է ունենում միայն «Համաս»  ահաբեկչական կազմակերպության դեմ` Գազայի հատվածում:

Իսրայելի հայ բնակչությունը միշտ անվերապահորեն եղել է ահաբեկչության, մասնավորապես՝ «Համասի»  եւ ԻԼԻՊ-ի գործողությունների դեմ: Պետք է նշել, որ Իսրայելում բնակվող հայերը, որոնցից շատերը մի քանի տասնյակ տարի ապրում եւ աշխատում են Իսրայելում, շատերի երեխաները ծառայում են Իսրայելի պաշտպանության բանակում, նրանց զգալի մասը մտավորականներ են: Նրանք դասավանդում են համալսարաններում, աշխատում են բարձր տեխնոլոգիական ոլորտում, առաջատար մասնագետներ են: Կան նաեւ արվեստի բնագավառի ճանաչված հայեր: Ընդհանուր առմամբ, հայերն ակտիվ գործունեություն են ծավալում հանրային կյանքում: Օրինակ, վերջերս Հայֆայի հայերը հասան նրան, որ քաղաքային խորհուրդը պաշտոնապես ընդունեց հայերի ցեղասպանության փաստը եւ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչեց ի հիշատակ այդ ողբերգական իրադարձության: Մինչեւ այդ մեկ այլ քաղաք` Պետախ Տիկվան առաջինն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Պետք է նշեմ, որ Պետախ Տիկվայի հայկական համայնքը, ինչպես նաեւ «Նոյյան Տապան» հայկական մշակութային կենտրոնը՝ Դավիթ Գալֆայանի գլխավորությամբ, շատ ակտիվ աշխատանք են տանում, որի արդյունքը եղավ վերջերս քաղաքի կենտրոնական վայրերից մեկում տեղադրված` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը:

Ինչ վերաբերում է արտասահմանյան մամուլում հնչող այն մտքին, որ Իսրայելն անհամաչափ է պատասխանում ահաբեկիչների գործողություններին, պետք է պարզաբանել հետեւյալը: Գազան ղեկավարվում է «Համաս» ահաբեկչական կազմակերպության կողմից, որը ահ ու սարսափի մեջ է պահում բնակչությանը եւ օգտագործում է նրանց, որպես կենդանի վահան` իր ռազմական օբյեկտները տեղակայելով դպրոցների, հիվանդանոցների, նույնիսկ մզկիթների նկուղներում: Դժբախտաբար, իրավիճակը բարդ է: Մի կողմից Իսրայելը չի ցանկանում վնասել խաղաղ բնակչությանը, եւ ռմբակոծելուց առաջ թռուցիկների եւ այլ միջոցներով զգուշացնում է բնակչությանը, որպեսզի նրանք տեղափոխվեն անվտանգ վայր: Մյուս կողմից էլ, դպրոցների, հիվանդանոցների եւ բնակելի շենքերի տակ «Համասը» կառուցել է մի ամբողջ ստորգետնյա քաղաք, որտեղից կառավարվում եւ իրականացվում է ահաբեկչությունը: Ասեմ ավելին, «Համասի»  ահաբեկիչները հաճախ թույլ չեն տալիս բնակիչներին տեղափոխվել անվտանգ հարավային շրջաններ: Նրանք սպառնում են զենքով եւ նույնիսկ կրակում մարդկանց վրա, որպեսզի պահեն իրենց կենդանի վահանը: Մի քանի օր առաջ Գազայի հարյուր հազարավոր բնակիչներ բարձրացրել էին սպիտակ դրոշներ, եւ իսրայելական բանակի զինվորները նրանց ուղեկցել էին «Համասի» ահաբեկիչներից հեռու անվտանգ վայր, որտեղ ռազմական գործողություններ չկան: Գազայի եւ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆիյահ անցակետով ամեն օր Գազա է մտնում մոտ երեք հազար տոննա պարեն, 1700 տոննա դեղորայք, մեկուկես միլիոն տոննա ջուր, 600 տոննա սարքավորումներ ժամանակավոր կացարանների համար:

– «Որտե՞ղ էին Պաղեստինի եւ Գազայի սահմանները 1947 թվականին, որտե՞ղ են դրանք հիմա, Իսրայել, դուք օկուպանտ եք, խումբ, ոչ թե պետություն, թուրք ազգը դա գիտի, եթե Արեւմուտքը ձեզ ինչ-որ բան է պարտական, ապա մենք պարտական չենք: Երբ ես ասացի, որ «Համաս»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, դա անհանգստություն առաջացրեց Իսրայելում: Մենք գիտեինք, թե ինչ արձագանք կլինի, մենք բացահայտ եւ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը». սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի տեսակետն է այն Իսրայելի մասին, որը 44-օրյա պատերազմում եղել է ադրբեջանա-թուրքական տանդեմին զենքի գլխավոր մատակարարն՝ ընդդեմ Հայաստանի եւ Արցախի: Իսկ 2020-ի պատերազմից հետո, նույն Էրդողանը խոսում էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Հայաստանի դիրքավորումն այս համատեքստում տեսնո՞ւմ եք, ինչպիսի՞ն պետք է այն լինի:

– Կարեւոր է նշել, որ Էրդողանի վերջերս արած հայտարարությունը վրդովեցրեց թե Իսրայելի պետական այրերին եւ թե բնակչությանը: Իսրայելի խոշոր առեւտրային ցանցերը հոկտեմբերի 30-ին հայտարարեցին, որ դադարեցնում են գյուղմթերքի ներկրումը Թուրքիայից: Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը հոկտեմբերի 28-ին հանձնարարեց հետ կանչել Իսրայելի դիվանագետներին Թուրքիայից: Էրդողանի ոչ ադեկվատ արտահայտություններից հետո լսվում են տարբեր առաջարկություններ: Օրինակ, Հայֆայի քաղխորհրդի պատգամավոր Նիր Շուբերը հորդորում է վերականգնել պատմական արդարությունը եւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ընդունման հարցը: Ասեմ նաեւ, որ Իսրայելում գործում են հասարակական կազմակերպություններ, դրանցից մեկը` «Յանշուֆը», որոնց  նպատակն է՝ օրենքով արգելել զենք վաճառել արյունարբու ռեժիմներին, ինչպիսին է, մասնավորապես, Ադրբեջանը: Իսրայելի բազմաթիվ ազնիվ եւ պատվարժան հրեաներ, որոնց թվում` ակադեմիկոսներ, հրեա քահանաներ, պատմաբաններ, արցախյան պատերազմի եւ հատկապես շրջափակման ժամանակ իրենց ձայնն են բարձրացրել եւ բաց նամակներ գրել Իսրայելի կառավարությանը՝ ի պաշտպանություն արդարության: Տեսնելով «Համասի»  ահաբեկչական մեթոդները, ակամայից համեմատում ես Ադրբեջանի բանակի կողմից վերջին պատերազմների ժամանակ կիրառվող մեթոդների հետ. նույն վայրագությունները խաղաղ բնակիչների նկատմամբ, կոտորածները, գազանությունները եւ դրանց հրապարակումը սոցցանցերում: Այս հարցում Իսրայելի եւ Հայաստանի նպատակները համընկնում են. կանխել մարդկության դեմ հանցագործությունները, թույլ չտալ «Համասի»  եւ Ադրբեջանի հանցավոր ռեժիմների զինումը եւ հզորացումը:

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930