Երեխաների ինտենսիվ աճի ընթացքում հաճախ են հանդիպում, այսպես կոչված, «աճի ցավերը», որոնք, որպես կանոն, առաջանում են ոտքերի կամ ծնկահոդերի շրջանում: Այդ ցավերի պատճառն այն է, որ մկաններն ու կապանները չեն հասցնում հարմարվել երեխայի ոսկրերի ակտիվ աճին:
Նմանատիպ խնդիր է նաև Սեվերի հիվանդությունը, որը 8-14 տարեկան երեխաների շրջանում կրունկի ցավի առաջացման հիմնական պատճառներից մեկն է։ Ցավն ուժեղանում է ինտենսիվորեն մարզվելիս կամ այն գործողությունների ժամանակ, որոնք ճնշում են ենթադրում կրունկի աճի հատվածների՝ ոսկրերի միջև գտնվող աճառների վրա։ Ժամանակի ընթացքում այդ հատվածներն ամրանում են, և խնդիրը վերանում է, քանի որ Սեվերի հիվանդությունը, որը նաև ընդունված է կոչել կրնկային ապոֆիզիտ, ավելի շատ վնասվածք է, քան հիվանդություն, և երկարաժամկետ հետևանքներ չի ունենում երեխայի օրգանիզմի վրա։
Ի տարբերություն աքիլլեսյան ջլի տենդինիտի, որը ջլի գրգռում է ենթադրում, Սեվերի հիվանդությունը կրնկոսկրի գրգռման հետևանք է, և հանդիպում է միայն երեխաների ու դեռահասների մոտ։
Հիվանդությունը կոչվել է դոկտոր Ջեյմս Ուորեն Սեվերի անունով, որն էլ 1912 թ․-ին առաջին անգամ նկարագրել է այն։
Կարդացեք նաև
Խնդիրն առավել տարածված է տղա երեխաների մոտ, քան աղջիկների, ընդ որում, ռիսկի խմբում են գտնվում այն երեխաները, որոնք զբաղվում են այնպիսի մարզաձևերով, ինչպիսիք են մարմնամարզությունը, բասկետբոլն ու վոլեյբոլը, ինչպես նաև ակտիվ երեխաները, որոնք հաճախ են վազվզում ու թռչկոտում։ Խնդրի զարգացման պատճառ կարող են դառնալ ավելորդ քաշը, անգամ անհարմար կոշիկները։
Ինչպես նշվեց, Սեվերի հիվանդությունը երեխաների շրջանում զարգանում է ակտիվ աճի ժամանակ, երբ ջլերը, մկանները, աճառներն ու ոսկրերը շատ արագ են աճում, և այդ ընթացքում դրանք խոցելի են վնասվածքների նկատմամբ։
Վազքը, թռչկոտելը ծանրաբեռնվածություն են ստեղծում աքիլլեսյան ջլի վրա, որը կրնկոսկրը միացնում է ձկնամկանին։ Կրկնվող գործողությունների արդյունքում աճի այն հատվածում, որտեղ ջիլը միանում է կրնկոսկրին, այտուց ու ցավ է առաջանում։ Ժամանակի ընթացքում այդ հատվածը կոշտանում է՝ դառնալով ավելի դիմացկուն։
Սեվերի հիվանդության ախտանշանները
Ամենաբնորոշ ախտանշանը կրունկի ետնամասում առաջացող ցավն է։ Ցավի պատճառով երեխան կարող է թաթերի վրա քայլել կամ կաղալ։ Ցավը կարող է առաջանալ 1 կամ 2 կրունկներում էլ։ Բնորոշ է, որ ցավն ավելի զգալի է դառնում ֆիզիկական ակտիվության ժամանակ ու նվազում է հանգստի դեպքում։
Կարող է առաջանալ նաև կրունկների այտուց ու կարմրություն։
Սեվերի հիվանդությունն ախտորոշվում է բժշկական զննությամբ, սակայն պատկերային հետազոտությունների (ռենտգեն, ՄՌՏ) կարիք կարող է առաջանալ այլ խնդիրները, օրինակ՝ կոտրվածքները բացառելու համար։
Հիվանդության ախտանշանները, սովորաբար, թեթևանում են տնային բուժման արդյունքում, սակայն խնդրի վերացման համար կարող է մի քանի ամիս պահանջվել։
Բուժման մեթոդները ներառում են հանգիստը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, որոնք ցավազրկող ազդեցություն են գործում, թեթևացնում են այտուցը։ Օգնում են նաև սառը թրջոցները, որոնք պետք է պրվա մեջ մի քանի անգամ դնել ցավող հատվածների վրա՝ 4-5 օր շարունակ։
Խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի կոշիկներ ու հողաթափեր, որոնք ամուր են պահում կրունկները։ Ըստ անհրաժեշտության կարող է որոշ ժամանակ բեկակալ (շինա) կրելու անհրաժեշտություն առաջանալ։
Բժիշկը կարող է ձգող որոշ վարժություններ խորհուրդ տալ, որոնք ամրացնում են մկաններն ու աքիլլեսյան ջիլը։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք ծառայել ախտորոշման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Cleveland Clinic

















































