Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքի «քամիներից» քշվածները

Հոկտեմբեր 10,2024 12:00 Share

Մոսկվան Երեւանի համար շարունակո՞ւմ է պահպանել միջնորդի իր ունեցած կարգավիճակը, թե՞ ոչ

ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը փորձում են «սողոսկել» Հարավային Կովկաս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի միջոցով, օրերս հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ արեւմտյան երկրներ փորձում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներին կցվել։ Մենք կարծում ենք, որ ողջ սեւագիր աշխատանքները կատարվել են Մոսկվայում, եւ այժմ արեւմուտքցիները պարզապես ցանկանում են սողոսկել բանակցային գործընթաց եւ այդկերպ սողոսկել տարածաշրջանային հարցերի մեջ ու բուն տարածաշրջան», – ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Ուշակովը պնդել է՝ բանակցող կողմերից ոչ բոլորն են ողջունում Արեւմուտքի դերը: «Մեղմ ասած, նույնիսկ երկկողմ բանակցությունների (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ) ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Արեւմուտքի այս դերը եւ բանակցային գործընթացին խառնվելու այս փորձերը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ առանց հստակեցնելու՝ Երեւա՞նը, թե՞ Բաքուն է դեմ Արեւմուտքի դերակատարությանը:

Ապա Ուշակովը հիշատակել է Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության թեման: Ըստ նրա` Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ  ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը: «Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունն ընդլայնվում է։  Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։ Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,- ասել է Ուշակովը։

Բաքվի տեսակետներն ու դիրքորոշումները սպասարկող, Ալիեւի պահանջները պաշտպանող ռուսական իշխանությունների համառությունն ուղղակի նախանձելի է: Իրականում, Հայաստանի ապագայի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի ունեցած պատկերացումներն այլեւս հնարավոր չէ թաքցնել: Այս փաստը, իրավիճակի ամբողջ բարդության հետ հանդերձ, իսկապես դրական է:

Թե ովքեր են Հայաստանից «միջանցք» պահանջում, ինչ պայմաններում եւ ինչպես` արդեն այս հարցերի պատասխանը թաքցնել հնարավոր չէ: Մնում է հասկանալ, թե Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջապես` իշխանությունից մինչեւ ընդդիմություն, իրապես ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ:

Եվ այստեղ պարզապես հայտարարություններն այնքան էլ էական չեն, որքան քայլերն ու գործողությունները, որոնց քաղաքական ուժերը դիմել են մինչ այժմ ու դիմելու են հետագայում:

Իսկ Մոսկվան շարունակում է պնդել՝ Արեւմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։ «Մենք տեսնում ենք հավաքական Արեւմուտքի՝ հենց ՆԱՏՕ-ի բլոկի երկրների կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկությունը, իսկ դրանից առաջ էլ՝ այդ պղտոր ջուրը խառնելը։ Այս փորձերն առաջին անգամ չեն տեղի ունենում», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առանց հստակ անուններ հնչեցնելու։ Նա հավելել է՝ «պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն ընդհանուր ապակայունացումը, որն արդեն տեսանելի է աշխարհի տարբեր կետերում, չտարածվի մեր ընդհանուր տարածաշրջանում»։

Դեռ օգոստոսի վերջին պաշտոնական Երեւանը կոչ արեց Մոսկվային՝ սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության ջանքերը։ Երեւանը կասկածի տակ էր դրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը:

Հետեւաբար հարցը շատ հստակ է. Մոսկվան Երեւանի համար շարունակո՞ւմ է պահպանել միջնորդի իր ունեցած կարգավիճակը, թե՞ ոչ: Պուտինի մշակած եւ նրա հետ ստորագրած 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մնո՞ւմ է ելակետային ՀՀ իշխանությունների համար:

Դատելով Նիկոլ Փաշինյանի ելույթներից` այդ փաստաթուղթը գոնե նրա համար գոյություն ունի, քանի որ նա պարբերաբար հիշեցնում է դրա մասին,  լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնում այդ փաստաթղթի չարաբաստիկ` 9-րդ կետի վերաբերյալ:

Իսկ Արեւմուտքից Հայաստանը ստանո՞ւմ է ազդակներ, որոնք հիմք ընդունելով հնարավոր է ամրապնդել մեր երկրի դիրքորոշումներն ու ավելի նախաձեռնողական քաղաքականություն տանել: Այստեղ իրապես Հայաստանը դեռ ունի հնարավորություններ, որոնցից այնքան էլ չի օգտվում:

Վերջին թարմ իրադարձությունը Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում ընդունված «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձեւն» էր, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն հայտնեցին Հայաստանին եւ խաղաղության գործընթացին:

Բանաձեւում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել էին 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում եւ միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաեւ խրախուսել էին` «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա»: Ընդգծվել էր` ուժի կիրառման անընդունելիությունը եւ կոչ էր արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից եւ ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին:

Բանաձեւով շեշտվել էր նաեւ Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) կարեւորությունը եւ սահմանամերձ տարածքներում կայունության գործում առաքելության ներդրումը, կարեւորվել էր Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ անհայտ կորածների խնդիրների լուծումը։ Ինչպես նաեւ, վերահաստատել էին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը եւ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը, փոխանցել էր Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

«Ֆրանսիայում` մենք բոլորս կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», իր հերթին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում:

Ջղաձգության հերթական դրսեւորման առիթը դարձավ Բաքվի համար Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընդունած բանաձեւը:

Առհասարակ, Բաքուն մտել է Ֆրանսիային եւ արդեն` ԱՄՆ-ին հրապարակային քննադատելու իր դերի մեջ, ինչը վկայում է այն մասին, թե ինչ աստիճանի վախերի մեջ է իրականում ալիեւյան ռեժիմը եւ իրականում ինչ պլաններ ունի` Հայաստանի մասով: Այստեղ «խաղաղասիրության» որեւէ նշույլ դժվար է նկատել:

Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե «խորապես ցավալի է, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ եւ հովանավորությամբ չարաշահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։ Ադրբեջանը պնդում է, թե Ֆրանսիան «կոպտորեն չարաշահել է կառույցում իր նախագահության կարգավիճակը», իսկ Հայաստանը խաղաղության գործընթացի նկատմամբ «անհետաքրքրություն» է դրսեւորում։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Միլի մեջլիսի 43 պատգամավորներ նամակ են հղել երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը եւ երկրում դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ծրագրերը: Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին վեց տասնյակ կոնգրեսականների դիմումի՝ ադրբեջանցի պատգամավորները երկրի ԱԳ նախարարին ուղարկած ծավալուն նամակում անդրադառնում են հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք COP29-ին, ինչը, ըստ նրանց, միջազգային խաղաղության եւ զարգացման վերաբերյալ Ադրբեջանի տեսակետին աշխարհի պետությունների մեծ աջակցության ապացույց է, եւ պնդում են, թե «որոշ շրջանակներ, օգտվելով նրանից, որ Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, հանգել են Ադրբեջանին ինչ-որ հարց ընդունել պարտադրելու մտքին»: Այդ նախաձեռնությունից է բխում նաեւ Բլինքենին ամերիկացի կոնգրեսականների դիմումը, պնդում են ադրբեջանցի պատգամավորները՝ հավելելով, թե այն «պարունակում է ռասայական խտրականություն՝ լի զրպարտությամբ, հակասում է երկխոսության ոգուն, պատերազմական հանցագործների ազատ արձակման եւ Հայաստանի ռազմականացման կոչ է անում», եւ կրկնելով Ադրբեջանի նախագահի այն վարկածը, թե «Պետդեպարտամենտում իրենք իրենց Ադրբեջանին ուղղված սպառնալիքներով նամակ են գրում»:

Այնուհետեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով ԱՄՆ պետքարտուղարությանը դիմած կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար: Հաջիեւը կոնգրեսականներին մեղադրել է «հայկական լոբբիի հետ կապերի» համար:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամ՝ Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ, նամակով դիմել էին պետքարտուղարությանը՝ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «ռազմական հանցագործությունների, պատանդներ պահելու եւ Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար»:

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահն էր քննադատել Միացյալ Նահանգներին եւ մասնավորապես Բլինքենին՝ հայտարարելով. «Ինձ տեղեկացրին, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միեւնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»։ Այնուհետեւ նա շարունակել էր. «Ամերիկյան Կոնգրեսի 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Տգեղ դիմում է, այն մեր կամքի վրա չի կարող ազդել։ Բայց սա ցույց է տալիս, որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում։ Ես կասկած անգամ չունեմ, որ այն գրվել է հենց այնտեղ՝ ԱՄՆ Պետքարտուղարությունում։ Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում, որ մեզ սպառնան, մեղադրեն»։ Նա նշել էր նաեւ, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 1992 թվականին, իսկ 2001-ին դրանք հանվել են. «Պատժամիջոցները հանվեցին, քանի որ սկսվել էր նրանց կողմից Աֆղանստանի օկուպացիան, եւ նրանք մեր կարիքն ունեին։ Քանի դեռ նրանք մնում էին Աֆղանստանում, այդ պատժամիջոցներն ամեն տարի հանվում էին Ամերիկայի նախագահի կողմից։ Աֆղանստանից հեռանալուց հետո պատժամիջոցները կրկին կիրառվեցին մեր դեմ։ Այս անշնորհակալությունը չափ ունի՞, թե՞ ոչ։ Դրանից հետո ասում են՝ ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող ենք խոսել»։

Վերջին օրերին Ադրբեջանում հակաամերիկյան հիստերիան հասել է գագաթնակետին: Լրատվականները հայտնում էին, որ Ադրբեջանը քննարկում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերանայման հարցը, այդ թվում՝ ռազմական ոլորտում: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանն էլ մեղադրել է Արեւմուտքին Հայաստանում ռեւանշիզմին աջակցելու մեջ: «Որքան Արեւմուտքն ակտիվորեն տարածում է հակաադրբեջանական ապատեղեկատվությունը, այնքան ավելի է մեծանում ռեւանշիզմը Հայաստանում»։

Բուռն հակաամերիկյան հայտարարությունների տարափ է` Ադրբեջանի Միլի մեջլիսից: Մասնավորապես ադրբեջանցի պատգամավորները հայտարարում են. «Այսօր արաբական եւ այլ երկրներում արյունահեղության պատճառը ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ն արդեն սկսել է զբաղվել Հարավային Կովկասով։

Սակայն Ադրբեջանը միշտ անկախ քաղաքականություն է վարել եւ շարունակելու է այն»։ Մյուս մեղադրանքը. «Հարավային Կովկասի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականության հիմնական նպատակն է ճնշում գործադրել մեր երկրի վրա՝ թույլ չտալու համար Ադրբեջանին առաջատար դիրք գրավել տարածաշրջանում»։ Հաջորդը. «Ադրբեջանի նախագահին ուղղված նամակներում Սպիտակ տան պաշտոնյաները նշում են իրենց շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում: Իսկ նրանց վարած քաղաքականությունը վկայում է նրանց կեղծավորության ու երկակի ստանդարտների մասին»։

Եվ օրերս էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նորընտիր խորհրդարանը որոշել է կապերը խզել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի հետ: Ադրբեջանական լրատվականները վկայակոչել էին Միլի մեջլիսում արտաքին հարցերով հանձնաժողովում ընդունված որոշումը եւ հայտնել, որ հաստատված նախագիծը չի նախատեսում Ֆրանսիայի խորհրդարանի հետ հարաբերությունների խմբի ստեղծում։ Նախորդ գումարման Միլի մեջլիսում ֆրանսիացի օրենսդիրների հետ համագործակցությունը դադարեցվել է «Փարիզի ապակառուցողական դիրքորոշման» պատճառով։

Ինչպես նկատում ենք, հակաարեւմտյան հիստերիան Ադրբեջանում նորանոր բարձունքներ է գրավում: Եվ հատկանշական է, որ այն Ադրբեջանում հասավ իր գագաթնակետին հենց Պուտին-Ալիեւ հանդիպման օրը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031