Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանն իր խոսքում շեշտադրել է խոսքի ազատության հիմնարար նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում

Փետրվար 26,2026 15:05

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի համաժողովին

Փետրվարի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի համաժողովին։ Այն համախմբել էր պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Պաշտպանն իր խոսքում շեշտադրել է խոսքի ազատության հիմնարար նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում և դրա իրացման հետ կապված արդիական մարտահրավերները՝ հատկապես համապետական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է լրագրողների անվտանգ գործունեության երաշխավորման կարևորությունը: «Խոսքի ազատությունը մարդու կարևորագույն իրավունքներից է, որը պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում։ Այդ իրավունքը ունի հստակ բովանդակային ստանդարտներ և սահմաններ, որոնց պահպանումը յուրաքանչյուր դերակատարի պատասխանատվությունն է», – նշել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել ընտրական գործընթացներում մարդու իրավունքների թեմաների գործիքայնացման վտանգին՝ ընդգծելով, որ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում առավել նկատելի է մարդու իրավունքների զգայուն հարցերի շահարկումը քաղաքական նպատակներով։

Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է, օրինակ` ընտանեկան բռնության և դրա դեմ պայքարի կառուցակարգերի գործիքայնացմանը։ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան, օրինակ, շատ կարևոր գործիք է ընտանեկան բռնության դեմ պայքարի համար, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի տեսանկյունից, սակայն այն հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ ձևախեղելով հանրային ընկալումները, այդ թվում՝ ընտանեկան բռնության հետ կապված հարցերի շուրջ», – նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանի գնահատմամբ՝ ընտանեկան բռնության խնդիրների շուրջ ձևավորվող խեղաթյուրված ընկալումները և ապատեղեկատվությունը ոչ միայն քաղաքական շահարկման արդյունք են դառնում, այլև հարված են հասցնում մարդու իրավունքների ամբողջ համակարգին։

Անահիտ Մանասյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորմանը քաղաքական խոսույթում՝ ընդգծելով, որ նման ձևակերպումները խտրական են և հակասում են մարդու արժանապատվության և հավասարության սկզբունքներին։

Պաշտպանը մտահոգություն է հայտնել ազգային կամ էթնիկ պատկանելությամբ պայմանավորված` խտրական և ատելության խոսքի տարածման առնչությամբ՝ նշելով, որ նման երևույթները հատկապես ակտիվանում են նախընտրական ժամանակահատվածում և պարունակում են ատելության խոսքի տարրեր։ Ընդ որում` որոշ ձևակերպումներ լայն տարածում ունեն առանձին քաղաքական դերակատարների քաղաքական խոսույթում:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև Հայաստանի առնչությամբ Եվրոպայի խորհրդի Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ կոմիտեի դիտարկումները անհանդուրժողականության և ռասիզմի դեմ պայքարի ոլորտում՝ ընդգծելով միջազգային համագործակցության նշանակությունը։

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ արդյունավետ և կայուն համագործակցության համար՝ նշելով, որ այն կարևոր արդյունքներ է ապահովում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Պաշտպանը նաև արժևորել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքը։

«Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ/ՊԱՍԵ) փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի նպատակները, գործողությունները և սպասվող արդյունքները, ինչպես նաև քննարկվել են լրատվամիջոցների ազատության և հանրային տեղեկատվության հասանելիության ոլորտներում առկա բարեփոխումներն ու մարտահրավերները՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցման համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728