Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ»

Փետրվար 06,2003 00:00

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ» Ասաց Ռոբերտ Քոչարյանն աղետի գոտում Շիրակի մարզում երեկ ոչ աշխատանքային օր էր։ Տեղական իշխանությունները հրահանգավորված էին ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին այնպես դիմավորել, որ տպավորությունը լինի չափազանց ջերմ, չափազանց մարդաշատ եւ չափազանց տոնական։ Սակայն թափված ջանքերն իզուր էին։ Իհարկե, Գյումրիի Թատերական հրապարակը մարդաշատ էր, շա՜տ մարդաշատ, Քոչարյանին սատարող պաստառները, եռագույնները եւ մի քանի կուսակցական դրոշակները ողողել էին հրապարակը, բայց ինչպես Օստապ Բենդերը կասեր՝ ռոմանտիկա չկար, ջերմություն չկար եւ թեկնածուին տեսնելու երջանկությունից ուշաթափվողներ չկային։ Փոխարենը պահպանման ծառայությունը սովորականից շատ ավելի մարդաշատ էր, կենդանի պատ էր ստեղծված թեկնածուի, նրան սատարողների եւ կենդանի ժողովրդի միջեւ։ Երբեմն-երբեմն ծափահարում էին միայն առաջին շարքերում կանգնածները, իսկ ամբողջ բազմությունը պասիվ էր ու ակնհայտորեն եկել էր պարզապես ներկա ստանալու համար։ Գյումրեցիները համարձակ ժողովուրդ են, բայց երեւի վախի ու անվստահության մթնոլորտն այնքան է խորացել, որ նույնիսկ գյումրեցիներն էին վախենում իրենց դժգոհությունը հայտնելուց հետո ներկայանալ. «Հիմա ով կհամարձակվի իր անուն-ազգանունն ասելուց հետո հայտարարել, թե Քոչարյանից դժգոհ է, թե Քոչարյանին չի ընտրելու, չտեսա՞ք՝ ինչ է սկսվել, Արտաշատի դեպքերի մասին չե՞ք լսել»,- մոտավորապես այսպես էին մարդիկ պատասխանում հարցերին։ Իմ զրուցակիցները միաձայն հայտարարեցին, թե հավաքված ժողովրդի երկու տոկոսն էլ չի ընտրելու Ռ. Քոչարյանին, որ նրան նույնիսկ մարզպետարանի ու քաղաքապետարանի շատ աշխատողներ չեն ընտրելու։ Զրույցի ձայնագրությունը պահպանվում է, պարզապես մարդիկ վախենում էին իրենց անունները հրապարակել։ Փոխարենը մարզպետարանի աշխատողները, Գյումրիի քաղխորհուրդը բառացիորեն ուզում էին նախագահի աչքը մտնել, որպես իրենց նվիրվածության ապացույց։ Այս տհաճ տեսարանի գագաթնակետը ճաշկերույթի ընթացքում էր, երբ իր համար հանգիստ հաց ուտող թեկնածուի առաջ մեծ ու միջին, փոքրիկ ու շատ փոքրիկ շիրակցի չինովնիկները քիչ էր մնում երկտակ ծալվեին ի նշան խոնարհության։ Այս երեւույթն այլ՝ ավելի կոպիտ անվանում ունի, պարզապես այս անգամ իրերն իրենց անունով չկոչեմ եւ հիշեցնեմ օրեր առաջ հրապարակածս անեկդոտը։ Ի պատիվ գործող նախագահի՝ առաջին տուշը եղավ «Ղարաբաղցին» երգը (Ա. Հեքիմյանի), իսկ գյումրվա տրնգին պարզապես պետք էր տեսնել։ Այսուհետ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ղարաբաղցի է, այլեւ՝ պատվավոր գյումրեցի, որի մասին հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ «Աստվածաշունչը» յուրովի մեկնաբանելով։ Մեկ ուրիշ պատվավոր քաղաքացու՝ Լենինականի քաղկոմի նախկին քարտուղար, Երեւանի քաղսովետի նախագահ Մուրադ Մուրադյանի ելույթի պահին մի խումբ գյումրեցիներ պարզապես ընդվզեցին. «Դեմիրճյանը ըսոնց մարդ դարձրեց, չի էլ ամաչում, ինչեր է խոսում»։ Իսկ Մ. Մուրադյանը գովում էր Ռ. Քոչարյանին եւ համոզում էր գյումրեցիներին ընտրել նրան։ Գյումրիի Թատերական հրապարակում 20 հարցվածից (առանց ձայնագրիչի) 3-ն ասացին, որ ընտրելու են Ռ. Քոչարյանին, մյուսները՝ կամ Ս. Դեմիրճյանին, կամ Ա. Գեղամյանին։ Երեկ նախագահի թեկնածուն այցելեց նաեւ Մարալիկ, Աշոցք եւ ճանապարհին հանդիպումներ ունեցավ Մայիսյան, Փոքրաշեն եւ Թորոս գյուղերի բնակիչների հետ։ Մարալիկում հանդիպումը նշանակված էր վաղ առավոտյան, հրապարակ բերվեցին (հասցրի հաշվել 5 ավտոբուս) հարակից գյուղերի բնակիչներ, աշակերտներ։ Ներկաներից մեկի վկայությամբ՝ հրապարակում բուն մարալիկցիները հատուկենտ էին։ Այստեղ մի տեսակ շտապողականություն էր նկատվում եւ նաեւ օդերեւութաբանական եղանակն էր ցուրտ։ Աշոցքը նախկին Ղուկասյանի շրջանն է, եւ Հայաստանում գտնվելու յոթ տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ ոտք չի դրել Աշոցք, անցած ամառ նա մի փոքր մոտեցել է իհարկե, բայց կողքով անցել է մինչեւ մաքսակետ՝ Բագրա, հետո՝ Ամասիա։ Իսկ երեկ ղուկասյանցիները (ավելի ճիշտ, այն բազմությունը, որ ներկայացվում էր որպես ղուկասյանցիներ՝ այստեղ էլ ինը ավտոբուս հաշվեցի) իրենց խնդիրներից չէին կարող խոսել, հատուկ ելույթ ունեցողներ կային, որոնք հատուկ կարգի ինֆորմացիա էին սփռում բարձրախոսից։ Շիրակի մարզի պաստառները պարզապես սարսռազդու էին։ «Կյանքդ մեր ջրի պես երկար լինի, Ռոբերտ Քոչարյան»,- գրված էր Աշոցքի գլխավոր պաստառին, բայց գյուղացիներն ասացին, որ ջրի հարցը վատ է։ Կամ՝ «Միայն Քոչարյան» պաստառը, որը եւս այլ մտքեր էր առաջացնում։ Կային նաեւ այնպիսի պաստառներ, որոնք կարելի է գործածել ցանկացած թեկնածուի դիմավորելիս, օրինակ. «Դուք մեր նախագահն եք», «Մենք ընտրում ենք ձեզ», «Միտք-գործ-կամք»։ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը Գյումրիից բավականին դուրս ճանապարհեց թեկնածուին ուղեկցող ավտոշարասյունը, եւ երկար ժամանակ ձեռքն էր թափահարում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել