Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Միքայելյան. Ադրբեջանը հայտարարում էր, թե իբր պատերազմող երկիր ենք

Փետրվար 04,2013 15:15

Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունեց բանաձև, որի համաձայն Հայաստանն ընտրվեց Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր խանգարիչ ջանքերին` Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Aravot.am-ը Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ մենք ավելի ուշ ենք անդամակցում COPUOS-ին, քան Ադրբեջանը` ունենալով համապատասխան ավանդույթներ եւ վարկանիշ աստղագիտության ոլորտում:

«Գիտության մեջ մենք ակնհայտորեն առաջ ենք Ադրբեջանից, և եթե արվեստի որոշ ոլորտներում նրանք փորձում են յուրացնել մեր արժեքները (մասնավորապես իրենց ժամանակակից տարածքում մեր պատմամշակութային հուշարձանների հայտնվելու պատճառով), ապա գիտության մեջ պարզապես շանս չունեն: Սակայն պարզվում է, այստեղ էլ քաղաքականությունն ու դիվանագիտությունը նշանակություն ունեն: Ադրբեջանն ավելի շուտ էր անդամակցել COPUOS-ին միմիայն լոբբիզմի շնորհիվ: Մենք թերևս ամեն ինչին ավելի լուրջ և խիստ ենք մոտենում ու նախկինում չէինք էլ մտածում նման ամբիցիոզ ծրագրերին միանալու մասին: Ադրբեջանի մոտեցումների մեջ գերիշխող է ցուցամոլությունը և կեղծարարությունը: Օրինակ, Մոսկվայում մասնակցելով Եվրասիական աստղագիտական ընկերության աշխատանքներին, Ադրբեջանի ներկայացուցիչները շարունակաբար փորձում են ներկայացնել իրենց աստղագիտության «հաջողությունները», մինչդեռ մենք գիտենք, որ նրանց Շեմախիի աստղադիտարանի աստղադիտակը կառուցման օրից չի էլ գործել, և աստղագիտության մեջ Ադրբեջանը որևէ արդյունք երբևէ չի ունեցել: Այդ պատճառով, խիստ անհրաժեշտ է մեր ներկայացուցիչների մասնակցությունը բոլոր միջազգային կարևոր միջոցառումներին, ինչը թույլ է տալիս օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը»,-նշեց պարոն Միքայելյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը փորձել է խանգարել Հայաստանին` զանազան հանդիպումներով և բանակցություններով, պատվիրակներին համոզելով, որ Հայաստանն իբր պատերազմող երկիր է և չի կարող մասնակցել խաղաղության կոնվենցիաներին:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728