Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարմունքի» զավակները

Սեպտեմբեր 09,2014 10:20

Առցանց «Առավոտի» երեկվա ամենակարդացված նյութերն են՝ «Առաքել Մովսիսյանը լրագրողներին. «Դավայ, յան տվեք սաղդ», ինչպես նաեւ՝ «Մհեր Սեդրակյանը խռոված է, իսկ Սեյրան Սարոյանը պատգամավորներին առաջին գիծ կուղարկի»: Մեր, ինչպես եւ բազմաթիվ այլ կայքերի ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչպես են հանրապետական այդ կարգի պատգամավորները կատարում նախագահի հրահանգը՝ չբացակայել նիստերից եւ ամենակարեւորը՝ կուսակցական «գրաբարի» ինչ գոհարներ են նրանք շաղ տալիս:

Ամբողջ աղը նրանց «հարցազրույցների» մեջ է: Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Նահապետ Գեւորգյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ մի շարք այլ պատգամավորներ, իհարկե, տիրապետում են homo sapiens-ին հատուկ հոդաբաշխ խոսքին: Ճիշտ է, ոչ բոլոր բառերի իմաստը գիտեն: Օրինակ՝ Նահապետ Գեւորգյանը «արարք» բառի փոխարեն կիրառում է «արարմունք» նորարարական եզրը, որի մեջ կա, հավանաբար, արարելու ձգտումը:
Ինտելեկտի տվյալ մակարդակը, պետք է ենթադրել, միանգամայն բավարար է բիզնեսում խոշոր հաջողություններ գրանցելու համար, բայց միանգամայն անբավարար՝ օրենսդրական, ինչպես նաեւ քաղաքական գործունեության համար: Բոլոր մարդիկ, որոնց ստիպում են զբաղվել իրենցից կիլոմետրերով հեռու գործունեությամբ, կարեկցանքի են արժանի: Հիշյալ պատգամավորները՝ նույնպես: Անսալով նախագահի հորդորին՝ նրանք ստիպված էին 1-2 ժամ նստել ԱԺ նիստերի դահլիճում: Բայց հետո այնքան տառապեցին ձանձրույթից, որ որոշեցին «լքել խրամատը»:

Ահա այստեղ է, որ նրանց «բռնացրին» լրագրողները, եւ այդ պատգամավորները դարձյալ ստիպված էին պատասխանել լրագրողների հարցերին: (Փակագծերում նշեմ, որ ԱԺ ղեկավարությունը կարծես թե փորձում է ազատել այդ տեսակի պատգամավորներին լրատվամիջոցների հետ շփվելու ծանր պարտականությունից եւ անել այնպես, որ նրանց եւ լրագրողների ճանապարհները չհատվեն): Արդյունքում ստացվեց դիտարժան նյութ: Ոմանք ասացին, որ գնում են իրենց աշխատասենյակները եւ այնտեղ օրենքներ են արարելու՝ հավանաբար, օրինագծերի տեքստերում ծանոթ տառեր են փնտրելու: Չնայած ինչ էլ ասեն այդ պատգամավորները՝ արդեն իսկ դիտարժան է: Արարմունք է, մի խոսքով, համարյա միստերիա:

Անկեղծ խոստովանեմ. իմ սիրտը կախ է, երբ մենք նման նյութեր ենք հրապարակում՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք ամենակարդացվողներն են: Առաջ՝ 1995 եւ հատկապես 1999 թվականին, երբ խորհրդարան եկան գողականներն ու պպզողները, նրանց խոսքի մեջ ինչ-որ զվարճանքի տարր կար, ռուսերեն ասած՝ «պրիկոլ»: Բայց 15 տարում, անընդհատ կրկնվելուց, այդ «պրիկոլը» կորավ, կորցրեց իր թարմությունը, դարձավ գոնե ինձ համար անհետաքրքիր:

Բայց ի՞նչ արած՝ քանի դա ընթերցողին հետաքրքրում է, մենք ստիպված ենք դրա մասին գրել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Արման says:

    Պարոն Աբրահամյան, ընթերցողին միշտ էլ դա հետաքրքրելու է, նույնիսկ, եթե մեր քաղաքական կուլտուրան սկսի հարստանալ բացառապես քաղաքական արժեքներով ու նորմերով, սակայն դա չափազանց բարդ և, գրեթե, անիրականանալի է՝ առանց լրատվամիջոցների ներգրավվածության: Միևնույնն է, քանի նրանց կրթական ցենզն ու զբաղեցրած պաշտոնները հակադարձ համեմատական են, ընթերցողի համար լինելու են հետաքրքիր իրենց արտահայտած ցածրորակ մտքերը, և նման նյութերը սկսելու են զսպել այդ կուլտուրայի զարգացմանը: Իսկ լրատվամիջոցի կարևորագույն գործառույթները կրթական ու դաստիարակչական գործառույթներն են, որոնք ուղղված են հենց վերոնշյալ քաղաքական կուլտուրայի արժեքային բաղադրիչի բարձրացմանը:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Լրիվ ՍՓՅՈՒՔԱՀԱՅ ԵԶԴԻՆԵՐ……………

    բայց եթե մեր քաղաքական կուլտուրան սկսի հարստանալ բացառապես քաղաքական արժեքներով ու նորմերով ինչպես նկատում է Արմանը Շմայսները պատգամավոր չեն դառնա………..

    • Արսեն says:

      Ես քեզ առաջարկում եմ, մոդերատտորներին խնդրես, որ քո մեկնաբանությունը ջնջեն։ Դիսկրինացիայի և ռասիզմի էլեմենտներ է պարունակում։

  3. bzjackal says:

    Օպերան այսօր այդքան էլ պահանջված չէ: Փոխարենը՝ մի հատ գյուղատնտեսական շուկա Օպերայի բակում շատ ավելի «ակտուալ» ու եկամտաբեր կլիներ հենց Օպերայի համար, եթե վերջինս այն կազմակերպեր: «Ինչ արած՝ժողովրդին դա հետաքրքրում է»:
    Դեմ չե?ք, պրն. Աբրահամյան:

    • Արսեն says:

      Օպերայի շենքը պետք է ընդհանրապես քանդել ..))).. Այն ընկած է հյուսիս-հարավ առանցքի վրա, փակում է տեսադաշտը և թույլ չի տալիս որպես ամբողջկանություն ընկալել՝ վերջին տասնամյակում քաղաքի կյանքը բարելավվեած հայրենի իշխանությանն տիտանական ջանքերը..)))..

  4. Կարո Մելիքյան says:

    Եթե խորհրդարանը ազատվի մի 30 երեսպախաններից (մնան 101 պատգամավոր),ապա կշահեն բոլորը եւ բարոյաբես,եւ ֆինանսապես՝ խնայված միջոցները ուղղելով սահմանային գյուղերի եւ խրամատների ամրացմանը։

  5. Աբո says:

    Ինձ հետաքրքիր չէ այդ մարդկանց մասին լսել,որովհետև համոզված եմ որ նրանք խորհրդարան են մտել միայն մի նպատակով,պահպանել և բարելավել իրենց բիզնեսները,իսկ ժողովրդին պարզ ասում են «Դավայ, յան տվեք սաղդ»:

  6. Մարդ says:

    «պրիկոլը» կորավ քանի որ ժողովւրդը հասկացավ որ էտ «պրիկոլը» շատ թանկ ա նստում իր վրա. Իսկ հիմա «անէֆեկտ» պրիկոլները «ծախելու» ճքնաժամն է սկսվել , ռեկլամի կարիք կա. Դե լրագրողներ , ձեզ տեսնեմ.
    Դա է ընթերցողին հետաքրքրում կամ էլ ավելի ճիշտ «այդպիսի ընթերցողն է լրագրողներին հետաքրքրում» ….

  7. Արմեն Պողոսյան says:

    Հարգելի տիկնայք, պարոններ և հատկապես Ա.Աբրահամյան,

    Եթե կարծում եք, որ մեղավորները հենց ՀՀ “պորնոմենտի” անդամներն են, ասել է թե Ազգային Ժողովածուի պատգամավորները, ապա դուք սխալվում եք:

    Մեղավորները հենց լրագրողներն են, որոնք ջանք և եռանդ չեն խնայում 4-րդ դասարան ավարտած, բայց բախտի բերմամբ աթոռին հայտնված տգետներին խոսեցնել – շատ էլ որ վերջիններիս ժամանակավորապես տիրում ու բառիս բուն իմաստով “սիրում” են մեզ 🙂 🙂 🙂

    Հարգելիներս, ինչ կլինի մոռացեք իրենց, ոչ բարեվեք, ոչ նկարահանեք, ոչ էլ հարցեր ուղղեք – պարզապես մոռացեք իրենց գոյության մասին: Գնացեք և հարցազրույց վերցրեք ակադեմիկոսից և ուսուցչից,արվեստագետից և բրուտից, գյուղացուց և բանվորից եթե կան էդպիսիք 🙂

    Մի երկու ավել լայքի համար պատրաստ եք նույնիսկ հայհոյանք ձայնագրել, լսել ու տարածել ի բարօրություն մարդկանց մի լայքամոլ հատվածի :

    Արհամարհեք էդ տեսակը,ու թող որ մեր ապագա սերունդը չտեսնի ու չիմանա դրանց գոյության մասին, ինչպես օրինակ ժամանակին վարվեցին դինոզավրերի հետ 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930