Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության սերունդը խոսելու է երաժշտության ուժով

Օգոստոս 27,2016 12:30

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը ներկայացնելու է մեր նորանկախ երկրի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը՝ երիտասարդ սերունդը, այն սերունդը, որը ծնվել-մեծացել, կրթություն է ստացել Հայաստանում, հաղթանակի սերունդը, որ կերտելու է Հայաստանի ապագան։

erajisht_erexaner-3

Տոնական համերգն աննախադեպ է ծավալներով եւ ընդգրկումով. ստեղծվել է «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան նվագախումբը եւ երգչախումբը։ Երեկոյի ընթացքում հանդես կգան 700 երաժիշտ-կատարողներ։ Նման ձեւաչափով ծրագիրը եզակի է ամբողջ աշխարհում։ Հանրապետության մարզերից, սահմանամերձ գյուղերից եւ Արցախից ժամանած պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մաս կազմել խոշորամասշտաբ այս ծրագրին, ներկայանալ աշխարհին ու ներկայացնել Հայաստանի մշակութային ներուժը։ Համահայաստանյան նվագախմբի եւ երգչախմբի անդամներն արդեն Երեւանում են եւ հմուտ մասնագետների ղեկավարությամբ սկսել են իրենց փորձերը։ Կազմակերպիչներն այսպիսով փորձում են բացահայտել Հայաստանի եւ Արցախի տարբեր, նույնիսկ ամենահեռավոր անկյուններում ստեղծագործողներին եւ նրանց ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ։
Համերգային ծրագրում ընդգրկված կլինեն հայ կոմպոզիտորների նախկինում եւ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծված, ինչպես նաեւ հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործություններ:

erajisht_erexaner-1

Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նաեւ կղեկավարի հոբելյանական տոնին նվիրված համերգը։ Մաեստրո Սմբատյանը նույնպես անկախության սերնդի ներկայացուցիչ է, ով իր երիտասարդ տարիքում կարողացել է աշխարհի լավագույն բեմերում ճանաչելի դարձնել հայկական արվեստը, լավագույնս ներկայացնել Հայաստանն ու նրա մշակութային ավանդույթները։
Նախագիծն ունի ոչ միայն Անկախության տոնը նշելու նպատակ, այլեւ շատ կարեւորագույն մի խորհուրդ. այսպիսով երիտասարդության շրջանում կտարածվի բարձր արվեստը, դասական երաժշտությունը։ Նման նախաձեռնությունները, որպես կանոն, հեռահար նպատակ են հետապնդում՝ ազդեցություն թողնել երիտասարդության ճաշակի ձեւավորման հարցում։

erajisht_erexaner-2

Երաժշտությունը ինտելեկտուալ, հոգեւոր հզոր ուժ է։ Հայաստանը հարուստ է այդ ուժը կրող պատանիներով եւ երիտասարդներով, եւ նրանք Անկախության 25-րդ տարեդարձին հանդես են գալու միասնաբար՝ ոգեւորելով, ապրեցնելով, հուզելով ու հպարտության եւ վստահության զգացումներ պարգեւելով։

 

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031