Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԻՑ ՍՏՐՈՒԿԻՆ

Մայիս 05,1998 00:00
Aram Abrahamyan

88-ի հեղափոխական շարժման արշալույսին Երեւանում ավերվեց ռուս մեծ գրող Չեխովի կիսանդրին: Չգիտեմ, ովքեր են այդ բարբարոսությունն արել՝ ՀՀՇ-ի «բետեէռնե՞րը», թե՞ հայոց լեզվի չափից դուրս ակտիվ ջատագովները: Գիտեմ միայն մի բան. Չեխովի հերոսներից մեկը խորհուրդ էր տալիս մարդկանց՝ իրենց միջից վերացնել ստրուկին: Իսկ որեւէ բան /այդ թվում՝ կիսանդրի/ կարող է քանդել միայն չարացած ստրուկը: Միայն ներքին ազատություն չունեցող մարդն է ատելությամբ ու չարությամբ լցվում ուրիշի ստեղծած եւ իր համար անհասկանալի երեւույթների հանդեպ, փորձում դրանք ոչնչացնել եւ տեղը դնել այն, ինչը իր տեսակետից է հասկանալի եւ հոգեհարազատ:

Միայն նրանք, ովքեր ճաշակել են ստրուկի նվաստացումը, հնարավորության դեպքում ցանկանում են նվաստացնել դիմացիններին, բռնանալ նրանց կամքի վրա, կյանքի նկատմամբ իրենց դժգոհությունն ու բարդույթները տարածելով թե անցյալի եւ թե՛ այդ անցյալն իրենց կարծիքով խորհրդանշող խորհրդանիշների վրա: Սպասվում է, որ այսօր Չեխովի արձանը վերաբացվելու է: Թող դա էլ խորհրդանշական լինի:

Հուսանք, որ հետհեղափոխական շրջանում ոչ մի արձան չի քանդվի, անկախ նրանից, թե ում է այն այսօրվա քաղաքական կոնյունկտուրայի տեսակետից մարմնավորում՝ հրեշտակի՞ն, թե՞ հրեշին, հերոսի՞ն, թե՞ հակահերոսին: Այդ հասկացությունները հասարակական կարծիքի տեսակետից հաճախակի են փոխում իրենց տեղերը, իսկ արձանները մնում են: Համենայն դեպս պետք է մնան որպես մշակույթ, որպես անցյալի նկատմամբ լուրջ եւ հարգալից վերաբերմունք: Չեխովը մեր տգիտության եւ ստրկամտության հարցում իսկապես ոչ մի մեղք չունի: Մանավանդ, որ զգուշացրել է. մարդուն պետք է ոչ թե երեք արշին հող, այլ՝ ամբողջ երկրագունդը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031