Երբ Վարդան Հարությունյանն «Առավոտին» ասել էր, թե Վազգեն Սարգսյանը գրեթե չուներ ընկերներ, այլ ուներ ենթականեր, որոնք հապշտապ նոր տեր գտան, քչերից մեկը, որ առարկել էր այդ պնդմանը, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանն էր։
«Ես միշտ համարել եմ ինձ Վազգեն Սարգսյանի ե՛ւ ընկերը, ե՛ւ զինվորը, ե՛ւ զինակիցը,- ասաց Մանվել Ղազարյանը։- Եվ համոզված եմ, որ նա ուներ շատ ընկերներ։ Ուղղակի դեպքերն այնպես զարգացան, որ առավել գործեց կշեռքի՝ թեթեւից ծանր կողմն անցնելու մեխանիզմը։ Իր դերը խաղաց նաեւ սպասողական վիճակը՝ որեւէ մեկը չէր ցանկանում շտապել, հանկարծ մի ավելորդ բան անել, ինչ-որ կերպ խանգարել քննությանը»։
Խնդրեցինք բացել փակագծերը, թե ինչպե՞ս դրսեւորվեց դեպի ծանր նժարն անցնելը, արդյոք, խոսքն իշխանության ներսում ուժերի հարաբերակցության փոփոխությա՞ն մասին է։ «Ճիշտն ասած, ամբողջությամբ ես էլ չեմ կարող բացատրել այդ ամենը,- խոստովանեց պրն Ղազարյանը։- Բայց ինչպե՞ս ընթացան իրադարձությունները։ Բոլոր ընկերները վարչապետ Արամ Սարգսյանի կողքին էին։ Հետո սկսվեց տրոհումը։ Թիմի միջից մարդիկ առանձնացան, որոնք իրենք էին ցանկանում դառնալ վարչապետ»։
Ի դեպ, մեր զրուցակիցն ասաց, որ որպես վարչապետ Արամ Սարգսյանի խնդիրը որոշված էր՝ «Միասնության» գործիչների սպանության բացահայտումը, այդ գործին թիկունք դառնալը. «Բայց ընդհանուր թիմը տեր չեղավ այդ սկզբունքին։ Ես կարծում եմ, որ Արամ Սարգսյանը չպիտի փոխարինվեր մեկ այլ գործիչով՝ անկախ նրանից, թե այդ գործիչն ով էր»։
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե առկա տարակարծություններն ու հակասությունները որքա՞ն էական դեր խաղացին այդ թիմի պարտության մեջ, Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարող որպես պարտություն որակել այդ ամենը։ Բայց որ ընդհանուր թիմը մի մեխի չխփեց՝ փաստ է։ Եվ այսօրվա իրավիճակը նախկին քայլերի արդյունքն է»։
Նա չցանկացավ որեւէ մեկի մասին առանձնակի խոսել, քանի որ՝ «որեւէ մեկին այսօր մեղադրել չարժե։ Յուրաքանչյուրն իր արդարացումն ունի։ Շատ-շատերի արդարացումը կարող է ճիշտ լինել։ Եվ այն մարդիկ, ովքեր Վազգեն Սարգսյանի ընկերն են եղել, այսօր ոչ մեկը չի հրաժարվում, որ իրենք ընկեր էլ մնացել են»։
Ի դեպ, զարմանալի թվաց մանավանդ գործարարից լսել նման պնդում, թե վարչապետի առաջին խնդիրը պիտի լիներ ոճրագործության բացահայտումն ապահովելը։ Մի՞թե տնտեսությունն այս պաշտոնյայի համար չպիտի ներկայացներ ավելի առաջնահերթ կարեւորություն։ Եվ այդ դեպքում գուցե չլինեին այն ցուցանիշները, որ հիմա անընդհատ մատնանշվում են, փաստարկելով, թե մինչեւ 2000-ի մայիսը տնտեսական անկում է արձանագրվել։ Մանվել Ղազարյանն ի պատասխան նշեց, թե սա այն դեպքը չէ, երբ անվերապահ պիտի նշենք, թե վարչապետը պիտի զբաղվեր միմիայն տնտեսությամբ. «Թեեւ բոլորս էլ հասկանում ենք, որ վարչապետի համար առաջնահերթը տնտեսության զարգացումն է, բայց Արամ Սարգսյանը տնտեսական այն գործիչը չէր, որ կարող էր (մանավանդ Վազգեն Սարգսյանից հետո) անմիջապես աշխատել վարչապետ, եւ նրա գործերը 6 ամսվա ընթացքում փայլուն ու երեւացող լինեին։ Բոլորն էլ տեսան, որ վերջին 2 ամսում Արամ Սարգսյանը սկսեց լուրջ զբաղվել տնտեսությամբ եւ կարծես թե իր առջեւ խնդիր էր դրել, որ միմիայն դրանով էլ պիտի զբաղվի։ Չգիտեմ, թե դա էլ որքանով էր ճիշտ… Երեւի նա էլ իր հիմնական առաքելությունը չիրականացրեց՝ գուցե վստահելով իր թիմակիցներին»։
Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա եւս, որ չնայած նախկին վարչապետը, բնականաբար, ուներ վրիպումներ ու թերություններ, քանի որ նոր մարդ էր այդ ոլորտում. «Սակայն տնտեսության անկումը պայմանավորված չէր միայն Արամ Սարգսյանով։ Այդ առումով էական եղան նաեւ քաղաքական թիմի կազմալուծումը, հոկտեմբերի 27-ին հաջորդող երեւույթները։ Արամ Սարգսյանը չէր կարող երկնքից աստղեր իջեցնել կամ տնտեսությունը միանգամից ոտքի հանել։ Ինձ թվում է, նրան ժամանակ էր պետք որպես վարչապետ կայանալու համար»։
Իր արձանագրած տնտեսական աճը նախագահը պայմանավորեց ներքաղաքական կայունությամբ, որն այժմ լրջորեն վտանգված են ներկայացնում։ Մանվել Ղազարյանն այս հարցի վերաբերյալ այլ տեսակետ ուներ. «Հնարավոր է, որ վերլուծաբանները դիտավորյալ են նման մեկնաբանություններ նետում ասպարեզ՝ փորձելու համար արձագանքը։ Այն մթնոլորտը, որ կար դեկտեմբերին, ինձ թվում է, նույնն է հիմա։ Ուրիշ հարց է, որ դատավարության առնչությամբ լրատվամիջոցներն ակտիվացան։ Նաեւ քաղաքական գործիչները, որ տարբեր նպատակներ ունեն՝ մեկը սեփական վարկանիշն է բարձրացնում, մյուսը շահարկում է բաներ, որ երբեք չի կարելի շահարկել… Ինձ թվում է, այս ամենն ընդամենը պահ է, որ հետո կհանդարտվի երեւի թե»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Մանվել Ղազարյանի հետ զրույցի մի հատվածն էլ զուտ տնտեսական խնդիրներին էր առնչվում, որ կներկայացնենք առանձին՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։


















































