Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄԻՆ

Հուլիս 22,2011 00:00

\"\"Հին Հայաստանում սուրբ թռչունը այսօրվա Հայաստանում անտեսված եւ մոռացված է

Մարդու սխալ, երբեմն չկշռադատված միջամտությունը բնության գործերին՝ խախտում է դարերով, անգամ հազարամյակներով արմատացած բնական ներդաշնակությունը:

20-րդ դարի վերջին քառորդում Հայաստանում հենց այսպիսի մոտեցում դրսեւորվեց վարդագույն սարյակի (լատիներեն՝ pastor roseus) պարագայում, երբ բնական մետաքսի հումքի՝ շերամապահության համար աճեցված հարյուրավոր հեկտար թթաստանները մարդիկ միանգամից զանգվածաբար վերացրին երկրի երեսից: Մինչդեռ վարդագույն սարյակի որոշակի քանակություն սնվում, բազմանում էր այդ թթենիների պտուղներով եւ, միաժամանակ, սարյակների շնորհիվ, բնական-կենսաբանական ճանապարհով ոչնչացվում էին առանձին տարիների մեր երկիր թափանցող եւ գյուղատնտեսությանը հսկայական վնաս պատճառող աղետաբեր մորեխները: Նոր թթաստաններ հիմնելը ոչ միայն կբերի տնտեսական զգալի վերելքի, բազմաթիվ բարիքներ, այլեւ մեծապես կնպաստի շատ օգտակար թռչնի նախկին քանակության վերականգնմանը:

Իմ առաջին զարմանքներից մեկը, որ ապրել եմ վաղ մանկությանս տարիներին, իմ հայրենի Ոսկեվազ գյուղի ձորահովտի թթենիներին լցված անթիվ-անհամար վարդագույն սարյակներն էին՝ «թթի ղշերը»: Ինչքա˜ն շատ էին, երբեմն՝ տասնյակ հազարների հասնող: Օրնիբուն երգում էին՝ թութ անուշ անելիս կամ զովասուն ընկուզենիների սաղարթներում հանգստանալիս: Իսկ թե հանկարծ մի տեղ հրացան որոտար, խուճապահար թռչում, խճճվում էին օդում, հսկա ամպի պես ծածկում երկինքը:

Բնական մետաքսի հումքի արտադրության պետական առաջադրանք ունեին կոլտնտեսություններն ու խորհրդային տնտեսությունները, շերամապահության համար էլ՝ հարյուրավոր հեկտարներով թթաստաններ: Մայիսին թթենու տերեւներով մարդիկ առատորեն կերակրում էին շերամորդերին, հունիսին հասնում էր թութը եւ ստվարանում մեր երկիր «ժամանած» վարդագույն սարյակի երամները:

1970-ականների սկզբներին, վերադաս հանրապետական մարմինների կարգադրությամբ, մեր գյուղերի ղեկավարները որոշեցին ազատվել շերամապահության հետ կապված ինչ-ինչ հոգսերից եւ… տրակտոր-բուլդոզերներով արմատախիլ արեցին կանաչավետ, բերք ու բարիքի աղբյուր հրաշալի թթաստանները, «տեղը վարեցին՝ բոստան ցանեցին»: Միութենական պլանավորող մարմիններին հրամցվեց մի պարզ բանաձեւ՝ չունենք թթենիներ, չի կարող լինել եւ շերամապահություն:

Դավին անտեղյակ՝ հարավից, ամեն տարվա պես, կրկին եկան սարյակները: Անակնկալի եկան ու… սովի մատնվեցին: Կեր ճարելու համար ճարահատյալ դեգերեցին ամենուր, խուժեցին տնամերձ այգիներ, հարկադրված «զբաղվեցին» թթի, կեռասի, ծիրանի, անգամ՝ կիսահաս խաղողի «կողոպուտով»: Հաջորդ տարիներին, բնականաբար, մեզանում խիստ պակասեց վարդագույն սարյակների խմբաքանակը, իսկ վերջին տարիներին առավել սուր է պակասը:

Գրականությունից ավելի լավ ծանոթացա սարյակների վարք ու բարքին: Սարյակի վարդագույն կերպարին հանգամանորեն ծանոթացրել է Հայաստանի բնության երգիչ, որսորդ-գրող Վախթանգ Անանյանը թե բանավոր զրույցներով, թե հոդվածներով, մանավանդ՝ «Տարմահավ կամ վարդագույն սարյակ» ուսումնասիրությամբ: «Հայաստանի կենդանական աշխարհը» աշխատության չորրորդ հատորում սարյակի մասին անվանի գրողի տողերն ընթերցելուց հետո, բանական, հայրենի բնաշխարհը սիրող, փոքր-ինչ որսորդական բարոյականություն ու խիղճ ունեցողը հազիվ թե այլեւս զենք բարձրացնի 65-80 գրամանոց գեղեցիկ եւ շատ օգտակար այս թռչնակի վրա:

Հայ մատենագիրներից Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ՝ 954թ. եկավ մորեխը՝ «որպես ավազ զծովու եւ ապականեաց զերկիրն: Եվ սաստկանայր սովն առավել»: Այնուհետեւ՝ սովից խելահեղության հասած «մարդկանց բազմությունը հուսահատությունից գազանաբար հարձակվում եւ ուտում էր միմյանց… Տեղի ունեցավ անասունների կոտորած: Բազմաթիվ գյուղեր եւ գավառներ դարձան անմարդաբնակ»:

Այսպիսի հուսահատական պահերի հայ գյուղացուն օգնության է հասնում հին բարեկամ վարդագույն սարյակը, որին հնում տարմահավ, մորեխածիտ, Սուրբ Հակոբա ղուշ են անվանել, իսկ շատերն առօրյա խոսակցական լեզվում՝ թթի ղուշ: Պատմությանը դեպքեր են հայտնի, երբ թռչունները հոծ բազմությամբ նետվել են մորեխի հետեւից, կոտորել, ոչնչացրել աղետաբեր միջատների «ամպերը», ժողովրդին փրկել վերահաս սովից:

Բնական է, որ մեր նախնիները պետք է մեծարեին, պաշտեին իրենց սովամահությունից փրկող թռչնին, ուստիեւ՝ սարյակը հնում պաշտամունքային թռչուն է եղել: Մինչեւ վերջերս Արարատյան դաշտի եւ մեր այլ շրջանների բնակիչները սուրբ են համարել Մասիսի ստորոտում, Ակոռի գյուղի մոտ գտնվող Սուրբ Հակոբա վանքի շրջակայքից եկող սարյակներին (այս տարածքը հիմա էլ տարմահավերի խոշոր բնադրավայրերից է):

Վերջին երկու դարերում Արարատի կենդանական աշխարհն ուսումնասիրող կենդանաբանները գոհունակությամբ նշում են, որ վարդագույն սարյակի նկատմամբ ժողովուրդը մեծ հարգանք է տածում հատկապես այն բանի համար, որ տարմահավերը ամենուր աչալրջորեն հետեւում են մորեխի խմբերին եւ կոտորում դրանց շատ ավելի, քան կարող են ուտել:

Արագածի հարավային լանջերից Արարատյան դաշտով, Կոտայքով, Վայոց ձորով մինչեւ Մեղրի եւ Նախիջեւան, գրեթե ամենուր հանդիպում է վարդագույն սարյակը: Նկատված է, որ մեզ մոտ դրանք բնակվում են գաղութներով՝ ապրիլի վերջերից մինչեւ օգոստոսի կեսերը: Կերապակաս տարիներին ավելի երկար են մնում, այնքան, քանի դեռ չեն լրացրել ետդարձին անհրաժեշտ ճանապարհի «վառելանյութը»՝ ճարպի պաշարը:

Սարյակների ձվադրավայրից ամենախոշորը տեսել եմ Աշտարակի տարածաշրջանի Արտաշավան, Ուշի, Ուջան, Կոշ, Արուճ գյուղերի եւ Արա լեռան շրջակայքի լեռնատափաստանային գոտում, իսկ առանձին տարիներին՝ Էջմիածնի Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Աշտարակի Սասունիկ բնակավայրերի միջեւ ընկած տափարակում: Այստեղ հաճախակի մորեխի զգալի կուտակումներ են լինում, իսկ որտեղ մորեխ, այնտեղ՝ սարյակ:

Օգտագործելի դարձած նախկին այս տափաստաններում, այգիների կողքին, հողերի մելիորացիայից հետո, տեղ-տեղ հսկայական քարաբլրակներ են գոյացել, որտեղ եւ ձվադրում, ճուտ են հանում սարյակները:

Կենդանաբանները նկատել են, որ ձագերին մեծացնելու շրջանում մեկ սարյակն օրական ուտում է ավելի քան 300 գրամ մորեխ եւ այլ տեսակի միջատներ՝ դրանով իսկ 3-4 անգամ գերազանցելով սեփական քաշը: Մարդկանց ահավոր վնաս բերող մորեխին ոչնչացնելու գործում անգնահատելի, պարզապես անփոխարինելի է վարդագույն սարյակը:

Բայց, ինչպես ասվեց, մեր երկրում թթաստանների զանգվածային վերացման արդյունքում տուժեց մեր բարեկամ վարդագույն սարյակը: Ամենեւին էլ երկրորդական չէ այն իրողությունը, որ այսօր մորեխների դեմ միայն քիմիական պայքար է տարվում: Թունաքիմիկատները էկոլոգիապես մաքուր չեն եւ դրանցից տուժում են նաեւ մեղուները, օգտակար միջատները, վայրի թռչունների ձագերը: Ինչպե՞ս սատար լինենք մեր վարդագույն բարեկամներին՝ միաժամանակ զուգակցելով ե՛ւ տնտեսապես շահավետը, ե՛ւ բնապահպանական առումով՝ օգտակարը: Հանրապետության այն մարզերում, որտեղ աճում է թթենին, հարկավոր է հիմնել հազարավոր հեկտարների հասնող նոր թթաստաններ, որոնցից ակնկալվող միայն տնտեսական օգուտները դժվար է գերագնահատել: Դիմացկուն, կենսունակ, ջրի նկատմամբ սակավապահանջ թթենու միլիոնավոր ծառերով կարելի է աչք շոյող կանաչով ծածկել մեր երկրի ոչ բերրի, կիսաանապատային հողատարածքները: Այս գործում ներդրված յուրաքանչյուր դրամական միավորը կփոխհատուցվի բազմապատիկ չափերով: Թթաստանները մեզ կտան միայն ու միայն բարիքներ, վերստին զարկ կտրվի շերամապահությանը, հետեւապես եւ մետաքսի արտադրությանը, կստանանք ու նաեւ կարտահանենք բուժական հատկություններով օժտված թթի օղի, դոշաբ, չամիչ: Արտադրությունն ու բնապահպանությունը արդյունավետ մեկտեղելու համար գործում կարելի է ընդգրկել նաեւ վայրի թռչնաշխարհի, կենդանիների պահպանությամբ եւ, ընդհանրապես, բնապահպանական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների: Թթաստանները մեծապես կբարելավեն մեր բնությունը, կլիման, էկոլոգիան եւ գլխավորներից մեկը՝ կերի առատ ու կայուն բազա կլինեն վարդագույն սարյակների բազմացման համար:

Տարակույս լինել չի կարող, որ մեր վարդագույն բարեկամ սարյակների շնորհիվ հուսալիորեն կծավալվի վնասատուների, հատկապես՝ չարաղետ մորեխի դեմ բնական-կենսաբանական պայքարը, որը եւ կլինի մեր երկրի գյուղատնտեսության զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել