Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. «Ազգային» բառակապակցությունները եւ իրականությունը

Օգոստոս 24,2013 12:45

Եթե փորձենք մեր «քաղաքական մտքի» եւ հրապարակախոսության մեջ առանձնացնել ամենահաճախ կրկնվող առանցքային բառը, ապա դա, անշուշտ, «ազգայինը» կլինի։ Գոյություն ունի հասկացությունների մի շարան, որոնց «ազգային» ածականը կցելով, կարելի է ստանալ, այդպես մտածողների եւ հրապարակախոսների կարծիքով, միանգամայն նոր, բնականաբար, անչափ դրական որակ։ «Ազգային» կարող են լինել պետությունը, առաջադիմությունը, գործիչները, ուժերը, գաղափարախոսությունը, դաշինքը, մտածելակերպը, համաձայնությունը, նկարագիրը, նպատակները, ռազմավարությունը, տնտեսությունը եւ շատ-շատ այլ բաներ։ Հասկանալի է, որ նշված մոգական բանաձեւերի մեջ են ներդրվում այն բոլոր բարեմասնությունները, որոնցով, իրենց համոզմամբ, օժտված են նմանօրինակ բառակապակցությունների հեղինակները եւ որոնք իսպառ բացակայում են ընդդիմախոսների նկարագրի մեջ։ Այստեղ գործում է մոտավորապես այն տրամաբանությունը, ըստ որի իր սիրած կնոջը փառաբանող, բայց համապատասխան բառեր չգտնող տղամարդը բացականչում է. «Քո աչքերը (հոնքերը, շուրթերը, կոնքերը) ազգային են»։ Միակ տարբերությունն այն է, որ քաղաքական ոլորտում դա ինքնաբնութագիր է եւ ինքնագովազդ։

Վերը թվարկած հասկացությունների իմաստին «ազգային» ածականը ոչ մի բան չի ավելացնում։ Պետությունը կամ կա, կամ էլ չկա, կամ կարողանում է ստեղծել եւ զարգացնել այն ինստիտուտները, որոնք հատուկ են աշխարհի բոլոր պետություններին, կամ էլ չի կարողանում։ Նույնը կարելի է ասել ցանկացած այլ երեւույթի մասին։ Մարդիկ կամ մտածում են, կամ էլ չեն մտածում։ Առաջին դեպքում նրանք կարողանում են իրական փաստերը միացնել ինչ-որ տրամաբանական շղթայի մեջ, երկրորդում՝ ընկնում են հույզերի, բնազդների կամ ցնորքների գիրկը։ Բռնցքամարտիկը կամ նոքաութ է անում իր մրցակցին, կամ էլ ինքն է հայտնվում այդ դրության մեջ։ Եվ հաղթելու համար նա պետք է շատ մարզվի, տիրապետի տեխնիկական հնարքներին, հոգեպես պատրաստ լինի հարվածներ հասցնել եւ ստանալ։ Ավելի շատ հասցնել, քան ստանալ, ավելի շատ ձեռքբերել, քան կորցնել՝ սա է, հավանաբար, ցանկացած անձի, պետության եւ ազգի խնդիրը։

Այն հարցին, թե ի՞նչն է «ազգայինը» քաղաքականության մեջ, տրվում է երկու տեսակի խուսափողական պատասխան։ Առաջինը՝ «մեր կուսակցությունը իր ողջ պատմության ընթացքում բազմիցս ապացուցել է իր ազգային լինելը»։ Գուցեեւ այդպես է։ Բայց, եթե խոսքն այն կուսակցության մասին է, որի իշխանության արդյունքում Հայաստանի տարածքը փոքրացավ ավելի քան երկու անգամ, ապա մնացած բոլոր խոսքերն ու մեկնաբանություններն ավելորդ են։ «Ազգային» քո բոլոր բարեմասնություններով քեզ նոքաութ են արել, ուրեմն այդ բարեմասնությունների արժեքը խիստ կասկածելի է։

Երկրորդ խուսափողական պատասխանը հետեւյալն է. «Ես չգիտեմ, թե որն է «ազգայինը», բայց հաստատ կարող եմ ասել, թե որն է «ապազգայինը»։ Այդպիսիք են այն մարդիկ, կուսակցությունները, գործիչները, որոնց ես չեմ սիրում»։ Նման պատասխանը նույնպես առանձին մեկնաբանությունների կարիքը չունի։

…Վերջերս շատ հաստատություններ (օրինակ, ակադեմիան կամ օպերան) իրենց անվանումների մեջ ներառան «ազգային» ածականը։ Արդյո՞ք այդ անվանակոչությունից հետո նման հիմնարկները սկսեցին ավելի լավ աշխատել, արդյո՞ք նրանց գործունեությունը դարձավ ավելի արդյունավետ ու ժամանակակից պահանջներին համապատասխան։

Ի՞նչն է ավելի նպատակահարմար, հասարակական զուգարաններին վերամբարձ կոչումնե՞ր տալ, թե՞ փորձել այնտեղ մաքրություն հաստատել։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

24.05.1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ հեղինակի հետ,բայց մեկ հարց պարոն Աբրահամյանին-ինչքան? էր Հայաստանի տարածքը 1917թ…Որքան ես գիտեմ-0քառ.կմ:ՈՒստի երկրորդ հարցը-ոնց? կարող էին կեսը կորցնել…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031