Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրները սովորական մարդկանց մեջ չեն»

Հոկտեմբեր 10,2013 12:57 Share

Հայ եւ թուրք երիտասարդները քննարկում են երկու երկրների հարաբերությունները

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ը  Մոլդովայի Քիշնեւ մայրաքաղաքին կից «Կոստեստի» հանգստյան տանը տեղի ունեցավ Եվրամիության Move it! միջազգային թրեյնինգ-ծրագիրը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի (Հայաստանի երիտասարդական ակումբների համադաշնություն կազմակերպությունից) եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Հարեւան երկու երկրների երիտասարդներն անընդհատ քննարկում էին երկրների քաղաքականությունը եւ դրա նկատմամբ իրենց վերաբերմունքը: Երիտասարդների համատեղ համաձայնությամբ որոշվեց զրույցը հրապարակային դարձնել՝ այդ իսկ քայլով փորձելով կոտրել եղած սառույցն ու սահմանը, որը կա երկրների երիտասարդության միջեւ, դրանով հարաբերությունների մեղմացման ուղղությամբ առաջին քայլերն անել:

«Մենք շատ լավ հարաբերություններ չունենք, բոլորս էլ գիտենք»,- խոսակցությունն այսպես է սկսում Անկարայում ապրող 25-ամյա Ուտկու Օզթուրքը եւ ավելացնում, որ պետք է տարատիպ ծրագրեր իրականացնենք միասին,  փառատոներ կազմակերպենք, իրար ավելի լավ ճանաչենք: «Իհարկե, մենք ունենք որոշակի քաղաքական խնդիրներ, բայց իմ կարծիքով՝ դրանք միայն խնդիրներ են քաղաքական դաշտում՝ քաղաքական գործիչների միջեւ, խնդիրները սովորական մարդկանց մեջ չեն, թուրք եւ հայ մարդու միջեւ չեն: Մենք գիտենք, որ երկար ժամանակ միասին ենք ապրել, այսինքն՝ հնարավոր է նորից միասին ապրելը: Մենք կարո՛ղ ենք այնպես անել, որ նորից միասին ապրենք: Մենք պիտի փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ նորից լինենք միասին, ինչպե՞ս անենք, որ միասին ինչ-որ բան անենք»,- ասում է նա: Մեր այն հարցին, թե արդյո՞ք թուրքական իշխանությունները քայլեր ձեռնարկում են թուրք երիտասարդների մոտ հայերի նկատմամբ կանխակալ վատ վերաբերմունք ստեղծելու ուղղությամբ, Ուտկուն պատասխանում է. «Իրականում ոչ, նրանք դա չեն արել, երբ մենք եղել ենք երեխա կամ երբ եղել ենք ուսանող: Իհարկե, մենք դպրոցում եւ համալսարանում պատմությունից ինչ-որ բաներ անցել ենք, որոնք վերաբերում են մեր անցյալին, բայց դա նորմալ է, աշխարհի բոլոր երկրներն էլ իրենց ժողովրդի համար ինչ-որ պատմություն ստեղծում են, սովորեցնում են ինչ-որ տարօրինակ բաներ: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարելի է փոխել, բայց մենք կարիք ունենք՝ ինչ-որ բան անելու, որ փոխենք այդ ամենը: Իհարկե, ավելի մեծ սերունդը հակված չէ փոխելու ինչ-որ բան, բայց երիտասարդ սերունդն այլ կերպ է ամեն ինչ մտածում, որովհետեւ մենք անընդատ կիսում ենք մեր կարծիքը այլոց հետ, օգտագործում ենք համացանցը, որի միջոցով կարող ենք հասնել աշխարհի ցանկացած կետ, մենք կարող ենք ունենալ ցանկացած տեղեկատվություն ցանկացած մեկից, այսպիսով ամենը կարող է փոխվել երիտասարդների միջոցով»:

28-ամյա թրքուհի Սամիմե Դումազն էլ կարծում է, որ մենք՝ երկու երկրների երիտասարդներս պետք է փորձենք ճանաչել իրար: «Մենք պետք է փորձենք ճանաչել միմյանց՝ հաճախ նույնիսկ չխոսելով մեր պատմության մասին: Սա մեր խնդիրը չէ»,- ասում է նա, ինչի հետ համակարծիք է նաեւ Ուտկուն: «Ես հաճախ եմ մտածում այդ մասին: Կարծում եմ՝ դրանով պետք է զբաղվեն մասնագետները, փորձեն գտնել ճշմարտությունը, մատուցեն այն մեզ: Օրինակ՝ շատ քաղաքական գործիչներ չգիտեն պատմություն, բայց քննարկում են դա, ունեն սեփական տեսակետը պատմական շատ հարցերի շուրջ, բայց կարծում եմ՝ դրա մասին խոսելու համար պետք է ունենաս համապատասխան կրթություն, տիրապետես ամբողջ ինֆորմացիային, ունենաս ակադեմիկ ապացույցն ասածներիդ»,- ասում է Ուտկուն:

Սամիմեն հիշում է Ստամբուլում ապրող իր հայ ընկերոջը, ասում է՝ միասին լուսանկարչական ասոցիացիայի անդամներ են: «Շատ մտերիմ ենք, չունենք որեւէ սահման մեր միջեւ: Շրջում ենք քաղաքներով՝ լուսանկարներ անում»,- պատմում է նա:

Ստամբուլից 22-ամյա Գյորքեմ Մուջամն էլ թրեյնինգ- ծրագրի շրջանակներում նկատել է՝ հայ եւ թուրք ժողովրդի մշակութային նմանությունը: «Մենք երկար ժամանակ սովոր ենք եղել ապրել միասին: Մենք պետք է լինենք մոտ իրար: Ես չեմ կարծում, որ որեւէ խնդիր կա հայ եւ թուրք ժողովրդի միջեւ, եթե կա, ապա դա միայն քաղաքական գործիչների եւ ժողովրդի միջեւ է: Ես ինձ պետք է նախ անվանեմ՝ աշխարհի քաղաքացի, հետո նոր Թուրքիայի, չեմ սիրում սահմաններ,- ասում է նա եւ ավելացնում,- եթե պատմության մեջ ինչ-որ բան սխալ է, պետք է ուսումնասիրես՝ ո՞րն է սխալը, ո՞վ սխալ գործեց, դա կարող է տեղի ունեցած լինի միայն մեկ մարդու պատճառով, գուցե երկրիդ նախագահի, ինչ-որ մեկը ինչ-որ բան որոշի եւ անի, եւ դա ամբողջ ժողովրդի մեղքը չի: Կարծում եմ՝ բոլոր մարդիկ կարող են խաղաղ ապրել միասին»:

Ուտկուն ցավում է, որ երկրի իշխանությունների արածը հայերը վերագրում են թուրք ժողովրդին, նաեւ ավելացնում է. «Իհարկե, Թուրքիայում կարող են լինել ինչ-որ ազգայնամոլներ, որոնք վատ կվերաբերվեն հայերին, բայց բոլոր թուրքերը չեն այդպիսին, կարծում եմ՝ թշնամիները միայն կառավարություններն են, ոչ սովորական ժողովուրդը,- ասում  է նա, ինչին Սեմիմեն ավելացնում է,- օրինակ՝ ես չեմ վստահում կառավարությանը, մենք միասին պետք է փորձենք շտկել իրավիճակը, լավացնել մեր հարաբերությունները, միայն մենք՝ սովորական մարդիկ, երիտասարդներս»:

Քննարկման վերջում երկու երկրների երիտասարդները հույս հայտնեցին, որ անսահմանափակ համացանցը՝ սոցիալական մեդիաները եւ ցանցերը, հնարավորություն կտան միմյանց ավելի ավ ճանաչելու, երիտասարդները կմասնակցեն տարատիպ ծրագրերի եւ միջոցառումների եւ միասին կփնտրեն հարաբերությունների ստեղծման իրական ուղիները:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Araqs says:

    1, 5 միլիոն հայերի ՀԱՏԻԿ ԱՌ ՀԱՏԻԿ սպանեց Թուրքիայի ղակավարը, իսկ թուրք ժողովուրդը միամտորեն դարձավ ցեղասպանություն իրականացնող ազգ: Հիմա էլ անցանք թուրք ժողովրդի արդարացմանը` ամբողջ մեղքը բարդելով միայն ղեկավարների վրա: Կամել այստեղ լրիվ ուրիշ մակարդակի փիլիսոփայությունա, որ իմ հասարակ ուղեղին հասու չի:

Պատասխանել Araqs

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031