Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. «Պայծառ ապագայի» տեսիլքը

Նոյեմբեր 30,2015 16:00

Դա քաղաքական ցանկացած դեմագոգիայի հիմքն է

1966 թվականին լույս տեսած Սիմոնա դե Բովուարի «Հրաշալի պատկերներ» վեպում շատ լավ են ներկայացված արեւմտյան հասարակության սխալ կանխատեսումներն աշխարհի մասին: Ապագայի վերաբերյալ իրենց դատողություններում բուրժուազիայի ներկայացուցիչները եւ նրանց թերթերն ասում էին, որ ամեն ինչ ընդհանուր առմամբ գնում է դեպի լավը, դեպի առաջընթաց: Ճիշտ է, «Սեւ Աֆրիկան» դեռ խնդիրներ ունի, անհանգստացնում է Չինաստանում եւ ընդհանրապես Ասիայում ազգաբնակչության աճը: Բայց պրոտեինների սինթեզի, հակաբեղմնավորիչ միջոցների, ավտոմատացման եւ ատոմային էներգիայի շնորհիվ կարելի է վստահաբար ասել, որ 1990 թվականին ազատ ժամանցի քաղաքակրթություն կստեղծվի, մարդիկ, շատ քիչ աշխատելով, կուշտ ուտելու են եւ կմոռանան տառապանքների ու հիվանդությունների մասին:

Ահա այդպիսի հեքիաթներ էին շրջանառվում ապագայի մասին: Հավանաբար, նման գերլավատեսական կանխատեսումների համար հիմք էր ծառայում, մասնավորապես, համակարգիչների ի հայտ գալը: Իրոք որ, համակարգիչներն իրար չեն նախանձում, իրենք իրենցով պատերազմ չեն սկսում, նրանք կաշխատեն, բարիքներ կստեղծեն, իսկ մենք՝ մարդիկ, մի թեթեւ կհետեւենք նրանց աշխատանքին, իսկ մնացած ժամանակը մեզ համար «քեֆ կանենք»: Նմանատիպ կանխատեսումներ արվում էին նաեւ Խորհրդային Միությունում. 1961 թվականին գրված Կոմունիստական կուսակցության ծրագրում նշվում էր, որ 1980-ին կոմունիզմ կկառուցվի: Իսկ «կոմունիզմի» տակ մոտավորապես նույն բանն էր հասկացվում՝ առատության եւ ազատ աշխատանքի դարաշրջան:

Արեւմտյան մշակույթը (ներառյալ կոմունիզմի մասին ռուսական պատկերացումերը) հիմնված է «պայծառ ապագայի» նկատմամբ սպասելիքների վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ պատկերացումները սխալ են ընկալում մարդկային էությունը: Մի կողմն ասում է, որ մարդը մեխանիզմ է, մեծ հաշվով՝ «համակարգիչ», որի կատարելագործումը կբերի համընդհանուր երջանկության ու բարեկեցության, մյուս կողմն ասում էր, որ մարդուն ղեկավարում են զուտ նյութական օրինաչափությունները (որովհետեւ նյութականն առաջնային է, իսկ գիտակցականը՝ երկրորդական, ու, հետեւաբար, կեցությունն է որոշում գիտակցությունը), եւ բավարար է շտկել այդ նյութական՝ արտադրական հարաբերությունները, ու ամեն ինչ տեղը կընկնի: Ի դեպ, այդ երկու գաղափարախոսություններն ունեցել են իրենց ծայրահեղական՝ մարդակեր դրսեւորումները. եթե մարդը մեխանիզմ է, ուրեմն՝ «վատ մեխանիզմներին» պետք է ոչնչացնել համակենտրոնացման ճամբարներում, կամ եթե մարդն, ի վերջո, նյութ է, ապա «վնասակար նյութերը» դարձյալ պետք է ոչնչացնել նույն տեղերում:

Բայց սովորական, ոչ ծայրահեղական տարբերակներով, միեւնույն է, գերիշխող է «պայծառ ապագայի» տեսիլքը, որի համար իբր արժե ապրել եւ պայքարել:

Բոլոր տեսակի քաղաքական դեմագոգները վարակված են եւ անընդհատ փորձում են վարակել նման սին գաղափարներով: «Մենք կկերտենք այնպիսի մի երկիր, որտեղ…», եւ գնում է ինչ-ինչ բարիքների թվարկումը: Այդպես են խոսում ոչ միայն Հայաստանում, նույնն են ասում նաեւ Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում: Նոր Հայաստան, Նոր Ֆրանսիա, Նոր Չուկոտկա: Ամբողջ այդ դեմագոգիան հիմնված է այն մոլորության վրա, որ պետք է ապրել «հանուն ապագայի», եւ քո ամեն մի քայլ պայմանավորված է նրանով, թե ինչ հրաշալի բաներ են տեղի ունենալու վաղը, մեկ ամիս կամ տասը տարի հետո: Բայց եթե այսօրը միայն «նախապատրաստություն» է վաղվա համար, վաղը «նախապատրաստություն» է մյուս օրվա համար, ապա կյանքը բաղկացած կլինի միայն «նախերգանքներից», իսկ բուն «երգը» երբեք չի հնչելու:

Իհարկե, չեմ ասում, որ մարդը չպիտի ունենա նպատակներ կամ երազանքներ՝ առանց նման «խթանիչ գործոնների» դժվար է ապրել: Բայց հույս դնել ինչ-որ «առաջընթացի» վրա, ինչ-որ մի «պայծառ ապագայի», երբ չի լինի ոչ մի ցավ, ոչ մի տառապանք եւ ոչ մի տանջանք, պարզապես մանկամտություն է:

Ինձ հաճախ հայրենակիցներս հարցնում են՝ «բա ե՞րբ ա լավ լինելու, որ Պողոսը գահին նստի, լավ կլինի՞»: Ես դրան միշտ պատասխանում եմ՝ «Ինձ արդեն իսկ լավ է, եւ այդ «լավը» կախված է միայն ինձնից»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. partizan says:

    Simone Lucie Ernestine Marie Bertrand de Beauvoir, commonly known as Simone de Beauvoir (/boʊvˈwɑr/;[1] French: [simɔn də bovwaʁ]; 9 January 1908 – 14 April 1986), was a French writer, intellectual, existentialist philosopher, political activist, feminist and social theorist.
    Hardly a carrier of western free will and free enterprise values, more of a socialist. Need better research to prove the moral equivalency between the civilized world and the territory controlled by the “South Rhodesia with rockets”

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30