Սեպտեմբերի 9-ին «Ֆորում» մամուլի ակումբում շրջակա միջավայրի պահպանման, կանաչ տարածքների ոչնչացման ու ծառահատման խնդիրների շուրջ խոսեցին բնապահպան Կարինե Դանիելյանը, եւ հասարակական գործիչ՝ Սիլվա Ադամյանը:
Սիլվա Ադամյանի ձեւակերպմամբ, խնդիրն անընդհատ արծարծվում է. «Մենք ունենք լուրջ խնդիր: Օրինակ, վերցնենք Երեւան քաղաքը, կանաչ տարածքները յոթանասուն տարի շարունակ պետության կողմից, որ ստեղծվել են, հիմա ոչնչացված են, շատ դեպքերում մնացել են փոքր ծառեր են: Երեւանը մի կլիմայական զոնայում է, որտեղ շատ քամիներ են լինում, միշտ փոշի կա: Պատճառն այն է, որ չունենք կանաչ ծածկույթ, որը պահպանի քաղաքը փոշուց: Ժամանակին ճարտարապետները այդ ամենը հաշվարկել էին: Օրինակ, Մոնումենտի անտառը եւ մյուսները հատուկ ստեղծված էին որպես պաշտպանիչ գոտիներ: Այդ տարածքներում առանձնատներ կառուցած մարդիկ մտածել են լավ կտորներում առանձնատներ ունենալ ու վայելել: Նրանք չեն մտածում կանաչ տարածքների մասին»:
Նա ասաց, որ վերջերս անցնելով Դիլիջանի կողմերով, իր աչքով է փայտ բարձած մի քանի մեքենա տեսել: «Հիմա նորաստեղծ տեսչություն կա, որը պետք է զբաղվի նման խնդիրներով: Քանի որ մեզ մոտ այնքան է խորացել ամեն ինչը, լուծման համար տարիներ են պետք: Օրինակ Թեղուտի հանքավայրի օրինակը բերեմ: Ժամանակին այնտեղ այնպիսի կուսական անտառ էր, հրաշք անտառ: Երբ փորձագետներով բարձանում էինք այն տեղը, որտեղ հանքը պետք է լիներ, ապշում էին, թե ոնց ձեռքները կգնա վերացնել անտառը: Բայց փաստորեն ձեռքները լավ էլ գնաց: Իմիջիայլոց, Շնողում սկզբնական շրջանում բնակիչները մեզ մեղադրում էին, թե դուք ապրում եք, մենք էլ պետք է ապրենք: Հիմա բնակիչներն ասում են՝ էն ժամանակ սոված էինք մեռնում, հիմա թունավորված եւ սոված»:
Սիլվա Ադամյանի ձեւակերպմամբ, բնապահպանական տեսչությունը չի կարելի ասել թե լրիվ անգործության էր մատնված, բայց գնում ահազանգի հետքով, գալիս-ասում էին՝ ամեն ինչ նորմալ է:
«Մենք չենք տեսնում համապատասխան նախարարությունների կողմից խնդիրների կարգավորումը: Ես կփորձեմ խնդիրները միշտ բարձրացնել եւ տանել վերջնակետ՝ որպես մտահոգ անձ եւ բնապահպան: Հասկացանք, որ հկ-ները ահազանգում են, բայց չէ որ ունենք պետական մարմիններ, որոնք պետք է դրանով զբաղվեն»,-ասում է նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ