Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ ՀՀ-ի` ՄԻԵԴ-ում որոշումներ են լինելու

Սեպտեմբեր 20,2019 15:00

«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը ուղղակիորեն խախտելու են այս ոլորտում հանրային եւ մասնավոր շահի քիչ թե շատ ձեւավորված հարաբերակցությունը, դառնալու են Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող բավարարված գանգատների պատճառ, ինչպես նաեւ անմիջականորեն ազդելու են բանկային դեպոզիտների եւ ընդհանուր առմամբ բանկային համակարգի գրավչության վրա»,- «Առավոտի» զրուցակիցն է փաստաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Վարազդատ Հարությունյանը:

– Անցած շաբաթ կառավարությունը հաստատեց «Բանկային գաղտնիքի» վերաբերյալ օրենքի նախագիծը, որը բուռն հակազդեցության արժանացավ: Ի՞նչ խնդիրներ կան նախագծի հետ կապված:

– Այո, կառավարությունը հաստատեց «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը, որով վերացվում են առկա իրավակարգավորմամբ սահմանված սահմանափակումները` կապված այն անձանց շրջանակի հետ,  ում վերաբերյալ քրեական գործի շրջանակներում հնարավոր է ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Այսպես, ներկայումս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին   դատարանի որոշման հիման վրա տրամադրվում են բացառապես քրեական գործի շրջանակներում կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, ներկայացված նախագծով այդ շրջանակը լայնացվում է: Կարելի է ասել, վերացվում են սահմանափակումները եւ հնարավոր է դառնում  նշված տեղեկությունները ստանալ   ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ՝ քննիչի կողմից միջնորդության առկայության դեքում: Նախ՝ քննիչի կողմից նման միջնորդություն ներկայացնելու համար անհրաժեշտ է հսկող դատախազի համաձայնությունն ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատումը, երկրորդ՝ միջնորդությամբ պետք է ներկայացվեն ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ նշված տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար եւ դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզվել չեն կարող: Հիմա անդրադառնանք խնդրահարույց կողմերին, նախ՝ նախագծով ներկայացված նորմի տեքստը չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքին. անհստակ ու վերացական են հնչում բոլոր գնահատողական եզրույթները, ինչպիսիք են օրինակ՝ ծանրակշիռ, վերաբերելի, արժանահավատ եւ բավարար: Երկրորդ՝ հաշվի չի առնում անձի հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության առաջնահերթության ապահովման անհրաժեշտությունը: Ասպես, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում մի շատ կարեւոր, անկյունաքարային արձանագրում է արել, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բացահայտելու օրենսդրական կանոնակարգերը պետք է նախատեսեն համապատասխան երաշխիքներ` բացառելու համար նաեւ պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց հնարավոր կամայական վարքագիծը, իսկ նախագծով նախատեսված փոփոխությունները պարարտ հող են ստեղծում նման կամայականությունների համար, քանի որ այն անձը, ում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար միջնորդություն է ներկայացվել դատարան, չի ծանուցվում նման միջնորդության մասին, ըստ այդմ՝ մասնակից չի դարձվում միջնորդության քննությանը եւ հնարավորություն չի ունենում ներկայացնելու իր հակափաստարկները, օրինակ՝ քննիչի կողմից ներկայացված իբրեւ թե «ծանրակշիռ» տվյալների վերաբերյալ:

– Այսինքն, նախագծով առաջարկվող կարգավորումներով թուլացվո՞ւմ է բանկային գաղտնիքի պաշտպանության ռեժիմը:

– Եթե ամփոփ պատասխանեմ, ապա այո. վերացվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու համար անհրաժեշտ ֆիլտրերից կարեւորագույնը՝ սուբյեկտային սահմանափակ շրջանակը եւ այդպիսով խախտում է բանկային գաղտնիքի ինստիտուտի վերաբերյալ հանրային եւ մասնավոր շահի քիչ թե շատ ձեւավորված հարաբերակցությունը: Ի դեպ, այդ ֆիլտրի մասին իր դիրքորոշումն է հայտնել նաեւ Վճռաբեկ դատարանը ու ի թիվս այլ տարրերի, սուբյեկտային սահմանափակումը համարել է անձի իրավունքների եւ օրինական շահերի ապահովման գործուն երաշխիքներից մեկը: Նախագծով, փաստորեն, այդ երաշխիքը վերացվում է:

– Նախագիծն այս տեսքով Ազգային ժողովի կողմից ընդունվելու պարագայում ի՞նչ իրավիճակ կստեղծվի:

– Նախագիծը նման տեսքով ընդունվելու դեպքում, դրա շրջանակներում բավարարված միջնորդությունների մասով անպայմանորեն լինելու են ՄԻԵԴ գանգատներ, որոնք, ամենայն հավանականությամբ, բավարարվելու են ի վնաս Հայաստանի Հանրապետության: Ի դեպ, սրա մասին կառավարության նիստի ժամանակ զգուշացրեց նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեսե՛ք, ինչպես նշեցի, նախագծով սահմանվել է, որ այն անձը, ում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար միջնորդություն է ներկայացվել դատարան, չի ծանուցվում նման միջնորդության մասին, ըստ այդմ՝ մասնակից չի դարձվում միջնորդության քննությանը եւ հնարավորություն չի ունենում ներկայացնելու իր հակափաստարկները միջնորդության վերաբերյալ, այլ ընդամենը ծանուցվում է post factum` դատարանի որոշումից հետո, նախաքննության ավարտին, երբ արդեն առօրյա լեզվով ասած՝ «բանը բանից անցել է»: Նմանատիպ իրավիճակների մասին իր դիրքորոշումն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը Brito Ferrinho Bexiga Villa-Nova v. Portugal գործով, որով, ի դեպ, դիմումատուն փաստաբան էր, արձանագրել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի /մասնավոր/անձնական կյանքի իրավունքի/ խախտում, քանի որ հարկային մարմինը դիմել էր դատարան քրեական գործի շրջանակներոմ դիմումատուի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առգրավելու միջնորդությամբ, իսկ դիմումատուն մասնակից չէր դարձվել միջնորդության քննությանը եւ հնարավորություն չէր ունեցել ներկայացնել իր առարկությունները միջնորդության վերաբերյալ:

– Այնուամենայնիվ, նախագծի հեղինակները պնդում են, որ այս ոլորտում առկա են խնդիրներ:

– Այո,  որոշակի խնդիրներ կան, օրինակ՝ օրենքով չեն կարգավորվում իրավաբանական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու հարցերը, ինչն առանցքային բացթողում է, քանի որ ինչպես, օրինակ՝ զենքը սպանության դեպքում, որպես հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ, հանդիսանում է հանցագործության առարկա, այնպես էլ իրավաբանական անձինք՝ տնտեսական հանցագործությունների կամ խարդախության դեպքում: Դեպքեր կան, երբ ֆիզիկական անձինք (իրավաբանական անձանց հիմնադիրներ, ղեկավարներ կամ հասարակ աշխատողներ, նրանց հետ փոխկապակցված անձինք), հաշվի առնելով օրենքի ներկայիս խմբագրությունը, հնարավորություն են ստանում կատարել տարբեր տնտեսական հանցագործություններ՝ օգտվելով իրավաբանական անձանց բանկային հաշիվներից: Այս դեպքում, իրավաբանական անձինք, որպես բանկի հաճախորդ, փաստացի քողարկում են ֆիզիկական անձի կողմից կատարված հանցանքը, քանի որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը ի զորու չի լինում նույնիսկ դատարանի օգնությամբ ստանալ իրավաբանական անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը: Խնդիրն իր լուծումն է ստացել Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումներով,  որով հստակ չափանիշներ են սահմանվել, թե որ դեպքերում է հնարավոր իրավաբանական անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկութուններ ստանալ եւ իրավակիրառ պրակտիկան էլ նորմալ աշխատում է Վճռաբեկ դատարանի այդ որոշման շրջանակներում: Ուստի, անհրաժեշտություն չկար այդ հարցն օրենսդրորեն կարգավորելու համար այսպես խեղաթյուրել այս ինստիտուտը:

Կոչ եմ անում Ազգային ժողովին ձեռնպահ մնալ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով եւ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու անձնական/մասնավոր կյանքի մաս հանդիսացող բանկային գաղտնիքի ներկա ռեժիմի թուլացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունից, հակառակ դեպքում այն հղի է մի շարք վտանգներով: Մասնավորապես՝ այն ուղղակիորեն խախտելու է այս ոլորտում հանրային եւ մասնավոր շահի քիչ թե շատ ձեւավորված հարաբերակցությունը, դառնալու է Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող բավարարված գանգատների պատճառ, ինչպես նաեւ անմիջականորեն ազդելու է բանկային դեպոզիտների եւ ընդհանուր առմամբ բանկային համակարգի գրավչության վրա:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30