Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից իր ազատման դիմումը եւ գրել, որ ԵԹԿՊԻ-ն 28300 դրամ է գնահատում իր դասախոսներին, ինչը վիրավորական աշխատավարձ է:
Բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հրանտ Մովսիսյանի ազատման դիմումը, այսպես արձագանքեց. «Անկեղծ ասած, չեմ ընկալում` այդ բողոքն ում դեմ է, որովհետեւ իմ դեմ է, պետք է ասեմ, որ ես ընդամենն առաջնորդվում են ընդհանուր սկզբունքներով:

Այնուհետեւ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ներկայացրեց դասախոսների վարձատրման սկզբունքը: Ասաց, որ բուհում 1 ժամ ծանրաբեռնվածությունը 1200 դրամ է, որը սեպտեմբերի 1-ից դարձել է 1600 դրամ, ինչը ռեկտորի ձեւակերպմամբ, առավելագույն հնարավորություն է:
Կարդացեք նաև
«Դոցենտներինը 1800 դրամից դարձել է 2000, պրոֆեսորներինը` 2000 դրամից 2200: Հրանտ Մովսիսյանը դոցենտ չէ, պրոֆեսոր չէ, եւ դա իմ մեղքը չէ: Ինքն ունի մեկ կուրս` առաջին կուրս, ընդամենը 8 ուսանող, եւ առաջին կուրսում մասնագիտական ժամերն ավելի քիչ են, որովհետեւ տեսական առարկաներ էլ են անցնում` հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն եւ այլն:Եվ դասերը կազմում են 268 ժամ, որից 128-ը ինքն իր կամքով տվել է երկրորդ դասախոսին անհատական պարապմունքների համար: Իրեն մնացել է 140 ժամ, ամեն ամիս էլ 10000 դրամ ստանում է որպես կուրսի ղեկավար, հիմա դա է մեր հնարավորությունը:
Ինչ վերաբերում է նրան, որ ասում է` ես վաստակավոր եմ, կներեք, սա բուհ է, որտեղ աշխատում են բազմաթիվ վաստակավորներ, ժողովրդականներ, վաստակած մարդիկ, եւ որեւէ մեկն իրեն առանձնահատուկ գնահատելու պահանջ չի ներկայացնում: Հրանտ Մովսիսյանին եւս առանձնահատուկ գնահատելու որեւէ տարբերակ չկա:
Մի բան էլ` մանկավարժ լինելը միշտ էլ նվիրում է պահանջում, եւ մանկավարժը երբեք չի վարձատրվում այնքան, որքան տալիս է, միշտ է այդպես եղել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































