«Չափազանց բարդ էին բանակցությունները և տևել են մոտավորապես 10, նույնիսկ 12 ժամ: Առաջին քայլը դա է: Այստեղ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ, որպեսզի հումանիտար բնույթի հարցեր լուծել, մյուս կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, ամրագրելն է կրակի դադարը, մեխանիզմները, որոնք ապահովում են կրակի դադարը, ամրապնդում են գործողությունների վերսկսման բացառումը»,-հիշեցմանը՝ հումանիտար հրադադարի մեկնարկի մասին օր, ժամ ասվեց, բայց չասվեց շարունակության մասին և հարցին՝ ի՞նչ է լինելու, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ գրեթե 11 ժամ տևած բանակցություններից հետո «Լուրերի» հետ հարցազրույցի ընթացքում այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք՝ հանդիպումից հետո ժամը 3:50 կայացած ճեպազրույցում Սերգեյ Լավրովը նշեց այն 4 կետերը, որոնց շուրջ կողմերի միջեւ կայացել է համաձայնությունը:
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ այս կետերի իրականացման հարցում ՌԴ-ն և համանախագահ երկրներն ունեն կարևոր գործառույթ: Խոսելով համաձայնեցված տեքստի մասին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց. «Եթե նկատեք այն տեքստից, որը համաձայնեցրինք, դրանք քայլեր են մեկը մյուսից բխող, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայունության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում ու շարունակություն խաղաղ գործընթացի, որը, բնականաբար, մեզ համար եղել է առաջնային նպատակ»:
Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց՝ մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք կարողանանք հասնել մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային. «Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ իրավիճակ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ուժգին աջակցությամբ՝ Թուրքիայի կողմից և նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից՝ կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարը փաստեց՝ իրավիճակը տարածաշրջանում մնում է բավականին փխրուն և վստահեցրեց. «Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, քանի որ սա և′ տարածաշրջանի համար, և′ ԼՂ համար առաջին հերթին դարձել է բավական լուրջ մարտահրավեր: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավական լուրջ մարտահրավեր, և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»:
Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց՝ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն ունենալ չի կարող և հավելեց. «Հիմա առաջին խնդիրն ուղղակի այս ճգնաժամն ավարտին հասցնելն է: Այստեղ գիտեք, որ նշանակություն ուներ համանախագահների դերակատարությունը: Առաջին օրվանից բավականին մեծ ու կարևոր դերակատարություն ունեին համանախագահ երկրները. գիտեք համանախագահ երկրների նախագահների մակարդակով հայտարարությունների մասին, գիտեք ԱԳ նախարարի հայտարարության մասին, գիտեք առանձին նախագահների այն քայլերը, գործողությունները, որ իրենք կատարում էին այդ առումով և Ֆրանսիայի նախագահի դերակատարությունը, ԱՄՆ-ի կողմից գիտեք հայտարարությունները՝ նախագահի, պետքարտուղարի մակարդակով՝ ի ցույց դնել լրջությունը իրավիճակի և ներգրավվածությունը»:
Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց ՌԴ-ի դերակատարությունը, որ ՌԴ-ն ստանձնեց, և ՌԴ նախագահն ինքն անձամբ իր ներուժը դրեց դրա մեջ, ինչպես մյուսները: Խոսելով բուն բանակցությունների մասին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք այսօր հավաքվել էինք, որ փորձեինք իրական գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որ տեղի էր ունենում ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև առանձին-առանձին: Մեր հանձնարարությունն է հասնել դրանց իրականացմանը: Հուսով եմ, որ մենք կկարողանանք ժամը 12:00-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ֆիզիկական անվտանգության՝ մեր մտահոգություններն ամբողջովին արդարացված են և դրանք ուղղակի գոյություն ունեն անմիջապես: Այս առումով է, որ խաղաղ բանակցությունները մեզ համար եղել ու մնում են առաջնային մեր հայրենակիցների անվտանգության համար: Առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման, իրավունքի ճանաչումն ու իրացումը, որը կբերի մեր ԼՂ հայրենակիցներին հասնելու այն կարևոր նպատակին, որն ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը և ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ, իրենց կյանքը, իրենց ճակատագիրը որոշող այդ կարգավիճակում՝ որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով՝ որպես անկախ պետություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արմենպրեսի


















































