Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում». Արա Այվազյան

Փետրվար 23,2021 11:35

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հրավիրված էր արտգործնախարար Արա Այվազյանը: Լրատվամիջոցների համար բաց էր հանդիպման միայն առաջին մասը, հետո նիստն անցկացվեց դռնփակ՝ քննարկելու գերիների, Քարվաճառի հետ կապված եւ այլ հարցեր:

Նախարարն ասաց, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Նա կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության գործիքը, ասաց, որ պետք է կարողանան համադրել իրենց աշխատանքը. «44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի եւ ազդեցությունների վերադասավորում: Այս գործընթացը դեռեւս ամբողջովին չի բյուրեղացել եւ դեռեւս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին եւ մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության պահպանման, հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առաջնային դերակատարում է ստանձնել ՌԴ-ն: Ակնհայտորեն ավելացել են նաեւ Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում: Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության պահպանումը եղել է եւ մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունը: Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները եւ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախեւառաջ պետք է ձեւավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռեւս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ»:

Նախարարն ասաց, որ միեւնույն ժամանակ մեր՝ հայկական կողմի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է եւ մենք շարունակում ենք սատարել այդ ձեւաչափը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728