Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղնե՛րն է պետք փոխել

Մարտ 03,2021 10:00 Share

Հայաստանում սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, այնուհետեւ փոփոխվել է 2005 եւ 2015 թվականներին: Ընդունման եւ փոփոխությունների նախաձեռնողներ էին համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնց համար մասնագետները Հիմնական օրենքը ձեւել էին «իրենց հագով»:

Հայաստանի չորրորդ ղեկավարը որոշել է իր նախորդներից հետ չմնալ եւ նախաձեռնել սահմանադրության չորրորդ տարբերակը՝ կրկին վերադառնալով կիսանախագահական ձեւին: Դա հնարավորություն կտա նրան

ա/ իշխել առնվազն եւս 10 տարի,

բ/ ազատվել իր «հրամայագրերը» երբեմն չդակող նախագահ Արմեն Սարգսյանից:

Իրականում կառավարման համակարգը Հայաստանում կարող է կոչվել նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական կամ անգամ սահմանադրական միապետություն՝ միեւնույն է, ցուցանակից էությունը չի փոխվում: Բոլոր դեպքերում ամեն ինչ այս պետության մեջ կախված է մեկ մարդուց, խորհրդարանը խաղում է զուտ խորհրդանշական դեր, մերձիշխանական  օլիգարխիան արտոնություններ է ստանում, իրավապահ մարմիններն առաջին դեմքի կամակատարներն են եւ «թխում են» նրա պատվիրած գործերը, կուսակցությունները (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր) չեն կայանում, քծնողների բանակը փառաբանում է «թագավորի» իմաստությունը:

Եթե այս վիճակը լիներ Հայաստանի 4 ղեկավարներից մեկի կամ երկուսի իշխանության ժամանակ, ես գուցե կմտածեի, որ դա այդ ղեկավարների անձնական հատկանիշներից է: Եթե դա լիներ մեր «փորձարկած» կառավարման  երեք համակարգերից մեկի դեպքում, ես կարող էի ենթադրել, որ դա համակարգից է: Բայց քանի որ նույնը տեղի է ունենում 30 տարի բոլոր ղեկավարների եւ բոլոր համակարգերի ժամանակ, ես կարծում եմ, որ խնդիրն ավելի խորն է: Օրինակ, ներկայիս համակարգն, ըստ էության, թույլ չի տալիս պաշտոնանկ անել պատերազմը խայտառակ ձեւով տանուլ տված վարչապետին: Իսկ եթե նա լիներ նախագահ կամ «կիսանախագահ», դա հնարավո՞ր կլիներ:

Նույնն է, իհարկե, նաեւ «լեգիտիմությունը»: Մեծ հաշվով, ձեւական իմաստով դա միայն բառ է, թուղթ է: Նախորդ իշխանություններն ունեին այդ թուղթը՝ չվաստակելով դրա իրավունքը, այսօրվանները դա վաստակել են: Ի՞նչ է դա փոխում, իրավիճակն ավելի կայո՞ւն է դարձնել: Ներկա իշխանության հասարակական, հոգեբանական լեգիտիմությունն ավելի բա՞րձր է, քան ՀՀԿ-ինը: Վաղը, եթե տեղի ունենան արտահերթ/հերթական ընտրություններ, որոնցում արդար/անարդար ձեւով հաղթի «Իմ քայլը»/«Ուրիշի քայլը» ու սկսի թափահարել «լեգիտիմության» թղթով («մենք ժողովրդի իշխանություն ենք»), դրանից հասարակական լարվածությունը թուլանալո՞ւ է:

Խնդիրը, հետեւաբար, ոչ այնքան համակարգերն են, ղեկավարները կամ անգամ լեգիտիմությունն է, որքան հասարակությունն է: Պետք է մտածել հասարակության պառակտվածությունը հաղթահարելու մասին:

Դառնալով Հիմնական օրենքին՝ ուզում եմ այս դեպքում համաձայնել Ռուսաստանի նախագահի հետ, որը մի առիթով ասել է՝ «Ոչ թե սահմանադրությունն է պետք փոխել, այն ուղեղները»: Ճիշտ է, այդ բանն ասելուց տարիներ անց Պուտինը փոխեց իր երկրի սահմանադրությունն այնպես, ինչպես իրեն է հարմար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Դեռ քիչ մը ժամանակ եւս որ անցնի, այժմու իշխանութեան այդ նշանաւոր «լեգիտիմությունն» ալ, կ’ենթարկուի գոնէ… լեգիտիմ հարցականների:

    Դեկտեմբեր 2018-ին, քուէարկողների կէսէն աւելին, չքուէարկեցին (կեցէք… նիւթս մասնակցութեան տոկոսի հարցը չէ…) :

    Եթէ մի պահ վերյիշենք թէ ինչպիսի մթնոլորտի մէջ տեղի ունեցան այդ ընտրութիւնները, լրջօրէն եւ առարկայականօրէն, կարելի՞ է բացառել որ այդ չքուէարկողների մի մասը, այդպէս զլացան՝ վախի՛ պատճառով:

    Փոքրիկ երկիր մըն է, հեշտօրէն հնարաւոր է գիտնալ թէ ով՝ որուն կու տայ իր քուէն: Պատկերացուցէք մանաւանդ՝ գիւղական հեռաւոր շրջանների մէջ: Իսկ նոյնիսկ եթէ այդպէս չլինի, բնակչութիւն մըն է որու մի մասի համար հաստատ բան է, որ դա այդպէս է, որ մանաւանդ օրուայ իշխանութիւնը միջոցները ունի գիտնալու թէ ով՝ ո՞ւմ քուէ տուեց:

  2. Հ.Շ. says:

    Իսկ Մայիսէն մինչեւ Դեկտեմբեր, «թաւիշը» արդէն ակնյայտօրէն շատ բարակ էր, ձեւական էր միայն: Մարտավարական հնարք մըն էր: Քաղաքական հետապնդումները տեւական էին, բանտում նոյնիսկ լրագրող մը մահացաւ, առեղծուածային անձնասպանութիւններ տեղի ունեցան, ջանացին մարդ քաշկռտել ու տառացիօրէն աղբամանի մէջ նետել, այլազան սպառնալիքներն ու բեմադրական դագաղները ամէն կողմ էին, յեղափոխականների կամքին կամ քմայքներին դէմ գնալ համարձակողը՝ դա անում էր դիմագրաւելով ռիսկեր, at one’s own peril… մինչեւ իսկ դատաւոր մը դատարանի լուսամուտից վար քաշեցին, գետին փռեցին… եւ այլն. եւայլն.

  3. Հ.Շ. says:

    Թէ՝ այդ վախի ազդակը ո՞րքանով, ի՞նչ չափով ազդեց, թէ՝ այդ յիսուն տոկոսից աւելի ընտրական ձեռնպահութեան քանի՞ տոկոսը այդ վախի պատճառով էր, անշուշտ կարելի չէ հաստատել («ժողովուրդի» վերաբերեալ ստոյգ գուշակութիւնների շնորհքը վերապահուած է այժմու վարչակարգին եւ նրա հետեւորդներին) : Սակայն կարելի չէ լրջօրէն հերքելը՝ թէ այդ վախի ազդակը, գոյութիւն չունէր: Վերջապէս, վախի միջոցաւ էր, բռնութեան սպառնալիքի տակ էր, որ Աժում մի քանի աթոռներ միայն զբաղեցնող անհատներ, ամիսնե՜ր շարունակ, իրենց կամքը լիովին պարտադրեցին մնացեալ բոլորին՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ… Եթէ սրանք բոլորը այդպէս, այդքան վախեցան ու ենթարկուեցան, պարզ քաղաքացինե՞րը պիտի չվախենային՝ գնալ եւ ԻմՔայլի դէմ քուէարկելու…

    Ուրեմն առաջ, ընտրակաշառքն էր խնդիրը: 2018-ին, դա փոխարինուեցաւ՝ վախի ազդակով: 2023-ին, այդ երկու միջոցներն ալ կը կիրառուին:

  4. Armen says:

    1998-2018թթ-ին մեր հասարակությունը բռնաբարվել է այնպես, որ ժողովուրդը մեկընդմիշտ դադարի մտածել ինքնասիրության և իրավունքի իր բաժինը ունենալու մասին: 20 տարին հերիք է փոխելու հասարակության սովորույթն ու գործելակերպը: Դրա ակնառու վկայությունն է այսօրվա քաղաքական դաշտի անմխիթար վիճակը՝ պատերազմում պարտություն կրած իշխանության ռեալ փոխարինող չի նշմարվում: Ստեղծվել է դառն զավեշտալի իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում կուրծք ծեծողները իրենց անցյալի գործունեությամբ հնարավորություն են ստեղծել ներկաներին մնալու իշխանության:

  5. հայկ համբարձումեան says:

    Սահմանադրութիւնը թուղթ է. եթէ չի համընկնիր հասարակութեան հոգիին, թուղթ ալ կը մնայ, եւ որեւէ իշխող ուժ այդ թուղթը ինչպէս ուզէ՝ կը փոխէ.

    իսկ հոգիներու փոփոխութիւնը սերունդ կը պահանջէ, դաստիարակութիւն, ամուր համակարգ եւ այլն։

    ի դէպ՝ որեւէ մէկը որ աւելի արաք փոփոխութիւն կը խոստանայ՝ շառլաթանութեամբ զբաղուած է։

  6. Իրատես says:

    Երրորդ հանրապետությունում թագավորի ինստիտուտը ոչ մի թագավոր չի ցանկացնում վերացնել, քանի որ աթոռը ավելի շատ է սիրում քան հայրենիքը։ Իշխանության ճյուղերի անկախությունը ոչ մի թագավորի պետք չէ։ Իրենց պետք է ուղղահայաց իշխանություն, որի գլխին կլինի թագավորը՝ հպարտ, օրենքից վեր ու քծնողներով շրջապատված։

  7. Լավատես says:

    Երբ մարդկանց սոված են պահում՝ պատճառը պետության աղքատությունը չէ, այլ ընդամենը բուծում են մարդու սպառողական գաղափարազուրկ տեսակը, կարճ ասած՝ զբաղված են անասնաբուծությամբ, իսկ այդ սոված զանգվածի գլխին որպես ղեկավար դնում են կազյոլների՝ եւ իշխանության եւ ընդդիմության, որ ինչպես էլ ընտրես, միշտ կազյոլ ստացվի (մեր այծը սրբություն է, էդ ուրիշի կազյոլները մեր այծի հետ կապ չունեն): Մեզ ոչ միայն ֆինանսական ու տնտեսական կախվածության տակ են գցել, որ մենք օրվա հացի մասին միայն մտածենք ու մտածենք ինչպես պարտքերի տակից դուրս գանք՝ էլ ինչ գաղափարախոսություն, էլ ինչ ազգային պետականություն՝ լավագույն դեպքում ազգային գույներով գունազարդված գոմ, հիմա էլ մեզ անվտանգության սպառող են դարձնում՝ սեփական բանակն են կրճատում, որ ուրիշի ուժի սպառողը դառնանք: Միայն ազնվական մարդն է, որ ինչքան էլ նրան խեղճացրած լինեն, նրան գաղափարապես կոտրել հնարավոր չէ, մենք պետք է կազյոլներին ուղարկենք իրենց տերերի ծոցը եւ մեր ազնվականներին պարտադրենք դառնան մեր հրամանատարը, իսկ մենք կերդվենք, որ սրբորեն կկատարենք նրանց հրամանները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031