Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություններ, որոնք կարող են մնալ թղթի վրա ու փակվել Թուրքիայի ԱԳՆ-ի դարակներում

Հուլիս 07,2022 12:00 Share

Ալիեւից ցանկացած «դժգոհության» պարագայում՝ Անկարան հետքայլ է անելու եւ ցանկացած պատրվակ օգտագործելու է՝ Երեւանից լրացուցիչ զիջումներ պահանջելու հարցում

Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացով զբաղվող հատուկ ներկայացուցիչներ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում չորրորդ հանդիպումն անցկացրեցին:

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումից ընդամենը 3 օր առաջ պաշտոնական Անկարան դարձյալ խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ԱԳ նախարարների հանդիպմանն ասել էր. «Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքին (բացմանը) եւ ցանկանում, որ այն րոպե առաջ բացվի»:

Իսկ պաշտոնական Երեւանը պատրաստվում էր գնալ Թուրքիայի ներկայացուցչի հետ չորրորդ հանդիպմանն արձանագրելով՝ «մինչ այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա»: «Գործընթացի հաջողությունը կախված է նաեւ Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից եւ քաղաքական կամքից: Ինչպես տեսնում եք, մինչեւ այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա, եւ դա տեսանելի է»,-լրագրողների հետ զրույցում ասել էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ թուրքական կողմի հետ բանակցություններից մեկ օր առաջ:
Հուլիսի 1-ին, չնայած հայկական կողմի մոտ առաջընթացի բացակայության մասին արձանագրմանը, Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար եւ որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ բանակցողները պայմանավորել են նաեւ հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը եւ որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

«Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։ Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների»,- ասվում էր հաղորդագրությունում։ Նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն:

Այսպիսով, հայ-թուրքական սահմանը կբացվի 3-րդ երկրի քաղաքացիների համար: Ըստ ամենայնի, թուրքական կողմի նկատմամբ որոշակի դիվանագիտական ճնշումներ են բանեցվել՝ Հայաստանի հետ գործընթացում որոշակի առաջընթաց ապահովելու տեսանկյունից: Մինչեւ Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպումը, համենայնդեպս, լավատեսության հիմքեր չէին նշմարվում, ավելին՝ գործընթացը որոշակիորեն դանդաղել էր ու էլ ավելի անորոշ էր դարձել: Սակայն հատկանշական է, որ Հայաստան-Թուրքիա վերջին պայմանավորվածությունն արձանագրվեց ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։

Արեւմուտքի կողմից՝ հայ-թուրքական գործընթացն արագացնելու ջանքերին զուգահեռ հայկական կողմի համար դիվանագիտական տեսանկյունից բացվել է հնարավորությունների պատուհան՝ հայկական շահն առաջ մղելու եւ դիրքերն ամրացնելու տեսանկյունից: Այլ հարց է, թե գործող իշխանությունները որքանով են օգտվում հնարավորությունների այդ պատուհանից:

Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպման արդյունքները գնահատելիս, անշուշտ, պետք է զգոն լինել, քանի որ հայտնի է, որ Անկարան այս գործընթացը անթաքույց կապում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրվելիք արդյունքների հետ: Թուրքիայի իշխանություններն այդ մասին հրապարակավ մի քանի անգամ հայտարարել են, որ, փաստորեն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցնում են Բաքվի հետ: Իսկ սա նշանակում է, Ալիեւից ցանկացած «դժգոհության» պարագայում՝ Անկարան հետքայլ է անելու, ավելի ճիշտ՝ հայկական կողմի նկատմամբ լրացուցիչ ճնշման գործիքներ է կիրառելու:

Այս առումով՝ հայկական կողմն արդեն իսկ թուրք-ադրբեջանական լարած ծուղակում է հայտնվել, որում պաշտոնական Երեւանից զիջումներ ակնկալելու են թե՛ Անկարան ու Բաքուն, թե՛ այլ շահագրգիռ կողմերը: Հետեւաբար, Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպումը որքան էլ գնահատվում է՝ «քայլ առաջ», չպետք է մոռանալ ու անտեսել Հայաստանի շուրջ գոյություն ունեցող վտանգները:

Նախ, Անկարան, ինչպես էլ Բաքուն, Երեւանից հստակ ակնկալելու ու պահանջելու են մոռանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ-ի խնդրով բանակցությունների հեռանկարի մասին: Բաքվից արդեն իսկ հնչել են նման «հրահանգներ»:

Հաջորդը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի եւ Թուրքիայի ճանաչման վերաբերյալ պաշտոնական Երեւանի կեցվածքն է, որը Անկարայի համար կարեւոր է: Հայտնի չէ, թե պաշտոնական Երեւան ինչ «կարմիր գծեր» է սահմանել Անկարայի հետ բանակցություններում, ինչ պահանջներ է ներկայացրել, որոնք թուրքական կողմը առաջնային պետք է իրագործի: Հաջորդը՝ Ադրբեջանին միջանցք տրամադրելն ու Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում ճանաչելու Բաքվի ու Անկարայի նպատակներն են:

Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում թելադրող կողմը՝ Անկարան է, եւ անկախ այն բանից, որ Արեւմուտքից թուրքական իշխանությունների ուղղությամբ կլինեն հորդորներ՝ արագացնելու գործընթացը, դրանից ամենեւին չի բխում, որ ցանկացած «պատրվակ» Թուրքիան չի օգտագործելու՝ ողջ գործընթացը վիժեցնելու նպատակով:

Իսկ առայժմ, արձանագրենք, որ Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպումն արձանագրեց փոքր առաջընթաց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում, սակայն դրանք ընդամենը հայտարարությունների մակարդակով արված արձանագրումներ են, ինչը նշանակում է, որ դրանք կարող են մնալ թղթի վրա:

Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031