Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սպիտակի նվիրյալը

Դեկտեմբեր 04,2023 12:30

Հատված «Օջախիս երկրաշարժը» գրքից

Մեզանից հոգեկան մեծ վնասվածքներով ու վիրավորանքներով հեռացավ մեր մեծ հայրենասերն ու նվիրյալը, Սպիտակը շենացնողը՝ Նորիկ Մուրադյանը, ում տքնաջան աշխատանքի գնով ծաղկում էր քաղաքը։

ՀՀՇ-ական իշխանության պարագլուխներն սկսեցին անհիմն հետապնդումներն ու հալածանքները նման հերոսացած մարդկանց նկատմամբ, նրանց, ովքեր լծվել էին կործանված քաղաքը վերականգնելու սուրբ առաքելությանը։ Նրանք ցավը սրտերում հեռացան երկրից։ Ովքեր ներկա են եղել հրաժեշտի ժամանակ, վկայում են, որ Ն. Մուրադյանն ապսպրել-հանձնարարել է.

– Լավ պահեք ու պահպանեք մեր ստեղծած բարիքները։ Պահպանե՛ք, որքան կարող եք։ Միեւնույն է, վաղ թե ուշ՝ վերադառնալու եմ…

Ու վերադարձավ՝ երկար տարիներ անց, ինչպես խոստացել էր։ Հայրենիքն սպասում էր նման զավակների խնկարկող արարումներին։ Եկավ ու ներդրեց առավելագույնը մեր սպասումների, առանց իրեն հասցված վիրավորանքները հաշվի առնելու։ Եվ կառուցեց, կառուցե՛ց։ Ու կառուցեց ամենուրեք։ Կիսաքանդ իր ոստանում էլ հիմնեց «Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը», որի կառուցումն ընթացքի մեջ է, իսկ ավարտը տեսանելի չէ։

– Հուշահամալիրը հիմնել ու կառուցում եմ աղետի էպիկենտրոն Սպիտակում, սակայն այն ողջ աղետի գոտու տարածաշրջանի համար է, ներառելով նաեւ բոլոր այն երկրներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք ժամանել են աղետի գոտի՝ օգնության նպատակով։ Եթե ինչ-որ մեկն օգնության ձեռք է մեկնել Հայաստանին ու հայ ժողովրդին, ապա իմ պարտքն եմ համարում մեծարել ու փառաբանել նրան, – իր հայրենասիրական սրտաբուխ մտքերն է հրամցնում Նորիկ Մուրադյանը։

Նա միակ հզորագույն մարտիկն էր, ով անվախ, ըմբոստացավ Խորհրդային Միության պրեզիդենտ Միխայիլ Գորբաչովի դեմ, երբ երկրի ղեկավարն առաջարկեց աղետի էպիկենտրոն Սպիտակ քաղաքը կառուցել մեկ այլ վայրում՝ Ապարանին մոտ։

Ն. Մուրադյանն այդ որոշումը չեղարկելու համար սկզբից դիմեց Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին։ Վերջինս հրաժարվեց եւ հարց տվեց.

– Իսկ ինչո՞ւ չես դիմում քո մտերիմ ընկերոջը՝ Նիկոլայ Ռիժկովին…

Ն. Մուրադյանն այնժամ դիմեց Ն. Ռիժկովին, որի պատասխանը բավականին կոշտ էր.

– Նորիկ Գրիգորիչ, իսկ ո՞վ է առաջարկել Սպիտակը կառուցել մեկ այլ վայրում…

– Միխայիլ Գորբաչովը, – հետեւել էր պատասխանը։

– Ուրեմն նրան էլ դիմեք, – հակադարձել էր Ն. Ռիժկովը…

Նորիկ Մուրադյանին ոչինչ չէր մնում, քան անմիջապես ներկայանալ Մ. Գորբաչովին։

– Միխայիլ Սերգեեւիչ, եթե մտադիր եք Սպիտակը կառուցել մեկ այլ վայրում, ուրեմն բարի եղեք տեղափոխել նաեւ Սպիտակի գերեզմանոցը, որտեղ իրենց հավերժական հանգիստն են գտել թե՛ երկրաշարժի ժամանակ զոհված չորս հազարից ավելի ննջեցյալները, թե՛ տարիների ընթացքում այնտեղ հուղարկավորված անձինք։ Չէ՞ որ Սպիտակի բնակչությունն ամեն Աստծո օր այցելելու է գերեզմանոց…

Ն. Մուրադյանի այս խոսքերից հետո Մ. Գորբաչովն ստիպված է լինում փոխել որոշումը։

Երբ աղետի գոտու բնակչությանն սկսվեց երկրաշարժի հետեւանքով կորցրած շարժական ու անշարժ գույքի դիմաց փոխհատուցում վճարելու գործընթացը, այստեղ եւս Նորիկ Մուրադյանն անգնահատելի ավանդ ունեցավ։ Միութենական ղեկավարությունը որոշել էր քանդված տների դիմաց փոխհատուցում վճարել տների մաշվածության տոկոսը շենքի հաշվեկշռային արժեքից հանելուց հետո եւ վճարել միայն մնացորդային արժեքը։ Անհավատալի համառությամբ Ն. Մուրադյանը պնդում, առաջ է տանում իր տեսակետը եւ հասնում հաջողության։ Նիկոլայ Ռիժկովին ապացուցում է, որ, եթե աղետյալ ժողովրդին վճարվի միայն շենքերի մնացորդային արժեքը, ապա մարդիկ այդ գումարներով չեն կարողանա բնակարաններ կառուցել, կմնան անօթեւան եւ նրանց համար այն կդառնա մի նոր աղետ։

– Մարդկանց տները քանդվել, հիմնահատակ են եղել։ Ձեր տված մանրադրամով ինչպե՞ս են կառուցելու իրենց բնակարանները, – ըմբոստացել էր Ն. Մուրադյանը։

Ն. Ռիժկովը վերջապես համաձայնում է, բայց հրաման չի արձակում եւ շինությունների արժեքները վճարվում են 100 տոկոսի չափով՝ նրա բանավոր հանձնարարականի հիման վրա…

Վերստին ահագնանում է զայրույթս, թե ինչպե՞ս կարելի էր նման հզորագույն անհատականության նկատմամբ շարունակական հետապնդումներ ու անհարկի հալածանքներ իրագործվել երկրի ղեկն ստանձնած ՀՀՇ-ական անգործ իշխանավորների կողմից։ Եվ, եթե չլինեին Հայրենիքը քայքայելու միտումով այդ ապազգային գործողությունները, «աղետի էպիկենտրոն» հասկացությունը վաղուց լքած կլիներ մեր ու Նորիկ Մուրադյանի ոստանը։ Եվ իմ խորին համոզմամբ, վագոն-տնակների փոխարեն, Սպիտակում հիմա վեր կբարձրանային շքեղաշուք բնակելի շենքեր, մանկապարտեզներ եւ, ամենակարեւորը՝ գործարաններ ու ֆաբրիկաներ, ինչպիսիք նախկինում էին եղել։ Իսկ այդ նախկին գործարաններն ու ֆաբրիկաները կոպեկներով օտարելու դեմ դարձյա՛լ միայն Նորիկ Մուրադյանն էր պայքարում։ Ցավալի է, շատ։

Ն. Մուրադյանը, Հայրենիք վերադառնալուց հետո, ցանկություն հայտնեց վերակառուցել երկրաշարժից ավերված եւ տարիներ առաջ իր իսկ հիմնած «Հեքիաթ» ճամբար-պանսիոնատը, որը հայտնի էր ոչ միայն Սպիտակում, Հայաստանում, այլ ողջ Խորհրդային Միությունում ու արտերկրում։ Միայն այն փաստը, որ Խորհրդային Միությունում գործող չորս բոուլինգի սրահներից մեկը գտնվում էր այդ ճամբարում՝ արդեն «ամեն ինչ ասված է»։

Եվ, ցավոք սրտի, Հայրենիքից հարկադրաբար նրա հեռանալուց հետո, բորենիների անկշտությամբ, թալանվել էին ոչ միայն «Հեքիաթ»-ում եղած հրաշալիքները, այլ Ն. Մուրադյանի ազնիվ ջանքերով հիմնադրված ու աննկարագրելի վերելք ապրած Սպիտակի Կարի արտադրական միավորման ողջ ունեցվածքը։ Չնչին՝ «ջրի գնով», սեփականաշնորհված «Հեքիաթ»-ի տարածքի ու ավերակներ դարձած կառույցները հետ վերադարձնելու գործընթացում ստեղծվել էին բազմաթիվ իրավական խնդիրներ ու խոչընդոտներ, եւ այն չտրամադրվեց Ն. Մուրադյանին։ Եվ սա էր պատճառը, որ «Հեքիաթ»-ի վերակառուցումն աններելի կերպով խաթարվեց…

Այս ամենը մտաբերելիս, հիշողություններս տարան դեպի գերմանացի ընկերս՝ Մանֆրեդ Բարչը, ում հետ պատիվ եմ ունեցել երկար տարիներ հարաբերվել։

Մանֆրեդի մեքենայով ուղեւորվեցինք Լայպցիգ: Պատերազմի տարիներին մի քանի անգամ ձեռքից ձեռք անցած, հազարավոր անգամ ռմբահարված քաղաքն այնպիսի հանճարեղ ճարտարապետական լուծումներով էր վերականգնվել, որ հնի ու նորի համադրումներն ավելի հաճելի տեսք էին տվել գոթական ու ժամանակակից ճարտարապետական արվեստների միաձուլմանը:

Նախքան Լայպցիգ հասնելը, Մանֆրեդը կանգ առավ ճամփեզրին հարող մի գեղեցիկ կառուցապատված բլրակի մոտ, առաջարկեց գարեջուր խմել եւ խորտիկներ ճաշակել: Բլրակն այնպիսի հմտությամբ էր ընտրվել, որ խորտկարանից, կարծես ափի մեջ, երեւում էր Լայպցիգի մի պատկառելի մասն՝ իր ողջ հմայքով: Մանֆրեդը սեւեռուն հայացքը չէր կտրում Լայպցիգից: Հասկանում էի, որ մանկության տարիների ինչ-որ հիշողություններ են նորից արթնացել նրա հոգու «պահեստարանում», որոնց «մասնիկներից» շատ էր տրամադրել ինձ: Քիչ անց, նա փոքր-ինչ այլափոխված հայացքն ինձ ուղղեց ու սկսեց պատմել մեզ համար անհավատալի, կարծես թե՝ անիրական, բայց «գերմանացիների կարգապահության ու բնավորության համար», իրական մի պատմություն:

– Ռուսական ու անգլո-ամերիկյան զորքերը ռմբակոծում էին Լայպցիգը: Երկնքից կարծես կրակ էր թափվում: Մենք 5-6 տարեկան մանկահասակ երեխաներ էինք: Պատսպարվում էինք շենքերի ներքնահարկերում: Ամեն վայրկյան լսում էինք ինքնաթիռների «վնգստոցներն» ու ռումբերի անվերջանալի պայթյունները եւ դողդողալով իրար էինք փաթաթվում, կարծես միմյանց փրկելու համար: Հերթական ռմբակոծության ժամանակ, մեկը գոռաց՝ հաց տեղափոխող մեքենան ռմբահարվեց, հացերը փողոցով մեկ շպրտվեցիիի՜ն… Երբ ինքնաթիռների ձայներն արդեն չէին լսվում, մենք դուրս վազեցինք, սակայն… ոչ մեկը հաց չվերցրեց: Բոլորս սովահարությունից նվաղած աչքերով իրար էինք նայում ու չորս կողմը թափված հացերին, որոնցից բարձրացող տաք բույրը տարածվում էր ողջ փողոցով, քաղաքով, աշխարհով… Ոչ ոք չմոտեցավ հացի ռմբահարված մեքենային, մինչեւ եկան հրշեջների հագուստով զինվորները եւ հավաքեցին ու տարան հացերը: Այն օրվանից, երեւի սովն է հիշողությանս մեջ «ամրագրել» ու պահպանել հացի տաք բույրը: Տաք բույր, որից ավելի էինք զգում սովի անզսպելի տանջանքը…

…1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի օր անց, մեր բազմաբնակարան շենքի փլատակների վրա կանգնած, «սիրտս չէր գնում» իմ բնակարանից որեւէ փրկված իր վերցնել: Փոխարենն անզգամ տեղաբնակների խմբերն էին վխտում ու աչքիս դեմ հավաքում-տանում ընտանիքիս պատկանող փրկված կամ կիսաջարդ գույքն ու իրերը: Կնոջս ոսկյա զարդերն էլ մի ազնիվ փրկարար գտել ու հանձնել էր շտաբ, իսկ այնտեղ էլ ինչ-որ մի սրիկա «իրենով էր արել» դրանք…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

Արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
02.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031