Ապրիլի 1-ից «Ազատություն» ռադիոկայանն աշխատում է կրճատված անձնակազմով և միջոցներով։ Դա հետեւանք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2025թ. մարտի 14-ի հրամանագրի, որով կրճատվեցին դաշնային յոթ գործակալություններ, այդ թվում՝ ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը վերահսկում է «Ազատություն» ռադիոկայանը։ USAGM-ն իր հերթին որոշեց փակել «Ազատություն»-ը։ Այդ որոշումը վիճարկվում է դատարանում։ Ստեղծված իրավիճակի եւ «Ազատության» ապագայի շուրջ «Հետքը» զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանի հետ։
-Ինչպե՞ս է ներկա պահին «Ազատության» հայկական բյուրոն հաղթահարում ստեղծված իրավիճակը։
«Ազատության» համար դժվարին ժամանակները նորություն չեն․ 75-ամյա պատմության ընթացքում մենք դիմակայել ենք Խորհրդային Միությանը, բացվել ու փակվել անկախության տարիներին ու անցել լրագրողների հանդեպ բազմաթիվ ճնշումների ու բռնությունների միջով։ Մեզ լռեցնել, սակայն, մինչ օրս որևէ մեկին չի հաջողվել։ Չենք լռում նաև հիմա, երբ ռադիոկայանը լրջագույն ֆինանսական խնդիրներ ունի և վիճարկում է ԱՄՆ Կոնգրեսի հատկացրած միջոցները սառեցնելու՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) որոշումը։ Պրահայի կենտրոնակայանում ապրիլի 1-ից լրագրողների մեծ մասը ուղարկվել է հարկադիր պարապուրդի՝ ֆինանսական միջոցներ խնայելու համար։ Բայց անգամ սահմանափակ աշխատակազմով մենք շարունակում ենք անել հնարավորը, որպեսզի լսարանին անաչառ, օբյեկտիվ լրատվություն հասցնենք՝ չնայած իշխանական տարբեր օղակներից, այս կամ այն մայրաքաղաքներից եկող ճնշումներին։
Կարդացեք նաև
-Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Ազատության» հայկական խմբագրության աշխատակազմին։
-Ես ապագայի մասին կանխատեսումներ չեմ կարող անել։ Մեկ բանում, սակայն, վստահ եմ՝ Հայաստանի համար այս առանցքային փուլում՝ ժողովրդավարական բարեփոխումների, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունների ու հաջորդ տարվա համապետական ընտրությունների շեմին, ազատ մամուլը կենսական դեր ունի։ Նախորդ տարիների պատմությունը վկայում է, որ հատկապես վճռորոշ պահերին մեր լսարանն ընդարձակվել է՝ ակնհայտ դարձնելով, թե որքան պահանջված է անկախ ու բազմակողմանի լրատվությունը։ Հենց դա է մեզ թև տալիս հիմա՝ փնտրել միջոցներ ու հնարավորություններ, որպեսզի տասնամյակների պատմություն ունեցող հայկական ծառայությունը շարունակի մնալ իր լսարանի կողքին։
-Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի մեդիա դաշտի վրա «Ազատության» փակումը։
-Մեր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են, ինչպես հայտնի գրողն էր ասել։ Մենք հաստատակամ ենք օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ մեր առաքելությունը շարունակելու համար։ Վատթարագույն սցենարի դեպքում, սակայն, Հայաստանի լրատվական դաշտից կպակասի այն չեզոք օղակը, որը ոչ մի կապ չուներ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ և առաջնորդվում էր ոչ թե նրանց, այլ՝ փաստերի թելադրանքով։ Լրատվամիջոց, որը ոչ թե շրջանցում էր սուր հարցերը, այլ՝ կրկնում դրանք այնքան, մինչև կհնչեր պատասխան։ Կպակասի հարթակ, որը ներկայացնում էր իրականությունը տարբեր տեսանկյուններից՝ արևմտյան չափանիշներով, ինչպես նաև՝ Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում աշխատող մեր գործընկերների օգնությամբ պատմում՝ ինչ է կատարվում ա՛յդ երկրներում։ Նման լայն հնարավորություն, ցավոք, այսօր Հայաստանում որևէ այլ լրատվամիջոց չունի։
-Խոսքի ազատության սահմանափակում համարու՞մ եք ամերիկյան վարչակազմի որոշումը՝ դադարեցնել «Ազատության» ֆինանսավորումը։
-Ես զերծ կմնամ մեկնաբանություններից․ այդ հարցը հիմա քննվում է ԱՄՆ դաշնային դատարանում։
-Իրավական առումով որքանո՞վ է իրատեսական կամ թույլատրելի ամերիկյան կառույցի՝ որպիսին «Ազատություն» ռադիոկայանն է, ֆինանսավորումը միջազգային այլ կառույցներից կամ ԵՄ-ից։
-«Ազատության» իրավաբաններն այժմ աշխատում են այդ հարցի շուրջ, և վստահ եմ, որ լուծումներ կգտնվեն։ Այս փուլում առավել կարևոր է Եվրամիության երկրների արագ արձագանքն ու ռադիոկայանին աջակցելու հաստատակամությունը։ Նախօրեին Եվրախորհրդարանում՝ լսումների ժամանակ, պատգամավորներից շատերն էին հիշեցնում՝ ինչ նշանակություն է ունեցել «Ազատությունը» Եվրոպայում ժողովրդավարության կայացման ու ամրապնդման համար։
1991-ին Էստոնիայի նախկին արտգործնախարարը «Ազատությանը» ներկայացրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ընդգծելով. «Չեխոսլովակիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Բուլղարիայի օրինակները ցույց են տալիս՝ ինչպես է «Ազատությունը» նպաստել ժողովրդավարության վերածննդին»։ Այսօր Բրյուսելում ընդունում են, որ այդ պայքարը դեռ չի ավարտվել, և կարծում եմ՝ համագործակցության ձևեր կգտնվեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































