Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գործարանի կառուցումն  ավարտված է, իսկ իրական պատմությունը հայտնի է թե՛ դաշտում գտնվող մեր գործընկերներին, թե՛ գերատեսչություններին». «Տ-Մետալ»-ի տնօրենը՝ Գեւորգ Պապոյանի մեկնաբանությունների մասին

Օգոստոս 08,2025 16:10 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՖԲ-ում գրառում էր արել, ինչպես նաեւ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, ակնարկելով Կարեն Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի այն հայտարարությունը, որ պատրաստվում են  Վանաձորում արդյունաբերական գործարան կառուցել, ասել էր. «Մարդիկ ուզում են Լոռին վերափոխել, բայց չեն կարողանում մի գործարան կառուցել» :

Նախարարն ավելի ուշ պարզաբանել էր, որ խոսքը Հրազդանում մետաղաձուլական գործարանին է վերաբերվում, որի կառուցման համար, նրա ձեւակերպմամբ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել. «Մենք նրանց աջակցել ենք տարբեր գործիքակազմերով, այդ թվում նաեւ՝ 2024 թվականին հենց իմ նախաձեռնությամբ, ազատ տնտեսական գոտում է այդ գործարանն ընդգրկվել, որ այդ ներդրումը վերջապես տեղի ունենա, որովհետեւ GTB-ն ներդրումներ արեց, այնտեղ, հարյուրավոր մարդիկ են աշխատում, Քարակերտի մետաղձուլարանը կառուցվեց, այնտեղ հարյուրավոր մարդիկ աշխատում են, «Միկմետալ»-ը արեց ներդրումներ, այնտեղ էլ հարյուրավոր մարդիկ են աշխատում։ Միայն այդ գործարանն է, որ չենք կարողանում վերջին հասցնել։ Ճիշտն ասած, էլի պատրաստ ենք աջակցել՝ ինչով կկարողանանք»:

Aravot.am-ը  թեմայի վերաբերյալ զրուցել է «Տ-Մետալ» ընկերության տնօրեն  Աշոտ Ֆարսյանի հետ:

«Մեր գործարանի կառուցումը անցյալ տարվանից ավարտված է, մենք ստացել ենք նաեւ ավարտական փաստաթղթերը այս տարվա մայիսին: Այնպես որ կառուցումն ավարտին հասցնելու խնդիր չկա: Այստեղ այլ խնդիր կա. մենք արտադրություն ունեինք, եւ կանգնել ենք նախորդ ամսվա վերջում, որովհետեւ 2024թ. ընդունվել է կառավարության որոշում, որով արգելվել է կիսապատրաստուկի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:

Մի քանի տարի առաջ, երբ նոր էր սկսվում մետալուրգիական գործարաններում ներդրում կատարելու պրոցեսը, հիմնական խնդիրը հումքային բազան էր, այսինքն՝  ջարդոնի քանակությունը Հայաստանում: Դրսից ջարդոն բերելը Հայաստան շատ դժվար է, ու որպեսզի  ներդրողները կարողանան իրենց ներդրումները վերադարձնել, քննարկումներ են եղել, որի արդյունքում կառավարությանն առաջարկվել է, որ ջարդոնի արտահանումը Հայաստանից արգելվի:

Կառավարությունն ասել է՝ ջարդոնի արտահանումը կարգելեմ, բայց այնտեղ փոքրիկ նրբություն կար. որոշ տնտեսվարողներ այլ ապրանքների անվան տակ ջարդոն էին արտահանում երկրից, ու այդ ապրանքներից էր կիսապատրաստուկը: Իրենք ջարդոնը թեթեւակի ձուլում էին եւ կիսապատրաստուկի անվան տակ հանում էին երկրից: Քննարկումների արդյունքում պետական գերատեսչությունները, օրինակ, ՊԵԿ-ը ասել էր, որ չի կարող վերահսկել, որ ջարդոնն այդ տեսքով չարտահանվի երկրից: Ի վերջո որոշում կայացվեց, որ կիսապատրաստուկի արտահանումն էլ  արգելվելու»,-ասաց «Տ-Մետալ» ընկերության տնօրենը:

«Մենք այդ ընթացում իրենց հետ շփումների ժամանակ ասել էինք, որ գործարանը երկու փուլով ենք նախատեսում ավարտին հասցնել. առաջին փուլում կավարտենք կիսապատրաստուկի արտադրությունը, ու նախորդ տարի փորձնական որոշակի արտադրություն ունեցել էինք, եւ կարողացել էինք մեր կիսապատրաստուկն ուղարկել հարեւան Վրաստան, այնտեղ ստանալ պատրաստի արտադրանք ու հետ բերել Հայաստան: Հիմա ասում ենք՝ թող ժամանակավոր արտահանումը թույլատրվի, քանի որ եթե չթույլատրվի, ֆինանսական խնդիրների առջեւ ենք կանգնելու, որովհետեւ արտադրանք ենք տալու, բայց չենք կարողանալու վաճառել: Իրենք չլսեցին մեզ, եւ 2024 թվականից փակեցին:

Մենք երկար իրենց հետ բանակցել ենք, թե՛ նախարարի հետ ենք հանդիպել, խնդրել ժամանակավոր արտահանման թույլտվություն տան վերամշակման նպատակով, որպեսզի կարողանանք մեր արտադրած կիսապատրաստուկը տանենք Վրաստանի Հանարապետություն, վերամշակենք, սարքենք ամրան, հետ բերենք Հայաստանի Հանրապետություն: Մեզ չեն լսել, արգելքը մնացել է ուժի մեջ, իսկ կիսապատրաստուկի վաճառքը Հայաստանում շատ դժվար է, գնորդ 2-3 կազմակերպություն կա, որոնց առաջարկած գները միշտ չէ, որ ձեռնտու են:

Այդ պատճառով 3 ամիս արտադրություն տալուց հետո (ընդ որում այդ ընթացքում էլ խնդիրներ ենք ունեցել կապված՝ հոսանքի մատակարարման եւ այլնի հետ, բայց բոլոր խնդիրները կարողացել ենք  հաղթահարել) որոշում ենք կայացրել, որ մեր կուտակված պաշարը փորձենք Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնել կամ վերածել ամրանի, գործարանն էլ կկանգնեցնենք, մինչեւ մեր ամրանի արտադրամասն էլ ավարտին կհասցնենք, ու մեր գործարանը կվերագործարկենք: Վերագործարկումը պլանավորել ենք այս տարվա դեկտեմբերին»:

Aravot.am-ի հարցին՝  ո՞րն էր խնդիրը, որ հանկարծ  այս փուլում շրջանառվեց իրենց գործարանի անունը, Աշոտ Ֆարսյանն այսպես արձագանքեց. «Ճիշտն ասած, մեզ համար էլ էր անհասկանալի, թե ինչու շրջանառվեց գործարանի անունը, որովհետեւ իրական պատմությունը բոլորին էլ հայտնի է՝ թե՛ դաշտում գտնվող մեր գործընկերներին, թե՛ մեր գերատեսչություններին: Թե ինչ նպատակով շրջանառվեց՝ չեմ կարող մեկնաբանել, հարցի հասցեատերը, թերեւս,  շրջանառողն է՝ նախարարը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ի դեպ, ի պատասխան Պապոյանի երեկվա ելույթների՝ Աշոտ Ֆարսյանը նաեւ ՖԲ-ում նման գրառում էր արել.

Ձեր` Էկոնոմիկայի նախարարի հրապարակումը «Տաշիր» ընկերությունների խմբին հսկայածավալ արտոնություններ տրամադրելու մասին, մեղմ ասած, զարմացրեց։
Հավանաբար, այդքան էլ լավ տեղեկացված չեք, կամ որոշել եք միտումնավոր չտեղեկացնել, կամ Ձեզ սաբոտաժ են անում Ձեր մտերիմները` նման թյուր տեղեկություններ տրամադրելով:
Ըստ Ձեր հրապարակած թվերի՝  Ձեր կողմից միայն 2024թ.-ին «Տաշիր» խմբին վերագրված 800 մլն դրամ աջակցությունը իրականում այսպիսինն է՝
1. Տրանսֆորմատորների և էլեկտրական հաշվիչների արկղների արտադրության համար պետության կողմից իսկապես, որպես գերակա ոլորտում ներդրում, հաստատվել է սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն սակայն, մեր կազմակերպությունները փաստացի այդ արտոնությունից օգտվել են համապատասխանաբար 10 մլն և 2 մլն դրամի չափով։
Շնորհակալ ենք՝ տրամադրած 12 մլն դրամի արտոնության համար։
2. Մալուխների գործարանին տրված այսպես կոչված շահութահարկի 30% զեղչից կազմակերպությունը երբևէ չի օգտվել օրենսդրական պատճառներով ։ Ոչ մի անգամ։
3. ⁠Միակ էական աջակցությունը, որ ստացել ենք դա արդիականացման ծրագրի շրջանակներում տոկոսի սուբսիդավորումն է, որը 2023-2026 թթ համար կազմելու է 367 մլն դրամ։
Իհարկե դուք այս պետական աջակցությունների ծրագրերից օգտվելը կարող եք ներկայացնել, որպես բարի կամքի դրսևորում, բայց նախորդ տարի ԱԺ-ում քննարկումների ժամանակ պնդում էիք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի համար անելու բան չունեք։ Ինչևէ այս ծրագրերից օգտվելը մեզ ավելի պարտավորված է դարձնում մեր հանրության առջև, և մեր ծրագրերը բարեհաջող կհասցնենք իրենց նպատակակետին։
Եվս մեկ շատ կարևոր հանգամանք, ինչի մասին պարոն նախարարը չի նշում, այս արտոնությունները ստացած ընկերությունները միայն 2024թ.ի համար ՀՀ պետական բյուջե են վճարել ընդհանուր 4,6 մլրդ. դրամ հարկ:
Հ.Գ. Մետալուրգիական գործարանի ԱՏԳ-ում գրանցված լինելը կապ չունի շահութահարկ չվճարելու հետ․ այո, շահութահարկ այս փուլում չի վճարվում, ոչ թե այն պատճառով, որ ինչպես Դուք եք նշել «մի փոքր գործարանը» գրանցված է ԱՏԳ-ում, այլ քանի որ այստեղ խոսքը ՀՀ-ում վերջին տարիներին կատարված ամենախոշոր ներդրումներից մեկի մասին է՝ մոտ $60 մլն, որը դեռ շահույթ ստանալու փուլ չի հասել՝ ավելին այն Ձեր իսկ ընդունած որոշումների պատճառով կուտակել է ահռելի վնասներ, և լիներ ընկերությունը ԱՏԳում, թե չլիներ, միևնույն է այս վնասների պատճառով շահութահարկ չէր վճարելու։
Իսկ ԱՏԳ արտոնություն ընկերությունը ստացել է՝ համապատասխան բիզնես պլանի, որտեղ հստակ արտահանման թիրախներ կան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031