Լրահոս
Օրվա լրահոսը

Էս հողագնդի ամենակույր հարուստները և հասարակությունը՝ հայ ժողովուրդն է

Նոյեմբեր 06,2016 18:59

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել…

Նոր բան չեմ ասելու, ընդամենը փորձելու եմ նոր մոտեցում հանդես բերել: Հատկապես վերջին տարիներին, ժողովրդի կողմից ամենահաճախ օգտագործվող դարձվածքներն են. երկիրը սարսափելի վիճակում է, գործազրկությունը հասել է ահռելի չափերի, աշխատատեղերը կրճատվում են, արտագաղթը ահագնանում է, մարդկանց սոցիալական վիճակն անտանելի է, համատարած անարդարություն է տիրում, երկրում համակարգեր չեն գործում, ամենուրեք գործում է հովանավորչությունը, կոռուպցիան և կաշառակերությունը հասել են անասելի չափերի,…, այլ խոսքով, նմանատիպ դարձվածքներն անվերջ շարունակելի են:

Դրանցից բոլորի մասին՝ առանձին-առանձին կարելի է հատորներով գրել, միևնույն է դրանք անվերջանալի են: Կբարձրաձայնեմ լոկ կոռուպցիայի, կաշառակերության, թալանի թեման, որի մասին խոսում են բացառապես բոլորը (նույնիսկ, կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ կա), սակայն դրան կոչված պատասխանատու այրերը, ինչու չէ, նաև ժողովուրդը այն չեն տեսնում: Եվ դա այն դեպքում, երբ դրանք ազատորեն և մշտապես՝ լիովին համընթաց շրջում են մեր կողքին, իսկ մենք կույր ենք, ոչինչ չենք տեսնում:

Ստացվում է, որ կամ մենք՝ ողջ ժողովրդով, իշխանավորներով, հարուստներով կույր ենք, կամ տեսնելու համար, անտեսանելին՝ տեսանելի դարձնող ակնոցներ են հարկավոր, որն էլ ցավոք չունե՞նք…: Մենք՝ պարզապես մեզ խաբում ենք, քանի որ չենք ուզում տեսնել: Մենք սիրում ենք անընդհատ մեզ խաբել: Մեզ խաբում ենք, որովհետև մենք ագահ ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք հավերժ ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք կողքինից արժանավոր ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք արտոնյալ ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք …:

Լավ, ենթադրենք նրանք շատ են ցանկանում, բայց չեն տեսնում, մի՞թե ժողովուրդն էլ չի տեսնում: Լավ, եթե ժողովուրդն էլ է կույր, ապա պարտադրված եմ այնպես ցույց տալ, որ կարողանան գոնե շոշափել: Եվ այսպես. ինչքան կիսակառույց և պատրաստի էլիտար շենքեր, առևտրի օբյեկտներ՝ խանութներ, սննդի վայրեր, արտադրական և արդյունաբերական ձեռնարկություններ, բանկեր, տրանսպորտի գծեր, սպասարկման և ժամանցի վայրեր,… կան, բոլորը թալանի, կոռուպցիայի, կաշառակերության արդյունք են, քանզի ամսական ամենաբարձր աշխատավարձը ՀՀ նախագահինն է, որը մոտ 2000 դոլարին համարժեք դրամ է, որն էլ նրանց համար՝ մոտ մեկ օրվա ծախսի գումար է:

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ամսվա մնացած 29-30 օրը նրանք ինչո՞վ են ապրում, եթե մեղմ ասած՝ անաշխատ եկամուտներ չունեն: Իսկ, եթե խոսքը վերաբերվում է բիզնեսմեններին և շատերը կարող են ասել, որ նրանք այդ միջոցները կուտակել են ազնիվ բիզնեսի միջոցով, ապա կարելի է անմիջապես արձագանքել, որ չհաշված բացառությունները, դրանք հիմնականում ստվերի վրա հիմնված բիզնեսներ են, որը նույն դասական կոռուպցիան, թալանն ու կաշառակերությունն է, ուղղակի այլ ձևաչափով: ճիշտ է, ցուցադրվածը իրականացված թալանի մի մասն է միայն, քանզի այդ թալանի մյուս մասը՝ իրենց մոտ առկա՝ չերևացող քյաշ և երկրից ապօրինի դուրս հանված փողերի տեսքով է: Ընդ որում, դուրս տարած փողերի որոշակի մասն արդեն դարձել է անշարժ գույք կամ բիզնես, որը նույնպես ժողովրդին տեսանելի չէ: Սակայն, տեսնելով երկրում եղածի ցուցադրությունը, կարելի է մոտավոր պատկերացում կազմել նաև դուրս տարվածի վերաբերյալ, որոնց միասնությունը հենց թալանվածի մոտավոր ամբողջական հավաքածուն է:

Սիրելի ժողովուրդ, պարոնայք և տիկնայք իշխանավորներ ու հարուստներ, բա ասում եք տեղյակ եք, որ կոռուպցիա, թալան, կաշառակերություն կա և չափազանց շատ ուզում եք գտնել դրանք, սակայն փնտրում, փնտրում, փնտրում եք…ու չեք գտնում…: Հիմա տեսաք, որ փնտրել պետք չէ, դրանք ամենուրեք ձեր կողքին են, պարզապես պետք է դրանք գրանցեք որպես ապօրինի հարստացման արդյունք, ետ բերեք ու դնեք երկրի դատարկ գանձարանում: Թե, չէ, մեղք չեք, որ ամբողջ կյանքում ման գաք ու չգտնեք և ինչպես ասում են, ձեր մուրազը մնա ձեր փորում…

Եթե հավատաք ինձ, կընդունեք և կտեսնեք վերը նշված ցուցադրությունն ու կվարվեք այնպես, ինչպես ասվեց, իսկ Տերը կգթա և ձեզ համար ևս բաց կպահի դրախտի ճանապարհը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930