ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության լուրը հաղորդվել էր «Հայքի» 1990-ի հունիսի 17-ի համարում։ Հենց նույն համարում էլ հրապարակվել էր Ռոբերտ Քոչարյանի «Շրջափակված անկախություն» հոդվածը։ ՀՀՇ պաշտոնաթերթ «Հայքի» այդ համարը, կարելի է ասել, պատմական է։ Նույն՝ հունիսի 17-ի համարում հրապարակվել են Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակն է», Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ ենք անում, տղերք» եւ Ռոբերտ Քոչարյանի հոդվածները։ Կասկածում ենք, որ, ի տարբերություն առաջին երկու հեղինակների՝ դեռեւս ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ Ռոբերտ Քոչարյանն ինքն էր նստել-գրել այդ հոդվածը՝ ընդ որում, հայերեն։
Նաեւ, ի տարբերություն «Գնացքից թռչելու ժամանակն է» եւ «Էս ի՞նչ ենք անում, տղերք» հոդվածների՝ «Շրջափակված անկախությունը», մեղմ ասած, պակաս հանրահայտ է։ Եվ այդ բացը լրացնելու համար ու նաեւ՝ քանի որ Հայաստանի նախագահների հրապարակախոսությունից հանրությունն առայժմ քննարկել է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը՝ ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի այդ հրապարակման առանձին հատվածներ։
Նախ նա անդրադառնում է Արցախում առկա վիճակին, որ 1990-ի հունիսին հետեւյալն էր. «Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի վերամիավորման համատեղ որոշումը կա, ինչը դանդաղ, բայց կատարվում է՝ տնտեսության ինտեգրացիա, մշակութային կապեր, քաղաքական կառուցվածքների փոխներհյուսում»։
Բայց ամեն ինչ այդքան անամպ չէ՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի. «Սակայն ուժեր կան, որոնք ամեն կերպ խանգարում են վերամիավորման անխուսափելի ընթացքը։ Այդ ուժերն են Ադրբեջանը եւ Մոսկվան։ Առաջինը գտնում է, որ Արցախը իր հողն է, եւ Հայաստանի յուրաքանչյուր քայլ ոտնահարում է իր սուվերեն իրավունքները։ Նրա Գերագույն խորհուրդը նույնպես մի քանի որոշումներ է ընդունել, սահմանադրական փոփոխություններով Ղարաբաղը հայտարարել է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Երկու կողմի դիրքորոշումները հստակորեն պարզ են»։
Կարդացեք նաև
Քիչ անց նա վստահեցնում է. «Երկու կողմն էլ (այսինքն՝ Արցախն ու Ադրբեջանը- Ա. Ի.) առաջ են տանում իրենց քաղաքականությունը։ Եվ ամեն ինչ ավելի պարզ կլիներ, եթե չլիներ երրորդ ուժը՝ Մոսկվան»։
Պարզ չէ միայն, թե ինչու «վերամիավորման անխուսափելի ընթացքի» մասին համոզվածությունից 10 տարի անց Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չառարկեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այն հայտարարության դեմ, թե «Ղարաբաղը դե ֆակտո կայացած պետություն է», այսպիսով՝ հակահարված տալով հայաստանյան որոշ գործիչների, որոնք փորձում էին միջամտել ԼՂՀ ներքաղաքական գործընթացներին։
Այստեղ պրն Քոչարյանն անդրադարձել էր նաեւ Հայաստանից իրենց սպասելիքներին. «Արցախի համար ամենամեծ օգնությունն այն կլինի, եթե Հայաստանը կարողանա իր ներքին կյանքը կարգավորել, ելնել քաոսային վիճակից։ Տարբեր կազմակերպությունները, խմբավորումները, զինված ջոկատները պետք է մեկ ընդհանուր հայտարարի գան։ Գուցե սա բնական ընթացք է, բայց ինչքան շուտ լուծվեն այս հարցերը, այնքան լավ կլինի Արցախի համար»։
«Շրջափակված անկախություն» հոդվածում Ռոբերտ Քոչարյանը նշել էր. «Հայաստանում պետք է լինի ուժեղ օրենսդիր եւ գործադիր իշխանություն, որը կարողանա հանրապետությանը դուրս բերել այս վիճակից եւ զբաղվել նաեւ Արցախի հարցով։ Հիմա ոչ այն է իշխանություն կա, ոչ այն է՝ չկա։ Իշխանություն է պետք, որը որոշումներ ընդունի եւ ինքն էլ կատարի դրանք, Հայաստանը ղեկավարի ոչ կայսրության, այլ հայ ժողովրդի շահերից ելնելով»։ Կայսրությունն այլեւս չկա, իսկ վերոթվարկյալ հատկանիշներով օժտված իշխանություն Հայաստանում այդպես էլ չի ձեւավորվում։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ի դեպ, վերջերս հայաստանյան մամուլում հրապարակվեց մի լուր, թե վերագործարկվել է Ստեփանակերտի մետաքսի կոմբինատը, որի երբեմնի «պարտկոմն» էր Հայաստանի նախագահը։ Նախկին իշխանությունների խիստ լավատես մի ներկայացուցիչ այս առիթով հույս հայտնեց, թե գուցե Ռոբերտ Քոչարյանը կցանկանա վերադառնալ իր նախկին գործի՞ն…


















































