Լրահոս
Օրվա լրահոսը

Բիձինա Իվանիշվիլի. «Հակասություններ չեմ տեսնում երկու սկզբունքների միջեւ»

Հունվար 16,2013 17:50

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

Հունվարի 17-ին առաջին այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այցից առաջ նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքս-ին:
– Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը: Ի՞նչը, Ձեր կարծիքով, բարելավման կարիք ունի:

– Հայաստանը ու Վրաստանը համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Մենք առաջին հերթին պետք է գնահատենք այդ հնարավորությունները եւ նոր բազմոլորտ ռազմավարություն մշակենք համագործակցության զարգացման համար: Վստահ չեմ, որ այդ ռեսուրսները բավարար կերպով հետազոտվել են: Նոր մոտեցումներ են անհրաժեշտ ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ միջազգային ձեւաչափերում մեր համատեղ մասնակցության համար:

– Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից, որոնք իրականացվում են Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Տեսնո՞ւմ եք արդյոք հնարավորություն այդ իրավիճակի փոփոխման եւ Հայաստանի ներգրավման համար: 

– Հարավային Կովկասի համագործակցությունը պետք է զարգացնել բոլոր ոլորտներում: Մենք, անշուշտ, պետք է ձգտենք ողջ տարածաշրջանը ներառող միասնական տնտեսական տարածության ստեղծմանը: Կովկասյան տարածաշրջանային քաղաքականության մեջ պետք է կենտրոնանալ նոր մոտեցումների վրա, ստեղծել նոր համատեղ նախագծեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ բնույթի:

Բնականաբար, մենք պետք է պայմաններ ստեղծենք տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Դա նախադրյալներ կստեղծի  տնտեսական համագործակցության զարգացման համար: Հատկապես կարեւոր է համագործակցության զարգացումը շրջակա միջավայրի, մեր ընդհանուր տարածքի պահպանման հարցում:

– Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի»-ի հաղթանակից հետո խոսակցություններ սկսվեցին երկաթգծի աբխազական հատվածի վերականգնման հեռանկարների մասին, որոնք, սակայն, շուտով մարեցին: Դուք պատրա՞ստ եք քննարկել այդ հեռանկարը մինչեւ աբխազական խնդրի քաղաքական կարգավորումը:

– Մենք միշտ պատրաստ ենք քննարկել ինչպես խնդրահարույց, այնպես էլ հեռանկարային հարցերը: Կարեւորն այն է, որպեսզի դրան պատրաստ լինեն գործընթացի բոլոր մասնակից կողմերը: Մենք գտնվում ենք ոչ ստանդարտ պայմաններում, եւ անհրաժեշտ է նորարարական մոտեցումներ որոնել առկա խնդրահարույց հարցերի լուծման համար:

– Հասկանալի պատճառներով Հայաստանը պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, իսկ Վրաստանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Արդյո՞ք դա խնդիրներ չի ստեղծում երկու երկրների հարաբերություններում: 

– Ես հակասություններ չեմ տեսնում այդ երկու սկզբունքների միջեւ:

Վրացական կողմը շահագրգռված է Հարավային Կովկասում առկա հակամարտությունների շուտափույթ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մեջ: Վրաստանը պաշտպանում է տարածքային ամբողջականության եւ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ընդհանուր սկզբունքները:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա Վրաստանը հանդես է գալիս այդ հակամարտություն բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին` հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա:

Հակամարտության հանգուցալուծման գործընթացում պարտադիր է միջազգային հանրության ավելի ակտիվ մասնակցությունը:

– 2011 թվականի գարնանը մեր գործակալության հետ հարցազրույցում այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ այժմ՝ Ձեր թիմի անդամ, փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ցանկություն հայտնեց, որպեսզի Վրաստանում ավելի շատ հայազգի քաղաքական գործիչներ լինեն: «Վրաստանի համար դա միայն օգուտ կլինի», – նշել էր նա: Պատրա՞ստ է արդյոք Ձեր կառավարությունը խրախուսել Վրաստանի հայերին ավելի ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին:

– Վրաստանի քաղաքացիները պետք է ակտիվ լինեն անկախ իրենց էթնիկ ծագումից: Մենք հանդես ենք գալիս ինտեգրացիոն գործընթացների ուժեղացման օգտին: Ընդ որում, անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող խոչընդոտները: Վիրահայերը պատմականորեն մասնակցել են երկրի կառավարմանը եւ բավականին լավ վրացի քաղաքական գործիչներ են եղել: Այսօր էլ կան հայկական ծագում ունեցող քաղաքական գործիչներ, որոնցից շատերը ներկայացված են Վրաստանի խորհրդարանում եւ կառավարությունում: Ես գիտեմ, որ Հայաստանում եւս կան հայ քաղաքական գործիչներ, որոնք ծագումով Վրաստանի տարբեր տարածաշրջաններից են:

– Հայաստանը եւ Վրաստանը վիճարկում են Թբիլիսիում մի շարք եկեղեցիների պատկանելիության հարցը: Եվ մինչ կողմերը վիճում են, եկեղեցիները փլուզվում են կամ գտնվում են փլուզման եզրին: Մասնավորապես, հունվարի սկզբին մենք այցելեցինք Թբիլիսի եւ տեսանք, որ Նորաշեն եկեղեցու ճակատային մասի ճաքերը զգալիորեն ավելացել են եւ եկեղեցին կարող է փլուզվել ցանկացած պահին: Ի՞նչ եք մտածում այդ խնդրի լուծման ուղիների վերաբերյալ:

– Վրաստանի տարածքում բոլոր հուշարձանները պաշտպանվում են պետության կողմից: Պետք է նշել, որ երկար տարիներ Վրաստանը հատուկ ուշադրություն է հատկացնում մշակութային եւ ճարտարապետական ժառանգության պահպանմանը: Սակայն, մենք մտադիր ենք ավելացնել ներդրումներն այդ ուղղությամբ` ինչպես պետական, այնպես էլ արտաբյուջետային: Պետք է ոչ թե վիճել, այլ աշխատել մեր մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, որն իրենից ընդհանուր հոգեւոր եւ տնտեսական ռեսուրս է ներկայացնում:

– Չնայած այն հանգամանքը, որ Երեւանից Թբիլիսի ընդամենը 5 ժամ է ավտոմեքենայով, երկու ժողովուրդները շատ բան չգիտեն միմյանց մասին, հատկապես երիտասարդները: Այդ իրավիճակը հող է ստեղծում փոխադարձ վախերի եւ կարծրատիպերի ամրապնդման համար: Ըստ Ձեզ, ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկել Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական գործիչները՝ սովորական մարդկանց միջեւ շփումները խրախուսելու համար:

– Ես լիովին կիսում եմ ձեր տեսակետը: Կարծում եմ, առաջին հերթին պետք է խթանել երիտասարդական տուրիզմի զարգացումը: Այդ գործընթացում մեծ է մեր համալսարանական հանրության դերը: Այդ ուղղությունն ավելի մեծ ուշադրություն է պահանջում, եւ համապատասխան նախարարությունները պետք է ստեղծեն մեր քաղաքացիների միջեւ համագործակցության զարգացման նոր տեսլականը: Միեւնույն ժամանակ, չեմ կարծում, որ պետք է սահմանափակվել տարիքային խմբերով: Մենք պետք է հատուկ հոգատարություն ցուցաբերենք նաեւ տարեց մարդկանց, թոշակառուների նկատմամբ, պայմաններ ստեղծենք տարածաշրջանային տուրիզմի զարգացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031