Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կվերահսկի վերահսկողներին

Հունիս 06,2015 23:10

1918 թվականին բոլշեւիկների առաջնորդ Վլադիմիր Լենինը հոդված էր գրել, որտեղ արտահայտած միտքը թեւավոր խոսք էր դարձել. «Սոցիալիզմն առաջին հերթին վերահսկողություն է»: Գաղափարն այն էր, որ հարստությունները պետք է հարուստներից խլել եւ խիստ վերահսկողության ներքո բաշխել աղքատների մեջ: Ժամանակը որոշ շտկումներ է մտցրել լենինյան այդ բանաձեւի մեջ, եւ հիմա, դառնալով հայաստանյան իրականությանը, կարելի է ասել, որ օլիգարխիկ կապիտալիզմի հիմքը վերահսկողական ծառայությունն է, որի գործառույթն է ձեւ անել, թե ինչ-որ բան է վերահսկում, իսկ իրականում «նվիրատվություններ ստանալ» անհայտ անձանցից:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նման «տքնաջան» վերահսկիչների շարքում ռեկորդակիր է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, որի «Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից պարզ է դառնում, որ չորս տարվա ընթացքում՝ 2011-2014 թվականներին, նա հանրությանը անհայտ անձանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դոլարի նվիրատվություն: Ընդ որում, պաշտոնյայի ստացած նվիրատվությունները մի՛շտ եղել են կլորիկ գումարներով և ամերիկյան արժույթով՝ 100 հազար, 150 հազար, 250 հազար, անգամ՝ 1 միլիոն 600 հազար դոլար»:

Նույն աղբյուրի  համաձայն, նրա հետ համեմատ շատ ավելի համեստ, բայց դարձյալ 100 հազարավոր դոլարների նվիրատվություններ, աշխատավարձեր եւ վարկեր են ստացել են  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, փոխնախագահ Լեւոն Յոլյանի, խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանի, ինչպես նաեւ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Սարգիս Գրիգորյանի տիկնայք: Պատկերացում եմ, թե ինչպես են նրանց ամուսինները պայքարում կոռուպցիայի դեմ: Վերահսկում են, մի խոսքով:

…Լենինի վերոհիշյալ հոդվածը կոչվում էր «Ինչպես կազմակերպել մրցությունը»: Այստեղ էլ պետք որոշակի շտկում մտցնել՝ խոսքը «նվիրատվություններ» անողների մրցության մասին է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Լավն էր պարոն Աբրահամյան:

  2. Արամ says:

    Իմ կարծիքով, ցանկացած նորմալ երկրում հոդվածում նշված տվյալները պետք է ստուգվեն համապատասխան ծառայությունների կողմից, որից հետո կամ հերքվեն, կամ էլ քրեական գործ հարուցվեն, պարզելու համար այդ նվիրատվությունների աղբյուրները: Եթե այսպիսի նվիրատվությունները տրված են բարձրաստիճան պաշտոնյաների, ապա պարզից էլ պարզ է, որ դրանք կաշառք են: Նորմալ երկրներում այդպիսի նվիրատվությունները, նույնիսկ տրված ոչ պաշտոնատար անձանց, բացառություններ են, իսկ մեր երկրում համատարած, անարդար եկամուտները կոծկելու պրիմիտիվ, գավառական մեթոդ: Պետք է ստուգել նաև, թե այդ նվիրատվությունները որպես եկամուտ հարկված են, թե ոչ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930