Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանները ճիշտ են, սակայն դրանք ավելի շուտ էր պետք առաջադրել». «168 ժամ»

Մայիս 05,2016 12:58

Հարցազրույց բանակցային մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 3 պահանջ է առաջադրել՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական գնահատականներ և երաշխիքներ, որ Ադրբեջանը նման սանձազերծությունների այլևս չի գնա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն սա մեկնաբանեց՝ որպես բանակցություններից հրաժարում։ Միջնորդների արձագանքը դեռևս չկա։ Ի՞նչ է կատարվում կուլիսներում, ինչո՞ւ են լռում ՄԽ համանախագահները։

– Գորտի մասին մի առակ կա. եթե նրան տեղադրենք եռացող ջրի մեջ, ապա նա դուրս կթռչի տարայից, սակայն,  եթե  նրան  տեղադրենք հետզհետե տաքացող ջրի մեջ, կարելի է նրան եփել, նա բաց կթողնի եռման պահը։ Այս առակը տեղին է մեր իրավիճակում։

Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանները ճիշտ են, սակայն դրանք ավելի շուտ էր պետք առաջադրել։ Մենք հաճախ չենք նկատում, թե ինչպես մեր սեփական վարքն ու ընտրությունը նպաստում են հակառակորդի ավելի ագրեսիվ գործողություններին։

Մի՞թե պետք է սպասել սրացման և էսկալացիայի, որ պարտադրում է հակառակորդը, որպեսզի դեմարշի ենթարկենք իմիտացիոն բանակցային գործընթացը։ Նման կտրուկ դեմարշ հարկավոր էր իրականացնել այն ժամանակ, օրինակ, երբ Ալիևը հերոսացրեց Սաֆարովին։

Ինչի՞ մասին կարելի է խոսել Ալիևի հետ, ով ոտնահարում է բոլոր կանոններն ու արժեքները։ Գուցե այն ժամանակ կրկնահանցանք չլիներ։ Մենք չենք կարող հստակ իմանալ, թե ինչ է տեղի ունենում դիվանագիտական աշխատանքի կուլուարներում, քանի որ այդ գործունեությունը սիրում է լռություն, բայց մենք հաստատ գիտենք, որ միջնորդ երկրները, սեփական տարբեր շահերից ելնելով, աջակցում են ստատուս-քվոյին, ընդ որում հատվածական սրացումը չի սպառնում նրանց շահերին, իսկ համամարդկային արժեքները և պատերազմ վարելու կանոնները պահպանելու մեր կոչերը չեն ստանում պատշաճ արձագանք, որովհետև միջազգային հարաբերություններում արժեքների մասին դիսկուրսը, ցավոք, մարգինալացված է։

Գերիշխում են շահերը և ուժի տարբեր ձևերը՝ «փափուկից»՝ մինչև ռազմական։ Այդ պատճառով հենց մեզ մոտ պետք է իրավիճակի նոր ընկալման, ազգային անվտանգության հարցերում կարմիր գծերը հստակ գիտակցելու և միջոցների ընտրության փոփոխություն տեղի ունենա։

Միջնորդները կսկսեն ակտիվանալ, կհիշեն հումանիտար արժեքների մասին միայն այն ժամանակ, երբ նրանց համար կորուստների շրջանակը շոշափելի կդառնա։ Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք խոսքից անցնենք գործի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ խաղալ սուլթանական ռեժիմի կողմից թելադրված դանդաղընթաց պատերազմի խաղը, որի ժամանակ շփման գծում կորուստներ ենք ունենում։ Դա անհրաժեշտ է փոխել և հակառակորդին պարտադրել սեփական խաղը, որը, մեծ հաշվով, պետք է բավարարի միջնորդներին՝ կրկին ելնելով նրանց սեփական տարբեր, երբեմն էլ՝ հակադիր շահերից, որոնք հատվում են մի կետում՝ նրանց պատերազմ պետք չէ։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031