Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը չի նահանջել

Մայիս 05,2020 10:00 Share

Մեր կառավարությունը՝ աշխարհի գրեթե բոլոր կառավարությունների նման, կանգնած է ծանրագույն երկընտրանքի առաջ՝ սպանել տնտեսությո՞ւնը, թե՞ թույլ տալ, որ կորոնավիրուսով վարակվածների, եւ, հնարավոր է, մահերի թիվը բազմապատկվի: Այդ երկու ճանապարհներն ունեն իրենց առավելություններն ու սարսափելի վտանգները, բայց Հայաստանի դեպքում պարզ է, որ առաջին տարբերակը երկար պահպանելն անհնարին է տնտեսապես, քաղաքականապես, ինչպես նաեւ կազմակերպչական եւ «մենթալիտետային» տեսանկյունից: Մարդկանց տանը պահելն այլեւս անհնարին էր:

Մյուս կողմից՝ համոզել հայաստանցիներին, որ նրանք գիտակցաբար, ինքնակամ դրսեւորեն սոցիալական պատասխանատվություն եւ պահպանեն հիգիենայի կանոնները, նույնպես, իմ կարծիքով, անհնարին է:

Մնում է վերահսկողությունը, բայց այստեղ նույնպես, մեղմ ասած, լրջագույն խնդիրներ կան: Վերահսկողությունը պետք է իրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Պարզ չէ, սակայն, թե ինչպես է պետական կառույցը դա անելու: Չեմ պատկերացնում թե ինչպես են այդ մարմնում աշխատող փոքրաթիվ աշխատակիցները հսկելու հարյուրավոր ռեստորանների, սրճարանների, վարսավիրանոցների, առեւտրային, արտադրական ու ոչ արտադրական ձեռնարկությունների աշխատանքը:

Լավ, ենթադրենք, հազար խախտումներից մեկը հաջողվի արձանագրել: Ի՞նչ է դրան հետեւելու: Ինչպե՞ս, իրավական ո՞ր նորմերի հիման վրա է տնտեսվարողը պատժվելու, տուգանվելու: Պարզ է, որ այստեղ պարետի կարգադրություններով եւ մեկ տեսչությամբ հնարավոր չէ սահմանափակվել:

Հույս դնել, որ քաղաքացիներն իրենք կնկատեն խախտումը եւ կահազանգեն, նույնպես, կարծում եմ, անիմաստ է: Այստեղ պետք է աշխատի ոստիկանական ողջ համակարգը: Եվ քանի որ ենթադրելի է, որ իրավիճակը շարունակվելու է ամիսներ, Ազգային ժողովն էլ, հավանաբար, պետք է պատիժների հարցում հստակություն մտցնի:

Մարդկանց շատ դժվար է համոզել, որ թեեւ սահմանափակումների մի մասը վերացել է, կորոնավիրուսը ոչ մի տեղ չի նահանջել: Ոչ էլ նրա մեջքն է կոտրվել: Վերջին օրերին Հայաստանում ամեն օր հայտնաբերվում է 100-ից ավելի դեպք, եւ ամենացավալին այն է, որ մարդիկ դրան սկսել են մի տեսակ վարժվել: Այդպիսի վերաբերմունքով դժվար չէ կանխատեսել, որ հունիսի սկզբին վարակվածների թիվը մի քանի հազարով կավելանա: Այս պարագայում մեր հիվանդանոցների մահճակալները եւ բժիշկների ծառայությունները կհերիքեն միայն ծանր հիվանդների համար: Մնացածը բուժվելու են իրենց տներում, եւ դարձյալ հույսը դրվելու է մարդկանց գիտակցական վարքի վրա: Իսկ ինչպիսին է մեր գիտակցության մակարդակը, կարող եք հասկանալ՝ դուրս գալով փողոց:

Մնում է պարզապես եւս մեկ անգամ կոչ անել՝ մնալ տանը բոլոր այն դեպքերում, երբ տնից դուրս գալու անհրաժեշտություն չկա: Հասկանում եմ, որ մարդկանց մեծամասնությունն այդ կոչը կարհամարհի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ներեցէք, սակայն տնտեսութեան վնասներուն եւ մարդկային կորուստներուն միջեւ կողմնորոշուիլը, ի մասնաւորի Հայաստանի պարագային, շատ աւելի հեշտ եւ դիւրին էր, քան թէ բազմաթիւ այլ երկիրներու:

    Որովհետեւ բնակչութեան թիւը քիչ է, մինչ համաճարակէն առաջ արդէն՝ գործազուրկներուն եւ չքաւորներուն համեմատութիւնը շատ բարձր էր, եւ արդէն եղած տնտեսութիւնը – եթէ լուրջ խօսինք -, չափազանց տկար վիճակի մէջ էր:

    Այս պայմանների մէջ, տնտեսութիւն «վերաբանալ» ի՞նչ է նշանակում, Հայաստանի պարագային: Ինչ տնտեսութիւն, որո՞ւ համար: Հինգ րոպէ լուրջ մտածենք թէ ինչի մասին է խօսքը:

    Մէկ օրինակ առնենք՝ սրճարանները մասնակի կերպով պիտի բացուին: Շար բարի: Եւ ո՞վ է լինելու անոնց յաճախորդութիւնը… Երբ որ զբօսաշրջիկութիւնը անէացած է, գոնէ մինչեւ աշուն, ամենալաւատես հեռանկարով: Կարող էք նոյն տրամաբանութեամբ վերլուծել մէկ առ մէկ տնտեսութեան գրեթէ բոլոր ոլորտները, եւ կը հասնիք նոյն եզրակացութեան:

    Իսկապէս էական, կենսական, տարրական ապրանքների եւ ծառայութիւնների վերաբերող ոլորտէն զատ (զորս, ի դէպ, պէտք է որ պետութիւնը ստանձնէր, մինչեւ համաճարակի աւարտը), կարելի էր տնտեսական մնացեալ լրիւ գործունէութիւնը առկախել, եւ պետութեան դրամական լրիւ կարողականութիւնը տրամադրել՝ օգնելու համար ժողովուրդի միջին եւ կարիքաւոր դասակարգներին – այդ նպատակին համար կասեցնելով նաեւ պետական այլազան, յետաձգելի ծախսեր, ծրագիրներ – :

    Հայաստանին համար դեռ շատ ուրիշ յատուկ ձեւեր ալ կային ու կան դիմագրաւելու համար այս աղէտը, եթէ երկրի իւրայատկութիւններուն համեմատ որոնուէին «լուծումները», փոխանակ մեքենաբար կապկելու այլ երկիներ, որոնց հետ բաղդատական եզր չկայ:

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան

    Մխիթար Սպարապետը առաջինը իր որդուն էր պատերազմ տանում, նոր հետո այլոց: Կառավարությունը ինքը պետք է կարգապահ ու գիտակից լինի ու նոր միայն նման բան պահանջի քաղաքացիներից: Բայց երբ վարակի դեմ պայքարի փոխարեն շարունակում են միլիոնների պարգեւավճարներ բաժանել, քաղաքացին չի վստահում կառավարությանը: Երբ իրար հակասող հայտարարություններ են անում ու բոլոր հարցերում պատասխանատվությունը թողնում քաղաքացու վրա: Մեր կառավարությունը միայն տեսարաններ սարքելու մեջ է հմուտ:

    Այնպես որ անհնարին բան չկա, եթե հնար գտնելու ցանկություն կա եւ տեսարան սարքելու ցանկություն չկա:

Պատասխանել Նարեկ

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031