Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը Ժիրայր Սեֆիլյանին պատասխանատու է համարում իր նկատմամբ սուտ մեղադրանքների առաջադրման ու դատապարտման համար եւ իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ

Հունվար 20,2022 11:30

2021թ դեկտեմբերի 10-ին Վերաքննիչ դատարան կոչված մարմինն ինձ դատապարտեց 25 տարվա ազատազրկման՝ իբր 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում վիրավորված եւ մեկ ամիս անց մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար։

Անխտիր բոլորը գիտեն, որ ես չեմ եղել Մկրտչյանին վիրավորողը եւ ավելին, որ դեպքի պահին դեպքի վայրում չեմ էլ գտնվել: Դեպքին ներկա էին եղել, բացի իրենից՝ Մկրտչյանից, մեկ այլ ոստիկան եւ գունդը գրաված խմբի անդամներից 8-10 հոգի: Խմբի մնացած անդամներս, ավելի քան 20 հոգի, այդ պահին գտնվել էինք գնդի տարածքի այլ վայրերում: Բայց գործողության ավարտից հետո, գնդի գրավման գործը քննող Հատուկ քննչական ծառայության քննիչ խումբը դիմեց բացահայտ կեղծիքի եւ Մկրտչյանի վիրավորման եւ մահվան պատասխանատու հայտարարեց ինձ:

Քննիչ խումբն իմ դեմ սպանության մեղադրանքը «կարեց» դեպքին ներկա երկրորդ ոստիկանի եւ դեպքի վայրում նույնիսկ չգտնված խմբի գոնե երեք անդամների սուտ ցուցմունքների հիման վրա։ Այդ անդամների կեղծ ցուցմունքների դիմաց նրանց նկատմամբ բոլոր մեղադրանքները դեռ 2016թ ամռանն ու աշնանը հանվեցին ու նրանք ազատ արձակվեցին: Չորս տարի անց՝ 2020թ-ին, դատավարության ընթացքում, նույն այդ անդամները հրաժարվեցին իրենց առաջին ցուցմունքներից, խոստովանեցին, որ դրանց ներքո ստորագրել էին ճնշումների հետեւանքով եւ ներողություն խնդրեցին ինձանից: Մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, ավելի քան 4,5 տարվա ազատազրկումից հետո 2021թ փետրվարի 24-ին առաջին ատյանի դատարանը ինձ արդարացրեց Մկրտչյանի սպանության հոդվածից։ Գնդի գրավման մյուս հոդվածներով նույն ատյանը ինձ դատապարտեց ավելի քան 9 տարվա ազատազրկման եւ մինչ վերաքննիչ բողոքի գործընթացի ավարտը, իմ խափանման միջոցը փոխվեց եւ ես ստորագրությամբ ազատվեցի կալանքից։

Իսկ ահա «վերաքննիչ» դատարանը, առանց նոր ապացույցների եւ որեւէ հիմնավորման վերակենդանացրեց կեղծիքն ու անարդարությունը:

Բացի ՀՔԾ քննիչ խմբից եւ դատախազությունից, 2016թ- ից իմ դեմ սպանության կեղծ մեղադրանքի համար ես պատասխանատու եմ համարում Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա մի քանի գործընկերներին։ Դրանում նրանք գործարքի են գնացել իշխանությունների հետ: Ես չեմ կասկածում, որ մեղադրանքի վերահաստատման եւ 25 տարով դատապարտման մեջ եւս իր թաքուն կապերով Ժիրայրը կարեւոր դեր է ունեցել, նույնիսկ եթե այլ դրդապատճառներ էլ եղած լինեն:

Նրանք դիմեցին ավելի խորը ստորության: Իմ հանդեպ իրենց դավաճանությունը եւ իշխանությունների հետ գործարքը քողարկելու համար Ժիրայրն ու իր ենթակաները 2018 թվականի օգոստոսից կեղտոտ արշավ սկսեցին ինձ դեմ՝ ինձ հայտարարելով «ընկեր ծախող» եւ «ռեժիմի հետ գործարքի գնացած»: Նույնն արեցին այս տարվա ապրիլին կայացրած իմ ասուլիսից հետո:

Իրենք են ինձ դավաճանում ու ծախում, գործարքի եւ առեւտրի գնում իշխանությունների հետ, իսկ հետո իրենց արածը վերագրում ինձ:

Այս հարցերի մասին ես ստորեւ մի քանի կարեւոր փակագծեր եմ բացում: Թող Ժիրայրն ու նրա մի քանի անմիջական մեղսակիցները համարձակվեն, փորձեն պատասխան գտնել իրենց դավաճանության ապացույցներին:

Նախ, շատ հակիրճ.

1.2016 թվականի աշնանից ինձ առաջադրված սպանության մեղադրանքը պատահական չէր. դա գործարքի արդյունք էր։ Չկա այլ տարբերակ:

2.Ժիրայր Սեֆիլյանը 2018 թվականի ամռանը կալանքից ազատվելուց հետո կարող էր կազմակերպել իրեն առաջարկված շատ պարզ միջոցները, որոնք դեռ այն ժամանակ կարող էին իմ վրայից հանել մեղադրանքը, բայց նա չկատարեց դրանք։

3.Երբ խնդրին լուծում գտնելու անհաջող փորձերից հետո 2018 թվականի օգոստոսին Պավլիկ Մանուկյանը դատարանի առաջ իր հայտնի հայտարարությունն արեց ոստիկան Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, Ժիրայրն ու իր շրջապատը, իրենց իսկ կատարած գործարքը ծածկելու նպատակով անցան նոր կեղծիքների եւ ստոր վերագրումների, ոչ միայն Պավլիկին, այլեւ ինձ հայտարարելով «ծախված» եւ «գործարքի գնացած»:

4.Այդ պահից նրանք հիվանդ մորս ու հիվանդ քրոջս հետ վարվեցին ամենաստոր ու տմարդի կերպով։

 

Հիմա այս ամենի մասին ավելի մանրամասն:

 

1.Այն, որ ես կապ չունեի 2016թ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու դեպքի հետ եւ նույնիսկ դեպքի վայրում չէի գտնվել, հայտնի էր բոլորին՝ գունդը գրաված խմբի անդամներին, դեպքին ականատես ոստիկաններին, հետեւաբար՝ քննիչներին:

Դեպքը տեղի էր ունեցել գնդի շենքերից մեկի սենյակներից մեկում: Այնտեղ էին գունդը գրաված խմբի 8-10 անդամներ եւ երկու ոստիկան՝ Գագիկ Մկրտչյանը եւ եւս մեկը: Խմբի մնացած ավելի քան 20 անդամները, ներառյալ ես, գտնվում էինք գնդի մյուս տարածքներում: Խմբի՝ սենյակում ներկա անդամներից մեկի (ամենայն հավանականությամբ անզգուշաբար) արձակած գնդակներից թեւից վիրավորվեց Մկրտչյանը: Նա շուտով բաց թողնվեց եւ, ամբողջովին գիտակից վիճակում, իր ոտքերով դուրս եկավ գնդի տարածքից: Բաց թողնվեց նաեւ երկրորդ ոստիկանը: Նրանք երկուսն էլ ինձ չէին ճանաչում, չեին տեսել, հաստատապես գիտեին, որ ես չէի կարող եղած լինել կրակողը, տեսել էին կրակողին ու գիտեին նրա ինքնությունը, առնվազն դիմագծերը, եւ անհնար էր, որ իրականությունը պատմած չլինեին իրենց վերադասներին եւ քննիչներին։

Եթե Մկրտչյանը վիրավորվելուց հետո գիտակից վիճակում հեռացած չլիներ գնդից, եթե վիրավորվելու պահին դեպքի վայրում այլ ոստիկան չլիներ, ապա զուտ տեսականորեն հնարավոր կլիներ չբացառել, որ քննիչները, չկարողանալով պարզել իրական կրակողին, «արդյունք» ցույց տալու համար, գնդի գրավմանը մասնակցած 33 հոգու միջից զուտ պատահականությամբ դեպքը բարդել են իմ վրա: Բայց քանի որ երկու ոստիկանները հայտնվել էին իրավապահ մարմինների մոտ, զուտ պատահականության արդյունքում կրակելու պատասխանատվությունը իմ վրա բարդելու վարկածը բացառվում է:

Այդ դեպքում ինչո՞ւ դա բարդվեց ինձ վրա:

Դա կարող էր միայն հստա’կ մտածված լինել:

Ո՞ւմ մոտ է այդ միտքը առաջացել եւ ինչո՞ւ:

Կարող է լինել երկու տարբերակ: Միտքն առաջացել է՝ ա. քննիչների, այսինքն` օրվա իշխանությունների մոտ, եւ բ. խմբի, ավելի ճիշտ խմբի առաջնորդների մոտ: Երկու պարագայում էլ երկու կողմերի միջեւ պետք է տեղի ունեցած լինի գործարք եւ առեւտուր:

Պատասխանատվությունն ինձ վրա բարդելու նախաձեռնությունը օրվա իշխանություններից եկած լինելու դեպքում ենթատարբերակներից մեկն այն է, որ իսկական կրակողը ներդրված մարդ է եղել եւ նրան ներդնողները, այսինքն` հատուկ ծառայությունները պետք է նրան «մաքուր» դուրս բերեին:

Եթե այս է տեղի ունեցել, ապա Ժիրայրենք անմիջապես պետք է եզրակացնեին, որ իրական կրակողը գործակալ է եւ, փոխանակ թույլ տալու, որ կեղծիքն անցնի, ընդհակառակը, շահագրգռված պետք է լինեին, որ նա պատժվի: Բայց նրանք ոչ միայն մինչեւ հիմա լուռ են մնում եւ չեն պատժել այդ մարդուն, այլ նա մինչեւ այսօր շարունակում է «շարժման» նեղ շրջանակին մաս կազմել: Հետեւաբար, այս տարբերակի ճիշտ լինելու պարագայում, ընդամենը մնում է տրամաբանական միակ եզրակացությունն անել Ժիրայրենց մասին:

Տեսականորեն չի կարելի բացառել, որ կրակողի հարուստ բարեկամներից կամ ընկերներից մեկը կաշառք առաջարկած լինի քննիչներին ու վերջինները այն ընդունած լինեն: Այս ենթատարբերակի դեպքում եւս Ժիրայրի եւ խմբի ղեկավարների լռությունը համազոր է իմ նկատմամբ (եւ ընդհանրապես) դավաճանության, որովհետեւ նրանք պետք է իրենք իրենց հարց տային, թե ինչպե՞ս է այդպես պատահում եւ, համապատասխան եզրակացությունների հանգեին ու, եթե ազնիվ մարդիկ ու ազնիվ պայքարողներ էին, մերժեին այդ «հանգուցալուծումը»: Տեսականորեն չի բացառվում, որ կաշառված լինեն նաեւ իրենք:

Կարո՞ղ են այս վարկածները չհամապատասխանեն իրականության եւ լինեն այլ ենթատարբերակներ: Գուցե, չնայած դժվար է պատկերացնել: Բայց ինչ էլ լինեն ենթատարբերակները, Ժիրայրենց լռությունը խոսում է նրանց առնվազն մեղսակցության մասին:

Իսկ եթե կրակողին մաքուր դուրս բերելու եւ մեղադրանքն ինձ վրա քցելու նախաձեռնությունը օրվա իշխանություններից ու քննիչներից չի եկել, ապա միակ բացատրությունը մնում է այն, որ այդ առումով հատուկ շահագրգռվածություն ունեցել են Ժիրայրենք: Նրանք օրվա իշխանություններին առաջարկել են իմ ու կրակողի «տեղերը» փոխել ու իշխանությունները դա ընդունել են: Իսկ վերջինները այդպիսի առաջարկ կարող էին ընդունել միայն եթե դրա դիմաց ստանալու էին չափազանց մեծ ծառայություն:

Բոլոր տարբերակներով էլ տեղի է ունեցել կեղտոտ գործարք, առեւտուր եւ դավաճանություն:

Կարեւոր է իմանալը, թե ինչո՞ւ է կեղծիքը տեղի ունեցել, բայց դա խնդրի բուն էությունից ոչինչ չի փոխի: Ինչ էլ եղած լինի դրդապատճառը, փաստը մնում է այն, որ տեղի է ունեցել գիտակցված կեղծիք: Իսկ դա չեր կարող «անցնել» առանց Ժիրայրենց հավանության, մեղսակցության:

Ավելացնեմ, որ բացի ոստիկան Մկրտչյանի գործից, քննիչներն իսկական կրակողի վրայից «մաքրել» են նաեւ գնդի գրավման գործող առնվազն երկու այլ կարեւոր հոդված (ի դեպ, դրանցից մեկով կրկին ամբողջովին շինծու, «մեղավոր» ենք ճանաչվել ես եւ մի քանի ուրիշներ):

Վերջապես ասեմ, որ ՀՔԾ քննիչ խումբը ղեկավարել է Էդիկ Հակոբյանը: Նա հիմա ստացել է պաշտոնի բարձրացում եւ զբաղեցնում է նոր ստեղծված, ՀՔԾ-ը փոխարինող Հակակոռուպցիոն կոմիտեի պետի տեղակալի պաշտոնը:

 

2.2018 թվականի ամռանը՝ իշխանափոխությունից հետո, Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա գործով կալանավորվածների եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը սկսեց փոխվել, եւ նրանք հերթով սկսեցին դուրս գալ բանտից, բացառությամբ սպանության մեջ մեղադրվող երկուսի.

Այդ օրերին Պավլիկ Մանուկյանը խմբի անդամների ու Ժիրայրի մոտ բարձրացրել էր իմ ճակատագրի հարցը։

Պավլիկը հարց ուղղեց խմբի մյուս անդամներին. դուք ո՞ւր եք թողնում ձեր ընկերոջը. կեղծիքը դրել եք այս տղայի ուսերին ու չեք էլ ուզում աչքերին մեջ նայել ու ասել՝ ներողություն, մենք գնում ենք: Նրանք ոչինչ չասացին։ Պավլիկը խմբի անդամներին հորդորեց հրաժարվել կալանքից դուրս գալ, քանի դեռ բոլորն ազատ չեն արձակվել։ Բայց նրանք շարունակում էին դուրս գալ։ Ինչպես նրանցից ոմանք խոստովանեցին, էլ չէին դիմանում:

3.Բացի այդ, նույն օրերին Պավլիկը մի շատ կարեւոր տրամաբանական միտք առաջարկեց Ժիրայրին. Ժիրայրն արդեն ազատության մեջ էր, իսկ ինքը՝ Պավլիկը, դեռեւս ոչ: Հեռախոսային կապով նա Ժիրայրին հորդորեց սուտ ցուցմունք տված անդամների կամ գոնե նրանցից մի քանիսի կողմից հրապարակային հայտարարություն կազմակերպել, որտեղ նրանք պետք է ընդունեին, որ իմ մասին տված իրենց ցուցմունքները կեղծ են։ Ժիրայրը Պավլիկին պատասխանեց, որ այդ մասին հետո կխոսեն, նախ ինքը՝ Պավլիկը պետք է դուրս գա բանտից։ Նա ոչ այն ժամանակ, ոչ էլ ավելի ուշ չկատարեց այդ շատ տրամաբանական հորդորը։ Բացի Պավլիկից՝ ուրիշներն էլ նույն առաջարկն արել էին Ժիրայրին, դարձյալ ապարդյուն։

Այդ շատ տրամաբանական առաջարկությունը չկատարելը, բացի իմ նկատմամբ ստորությունից, լրացուցիչ հաստատումն է տեղի ունեցած գործարքին: Դա բացարձակապես ձեռ չէր տալիս Ժիրայրին: Դրա ընդունումը եւ կատարումը վերջ էր դնելու իշխանությունների հետ գործարքին, իրենց՝ Ժիրայրենց համար շատ տհաճ հետեւանքներով: Այդ պատճառով էլ նա չկատարեց այն:

Ավելին, նա ոչ միայն հրաժարվեց մեղայականները կազմակերպել, ինչը կարող էր դեռ այն ժամանակ մաքրել իմ դեմ առաջադրված կեղծ մեղադրանքը, ոչ միայն չպատժեց դասալիք ու իրենց ընկերոջը սուտ մատնությամբ վաճառած երիտասարդներին, այլեւ նրանցից մի քանիսին ներառեց իր շրջապատը։

Ինչպես ասել եմ, ավելի ուշ, շատ ավելի ուշ՝ 2020թ-ին նրանցից մի քանիսը դատարանում հրաժարվեցին իրենց առաջին ցուցմունքներից, եւ դա կարեւոր նշանակություն ունեցավ առաջին ատյանի կողմից իմ արդարացման համար:

4.Ժիրայրի ազատ արձակվելուց հետո նրան բանտից զանգահարեցի, շնորհավորելու նպատակով: Նա ինձ հորդորեց իմ անունից ֆեյսբուքում հայտարարություն պատվիրել, որտեղ պետք է ցավ հայտնեի ոստիկանի մահվան կապակցությամբ։ Ուրիշ ոչինչ: Դատական նիստերի ընթացքում ես արդեն հնարավորություն ունեցել էի այդ նիստերին որպես ոստիկան Գագիկ Մկրտչյանի իրավահաջորդ մասնակցող նրա այրուն ասել, որ ցավում եմ ամուսնու մահվան համար, բայց կապ չեմ ունեցել նրա վիրավորվելու դեպքի հետ: Facebook-ում նորից ցավ հայտնելը ոչինչ չէր տալու, բացի, իմ վրայից կասկածները ցրելու փոխարեն, ընդհակառակը, դրանք ավելի կենտրոնացնելու իմ վրա:

5.Խմբի անդամների եւ Ժիրայրի մոտ իր ապարդյուն փորձերից հետո, երբ անդամների մի մասն արդեն ազատ էին արձակվել, իսկ մյուսները՝ դեռ ոչ, Պավլիկը դատական նիստերից մեկի ժամանակ, 2018թ օգոստոսին արեց իր հայտնի հայտարարությունը, որտեղ ասաց, որ Արմեն Բիլյանը ոչ մի առնչություն չունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու դեպքի հետ. եւ որ վերջինը թեւից վիրավորվել էր խմբի մեկ այլ անդամի (ում անունը տվեց) կողմից պատահաբար արձակված գնդակից։

6.Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը բնականաբար բացարձակապես դուր չէր գալու Ժիրայրին: Դա խառնում էր նրա հաշիվները եւ սպառնում էր դուռ բացել գործարքի բացահայտմանը: Նա ամեն գնով պետք է խուսափեր դրանից:

Հետեւաբար նա անմիջապես դիմեց «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությանը:

Ոչ միայն Պավլիկը, այլեւ ես անմիջապես հայտարարվեցինք «ընկեր ծախողներ»: Իսկ այդ վերագրումն ավելի «համոզիչ» դարձնելու եւ կասկածներն իր վրայից առավելագույնս հեռացնելու համար նա տարածեց այն միտքը, թե իբր առկա է հատուկ ծառայությունների դավադրություն եւ Պավլիկն ու ես մասնակից ենք դրան, գործարքի ենք գնացել ծառայությունների հետ, հետեւաբար «դավաճաններ» ենք: Իսկ ո՞րն էր նրա «ապացույցը». այն, որ այդ ժամանակներում ինձ տեղափոխել էին Պավլիկի հարեւան խուց:

Այսինքն` մեզ վերագրում էին այն, ինչն իմ նկատմամբ իրենք էին արել:

Այդ ստոր քայլերին նրանք կրկին գնացին 2021թ-ին: Փետրվարին ազատ արձակվելուց հետո ես երկու ամիս սպասեցի, որ Ժիրայրը մոտենա եւ մենք տղամարդու խոսակցություն ունենանք այս ամբողջ պատմության մասին: Նա այդ տղամարդկությունը չունեցավ եւ բոլորը ինձնից հեռու մնացին, նույնիսկ չշնորհավորեցին ազատվելու համար: Երկու ամիս սպասելուց հետո՝ ապրիլին ես կայացրի մամուլի ասուլիս, որտեղ Ժիրայրին անբարոյական որակեցի եւ հայտարարեցի, որ մերժում եմ «Սասնա ծռեր կուսակցությունն» ու «Ազգային ժողովրդավարական բեւեռը»: Իմ ասուլիսը նրանք ներկայացրին իբր իմ «ազատության գինը», այսինքն` իբր իշխանություններն ինձ ազատ էին արձակել Ժիրայրի եւ «Բեւեռի» դեմ խոսելու պայմանով:

Նրանք նաեւ հերյուրեցին, որ ասուլիսի ընթացքում կարդացած տեքստն ուրիշներն են գրել եւ տվել ինձ, որ կարդամ, քանի որ ես տեքստ գրող չեմ. կարծես մտքեր ունենալու ու տրամաբանելու համար պարտադիր է գրելու ձիրք ունենալ: Իսկ արդյո՞ք Ժիրայրն է գրում իր անունից լույս տեսնող գրավոր հայտարարությունները:

7.Բայց միայն անմեղսունակները կարող էին այս կեղտոտ քարոզչությունից խաբվել:

Նախ` Պավլիկի հայտարարության եւ «ընկեր ծախելու» մասին:

Նախ ասեմ, որ այդ հայտարարությունը նույնքան անակնկալ էր ինձ համար, որքան բոլորի համար։ Ես նախօրոք տեղյակ չեմ եղել, որ նա մտադիր էր նման բան ասել: Նույն օրն ավելի ուշ նույնիսկ նրանից բացատրություն եմ պահանջել ասածի համար: Սա ասում եմ, որովհետեւ դա է ճշմարտությունը: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես երբեք տղամարդկությունից եւ պատասխանատվությունից փախչող չեմ: Եթե իմացած լինեի՝ բաց ճակատով կընդունեի տա:

Բայց մի պահ ընդունենք, որ Պավլիկի հայտարարությունը համազոր է «ընկեր ծախելու»: Մի պահ նաեւ ընդունենք, որ ես տեղյակ եղել եմ դրանից եւ ավելին՝ ես եմ դրդել նրան: Բայց նույնիսկ այս դեպքում, տեղի ունեցած վաճառքներից ո՞րն է ավելի զզվելին. խնդրին լուծում գտնելու ապարդյուն փորձերից հետո եւ իմ դեմ փակվող դռների պայմաններում դատարանում արված հայտարարությո՞ւնը,, թե սկզբից կեղծիքներով մեղադրանքն իմ վրա բարդելու գործարքի գնալը, ինձ այդ կեղծ ամբաստանությունից մաքրելու նպատակով արված շատ տրամաբանական առաջարկությունը չկատարելը եւ ինձ մարտի դաշտում անպաշտպան թողած հանգիստ խղճով այդ դաշտից հեռանալը:

Հիմա՝ «ռեժիմի» հետ «համագործակցության» մասին:

Եթե ես, կեղծիքով մեղադրվածս , 2018թ համագործակցել եմ հատուկ ծառայությունների հետ, ապա ինչպե՞ս բացատրել, որ փոխանակ «վարձատրվելու» , ընդհակառակը, եւս մոտ երեք տարի մնացել եմ բանտում, մինչդեռ իրենք, «չհամագործակցողները»՝ ազատ են արձակվել։

Եթե 2021թ փետրվարին՝ իմ չկատարած սպանության մեղադրանքից «ազատվելու գինը» ապրիլին տված իմ ասուլիսն էր, ապա ինչո՞ւ այդ «գինը» վճարելուց հետո դեկտեմբերին դատապարտվեցի 25 տարվա ազատազրկման:

Եվ եւս մի միամիտ հարց: Ի՞նչ անուն տալ այն բանին, որ 2018թ «հեղափոխությունից» կարճ ժամանակ առաջ առաջին ատյանի դատարանը Ժիրայրին դատապարտեց 10,5 տարվա բանտարկության, իսկ ամիսներ անց վճռաբեկ ատյանը զրոյացրեց այդ վճիռը: Ես երկու անգամ իբր «գործարքի» եմ գնում, ու դրա դիմաց,, իմ չարածի համար ստանում 25 տարի: Ժիրայրը, քավ լիցի, ոչ մի գործարքի չի գնում բայց իր վճիռը զրոյացվում է: Իսկ ինչպե՞ս է լինում գործարքը:

8.Հարազատներս, մայրս ու քույրս, բնականաբար դժգոհ էին 2018թ այդ օրերին ստեղծված իրավիճակից: Իրենց համար ընդունելի չեր, որ իրենց հարազատը անարդարորեն մեղադրվում է սպանության մեջ եւ չափազանց անհանգիստ էին մյուսների պայմանական ազատումից հետո ինձ սպասող ճակատագրով: Հարազատներիս անհանգստությունը Ժիրայրին դուր չեկավ: Նա ուզեց մորս հանդիպել: Գնաց մեր տուն: Բայց փոխանակ փորձելու նրան սփոփել ձայն բարձրացրեց նրա վրա ու կոպտեց նրան: Ես մորս լավ եմ ճանաչում: Նա իր արտահայտությունների մեջ երբեք սահմանը չի անցնում: Նա այդ օրերին բնականաբար հուզված եւ մտահոգ էր: Բայց նա ոչինչ չեր արել իրեն «առաջնորդ» ու «հրամանատար» հորջորջող այս մարդու անպատկառ վերաբերմունքին արժանանալու համար:

Ժիրայրը մտնում է շեմից ներս: Նախնական փոխադարձ բարեւից հետո, դեռ ոտքի, հանկարծ երկու ձեռքերը տնկում է առաջ ու իրեն հատուկ ինտոնացիայով, լարված ու հարձակողական տոնայնությամբ ասում է. «Ի՞նչ կուզես…, ի՞նչ կուզես… ». «կամավոր է գնացել… ». «որ զոհվեր պիտի գայիր ինձնի՞ց ուզեիր… ». «ուրախ չե՞ս, որ սաղ է մնացել»:

Այսինքն՝ մայրս պետք է ուրախ ու գոհ լիներ, որ ես չեմ մահացել, ես դեռ ողջ եմ, թքած որ տասնամյակներ բանտում մնամ իմ չարածի համար։ Եվ այս խոսքերն ասում էր այն կնոջ, ով, «Սասնա ծռերի» հարազատներից միակն էր, որ 2016թ հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանական բարբարոսություններից ուղղակի եւ անձնապես տուժել էր: Այդ խոսքերն ասում էր այն կնոջ, ով, վստահ եմ, խմբի անդամների հարազատներից միակն էր, ով, գնդի գրավման վերջին օրը, հուլիսի 31-ին, իր որդուն եւ մյուսներին հորդորում էր չհանձնվել եւ շարունակել գործողությունը:

Ինչպե՞ս որակել մարդուն, ով այդպիսի պայմաններում գտնվող մորս հետ այդպես վարվեց եւ թե’ դավաճանության թե’ այդ վերաբերմունքի պատճառով նրան տեւական արցունք պատճառեց:

Բացի այդ՝ նույն «այցելության» ընթացքում մայրս նրան ասում է. «Արմենը իր արածի համար թող նստի: Բայց ինչո՞ւ …ի (տալիս է կրակողի անունը) արածի համար տղես պետք է նստի»: Ժիրայրը նույն տոնայնությամբ պատասխանում է. «բայց …ը կդատվի»: Մայրս հակադարձում է՝ «Իսկ Արմենը չի՞ դատվի»: Նա պատասխանում է՝ «Կաշխատենք, կհանենք»: Նա իրոք շատ աշխատեց, այլ արդյունքի համար:

9.Ես նույնպես լավ եմ ճանաչում քրոջս։ Նա զգացմունքային է։ Նա չափազանց դյուրագրգիռ դարձել էր իմ նկատմամբ անարդար մեղադրանքի եւ ինձ սպասող անորոշ ճակատագրի պատճառով, ինչպես նաեւ «զինակիցների» կողմից ցուցաբերված լավագույն դեպքում անտարբերության եւ հատկապես «ծախվածության» մեղադրանքների պատճառով: Այո՛։ Նա նաեւ վիրավորական գրառումներ է կատարել. Նրա սիրտը կոտրվել էր։ Բայց նա չունի քաղաքական կամ հասարակական հավակնություններ եւ հանդես է գալիս որպես անարդարորեն մեղադրվող եւ ընկերների կողմից ծախված մարդու քույր: Բայց ինչպե՞ս բնութագրել «Սասնա ծռեր» կուսակցության տասնյակ կին ու տղամարդ անդամներին, որոնք հայհոյանքներով եւ հեգնանքով գրառումներ էին կատարում նրա հասցեին ու շարունակում են դա անել այսօր։ Ինչպե՞ս կարող են մարդիկ, ովքեր հավակնում են «գլխավորել ազգին», իրենց թույլ տալ, նման ձեւով վերաբերվել խոցված ու վիրավոր կնոջ:

10.Իմ առաջին կալանավորման վերջին երեք տարիներին մայրս եւ քույրս անցկացրել են իրենց կյանքի ամենատառապալից տարիները ոչ միայն իրենց միակ որդու եւ միակ եղբոր անարդար ճակատագրի պատճառով առաջացած հոգեվիճակի, այլ նաեւ իրենց առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Այս տարիներին մայրս մի աչքի տեսողությունն ամբողջությամբ, իսկ մյուսինը 75 տոկոսով կորցրեց։ Բացի այդ՝ նա մի քանի ամիս խորը թոքաբորբ ունեցավ եւ հազիվ փրկվեց: Իսկ երկու մանկահասակ աղջիկների մայր քույրս արյան շատ վտանգավոր հիվանդություն ունեցավ եւ մոտ երեք տարի բառի բուն իմաստով մաքառում է կյանքի համար: Այս ամբողջ ընթացքում «շարժման ղեկավար» Ժիրայրի, իրենք իրենց ապստամբների ղեկավար հռչակածների եւ նրանց իգական սեռի հարազատների կողմից նրանք ոչ միայն բարոյական կամ նյութական ոչ մի աջակցություն չստացան, այլեւ լիովին անտեսվեցին ու անտարբերության մատնվեցին: Նրանց հետ կապերն ամբողջությամբ խզվեցին: Ես էի, որ, ինքս քայքայված առողջությամբ, բանտի չորս պատերի հետեւից հնարքներ էի ման գալիս քրոջս, ստորների կողմից հայհոյանքների ենթարկվող ծանր հիվանդ քրոջս շարունակաբար ներարկման արյուն ճարելու համար: Դա բարեբախտաբար հաջողվեց արժանապատիվ անձնուրաց ընկերների շնորհիվ։

11.Այս ամենը բավարար չէր, արվեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաձգվի առաջին դատավարության ավարտը, ինչի արդյունքում անընդհատ ձգձգվում էր իմ անմեղության ապացույցը։ Երբ դատավարությունը սկսվեց 2017թ գարնանը, փաստաբաններն ասացին, որ այն կպահանջի մինչեւ երկու տարի, ինչն արդեն երկար ժամանակ էր համարվում: Դա իրականում տեւեց չորս տարի: Համաճարակն ու պատերազմը դրանում ընդամենը չորս-հինգ ամսով դեր խաղացին։ Երկարաձգման հիմնական պատճառը Ժիրայրի եւ հիմնական դեմքերի վարած հատուկ ձգձգման քաղաքականությունն էր։ Ազատ արձակվելուց հետո նրանք անընդհատ պատրվակներ էին բերում դատական նիստերը հետաձգելու համար՝ մեկ սրա, մեկ մյուսի հիվանդության, մեկ այս մեկի կամ այն պաշտպանի բացակայության, մեկ այս ու մեկ այն իրականում ոչ մի կարեւորություն չներկայացնող վկան հրավիրելու պատճառաբանությամբ եւ այլն:

Ինձ առաջադրված մեղադրանքի, այսպես կոչված կարեւոր «հիմնավորումներից» մեկը գնդի գրավման մասնակից սպիտակցի Էդգար Սողոմոնյանի կեղծ «ցուցմունքն» էր։ Գնդի գրավման ավարտից մոտ երկու ամիս անց ՀՔԾ-ն նրանից կեղծ ցուցմունք էր կորզել, ինչի դիմաց նա անմիջապես ազատ էր արձակվել։ Ի վերջո, սպանության մեղադրանքը մերժելու հիմնական գործոնը դատարանում նույն Էդգար Սողոմոնյանի տված նոր ցուցմունքն էր, որտեղ նա հիմնովին հերքել էր իր նախկին ցուցմունքը։ Բայց այս նոր ու վճռական ցուցմունքի գրանցումը հեշտ չստացվեց: Նիստերը տարբեր պատրվակներով հետաձգվեցին ամբողջ երկու ամսով։ Էդգարը Սպիտակից ամեն շաբաթ իզուր գալիս էր Երեւան ու վերադառնում, մինչեւ վերջապես կարողացավ ներկայացնել իր նոր ցուցմունքը։

Բայց պարզվում է առաջին ատյանի վճիռը ոմանց շատ դժգոհ թողեց: Հիմա ես վայելում եմ 25 տարվա նվերս:

Այստեղ ներկայացրի միայն ամենակարեւոր փաստարկները. Ես կարող եմ շատ ավելի մանրամասներ ներկայացնել։ Թող Ժիրայրն ու իր «վկաները» փորձեն պատասխանել ինձ դավաճանելու եւ ընդհանրապես դավաճանության այս փաստերին։

Արմեն ԲԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31