Երեկ ԱԺ-ում ընդդիմությունը որոշեց Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելուց հետո դուրս գալ դահլիճից, ինչը նիկոլականների ծափերին արժանացավ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»։
Երբ նիստից հետո ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության միջանցքում պատահմամբ հայտնված Անահիտ Ավանեսյանին հարցրինք, թե ինչու էր այդպես ոգեւորված ծափահարում, պատասխանեց․ «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Դիտարկմանը, թե իրենց կառավարության անդամներից ոմանք չէին ծափահարում, իսկ ինքը շատ ջերմեռանդորեն էր ծափահարում, դա հատուկ Նիկոլ Փաշինյանին դուր գալո՞ւ համար էր անում, Ավանեսյանը նեղսրտեց մեր հարցից ու չարձագանքեց։ Նրա կողքով քայլող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ մեր հարցին, թե ինչու էր ծափահարում, ասաց․ «Այդպես եմ կամեցել»։
– Երկիրը ծանր վիճակում է, ընդդիմությունը կառավարության հրաժարականն է պահանջում, տեսաք՝ կառավարության հրաժարականի պահանջը ձեւակերպեցին, իսկ դուք նստած՝ ծափ էիք տալիս։
– Բա որ երկիրը ծանր վիճակում է, ամբողջ օրը երգուպարի տակ՝ ինչի՞ են փողոցում երգելով․․․
Կարդացեք նաև
– Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն էր այդտեղ ծափահարելու, ոգեւորվելու առիթ տվել Ձեզ։
– Որովհետեւ էդտեղ մթնոլորտը լիցքաթափվեց, եւ մարդիկ իրենց տված հարցի պատասխանը չլսելով՝ գնացին, որովհետեւ, ընդհանրապես, կուլտուրան պահանջում է, որ եթե դու հարց ես տվել, բարի եղիր՝ պատասխանը լսես։ Իսկ եթե դու հարց չէիր ուզում տալ, ուրեմն պետք չէր տալ։
– Իրենք հարց չտվեցին, իրենք ընդամենը պահանջ ներկայացրին։
– Չէ, պահանջը հարցի տեսքով էր։ Ինչպես գիտեք՝ էսօր հարց եւ պատասխանի օրն էր, ոչ թե պահանջատիրական․․․ Ամեն պահանջ հարցի տեսքով է ներկայացվում, հարգելի լրագրող։
– Ի դեպ, կառավարության ոչ բոլոր անդամներն էին ծափահարում։ Ձեզ համար հետաքրքի՞ր չէ, թե ինչու ոմանք չէին ծափահարում։
– Չէ, ինձ դուր եկավ, որ իրենք գնացին, ճիշտը որ ասեմ, որովհետեւ լարվածություն կար օդում։ Որովհետեւ, գիտե՞ք, պառլամենտն այն վայրն է, որտեղ պիտի խոսվի, որտեղ պիտի միտք հնչի, հարց հնչի, պատասխան ակնկալվի, դիսկուրս պիտի գնա։ Հասկանո՞ւմ եք, ես սովոր չեմ․․․ Ընդհանրապես, երբ որ հարց ես տալիս, պիտի ակնկալես պատասխան։ Երբ որ դու հարցը տալիս եւ թողնում դահլիճից դուրս ես գալիս, դա անհասկանալի է, իրոք անհասկանալի է։
– Բայց իրենք իրենց պահանջը ձեւակերպեցին, չէ՞, ոչ թե հարց տվեցին։
– Հիմա Դուք իրենց խոսնա՞կն եք։ Ես չեմ ուզում մեկնաբանել որեւիցե մեկի արարքը։
– Չէ, ես խնդրում եմ, որ Դուք մեկնաբանեք Ձեր արարքը։
– Այո, եւ այդ ընթացքում հնչեց միտք, եւ մեր ծափերը հիմնականում դրան էին ուղղված՝ այդ մտքին, որ մի քանի անգամ հնչեց ամբիոնից, որ «կեցցե՛ հայաստանյան ժողովրդավարությունը»։ Այո, «կեցցե՛ հայաստանյան ժողովրդավարությունը»։
– Իսկ ժողովրդավարության դրսեւորո՞ւմ է, արդյոք, որ փշալարերով ու հազարավոր ոստիկաններով են շրջապատել Ազգային ժողովի շենքը։
– Իհարկե։
– Ինչո՞վ է դա ժողովրդավարական։
– Անվտանգության համար է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































