Արցախի բռնազավթված տարածքների հոգեւոր, մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պաշտոնական Բաքուն դիմել է նոր մարտավարության: Իր ոճրագործությունները թաքցնելու համար վերջինս միջազգային հանրությանն առաջադրում է կեղծ օրակարգ: Այս գործողությունների համատեքստում օրերս ադրբեջանցի մի խումբ «պատմաբաններ» դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե մտահոգված են երեւանյան Կոնդ թաղամասի ճակատագրով, որն, իբր, ադրբեջանական է: Նրանք կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին բողոքել են, թե Երեւանում իրենք մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում: Այստեղ ավելորդ չէ նշելը, որ Բաքուն արդեն ադրբեջանական է համարում ոչ միայն հայկական, այլեւ պարսկական մշակութային արժեքները, մասնավորապես՝ պարսկական շիայական Կապույտ մզկիթը: Վերջինիս մասով էլ ադրբեջանցիները բերում են այն հիմնավորումը, թե 19-րդ դարում Երեւանում քիչ պարսիկներ են ապրել, հետեւաբար, այն չի կարող պարսկական լինել:
Այս կերպ պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային կառույցների, հասարակության ուշադրությունը շեղել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու, Կանաչ ժամի եւ բռնազավթված հայկական գյուղերի ու քաղաքների մյուս եկեղեցիների, մշակութային կոթողների եղեռնից: Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է հայկական եկեղեցիների հայատառ արձանագրությունները, այլեւ կեղծում դրանց պատմությունը: Մասնավորապես՝ վերջերս ադրբեջանցի «պատմաբանների» միտքը փայլատակել է, եւ նրանք սկսել են հայկական եկեղեցիները վերագրել այդ պետության մեջ ապրող տարբեր քրիստոնեական փոքրամասնությունների: Այս նոր քաղաքականության համատեքստում էլ հայտարարել են, թե, իբր, Շուշիի Կանաչ ժամն էլ Ուղղափառ եկեղեցի է, որը «յուրացրել» են արցախցիները: Լիովին հասկանալի է, որ այդ ակնհայտ կեղծիքին չեն ցանկանում առնչվել նույնիսկ Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, քանի որ ոչ միայն հայկական, այլեւ ռուսական արխիվային աղբյուրներում պահպանվում են փաստագրումներ, որ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը ժողովրդի խոսույթում Կանաչ ժամ է անվանվում, իրենց եղբայր Մկրտչի հիշատակին 1847 թ. կառուցել են Հովհաննես եւ Բաբա Ստեփանյան-Հովնանյան եղբայրները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշին օկուպացնելուց մեկ ամիս անց էին պայթեցրել Կանաչ ժամի գմբեթը, եւ հիմա, իբր, վերականգնում են Ադրբեջանում ապրող ուղղափառ համայնքի եկեղեցին: Նույն ճակատագրին է արժանանալու նաեւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության նկատմամբ նման կեղծիքների տարածումն Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության բաղադրիչն է, որը հեռու գնացող նպատակներ է հետապնդում: Անդրկովկասում եկվոր այս էթնոսն ամեն կերպ ցանկանում է յուրացնել ոչ միայն տեղի բնիկ ժողովուրդների պատմական տարածքները, այլեւ հոգեւոր մշակութային արժեքները: Միջազգային կառույցներին նման կեղծ եւ պատմական հիմքից զուրկ դիմումներով պաշտոնական Բաքուն ոչ միայն փորձում է հիմնավորել 2020 թ. միջազգային ահաբեկչական կազմավորումների եւ Թուրքիայի հետ Արցախի ժողովրդի դեմ կազմակերպած ագրեսիան, այլեւ հիմք նախապատրաստել հետագա նույնաբովանդակ քաղաքականության ու գործողությունների համար:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:


















































