Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ֆունտը, որը ծախսվում է կանաչապատման վրա, վերադարձնում է պետությանը 7 ֆունտ»․ կանաչ գոտիները՝ լավագույն ներդրում հանրային առողջության համար

Հունիս 06,2023 09:30 Share

Մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջությանը նպաստող ու վնասող գործոնները բազմաթիվ են, և դրանցից մեկն էլ մարդու կենսամիջավայրում կանաչ տարածքների առկայությունը կամ բացակայությունն է։ 

Թվում է՝ հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած բնակավայրում մարդը բնության հետ շփվելու հնարավորություն պետք է ունենա, բայց արի ու տես, որ մենք հարմարվում ենք այն մտքին, որ ապրում ենք մի միջավայրում, որտեղ բետոնապատումն ու ասֆալտապատումը համարվում են շուրջբոլորը «մաքրելու և բարեկարգելու» անփոխարինելի միջոցներ, իսկ օդի աղտոտվածության թույլատրելի սահմանները գերազանցող խտությունները՝ սոսկ առօրյա վիճակագրություն։ Իսկ այդ վիճակագրությունն «անտեսանելի մարդասպանի» պես քայքայում է մեր առողջությունը, մինչ մենք քարե ջունգլիներում փորձում ենք գտնել առողջ ապրելակերպի բանաձևերը․․․

Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, բ.գ.թ., Քրիստինա Վարդանյանը մեզ հետ զրույցներից մեկում նշելով, որ կանաչապատումը հասարակության առողջության համար իրականացվող կարևորագույն ներդրումներից մեկն է, այսպիսի օրինակ բերեց․

«Եվրոպական տնտեսական ֆորումում մի այսպիսի միտք բարձրաձայնվեց, որ մեկ ֆունտը, որը ծախսվում է կանաչապատման վրա, վերադարձնում է պետությանը 7 ֆունտ․․․»։

Բազմաթիվ հետազոտություններով է ապացուցվել, որ կանաչ գոտիները բարելավում են մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությունը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։ Դրանք նաև սոցիալ-տնտեսական, մշակութային-կրթական ազդեցություն ունեն։ 

Երևան, Սիրահարների այգի

Կանաչ տարածքների դերը մարդու ֆիզիկական առողջության բարելավման գործում

Առաջին հերթին կանաչ գոտիները խթանում են ակտիվ կենսակերպը՝ հարմար միջավայր ստեղծելով քայլքի, վազքի և մարմնամարզության համար, ինչը նպաստում է՝ 

  • Ճարպակալման կամ ավելորդ քաշի ռիսկի նվազեցմանը,
  • սրտի առողջության բարելավմանը,
  • դիաբետի ռիսկի նվազեցմանը,
  • խոլեսթերինի բարձր մակարդակի ռիսկի նվազեցմանը,
  • զարկերակային ճնշման նվազեցմանը,
  • երկարակեցությանը։

Կանաչ տարածքներն ամրացնում են մարդու իմունային համակարգը, բարելավում աղիների միկրոֆլորան, ավելի անվտանգ և արդյունավետ դարձնում քաղաքային միջավայրը։

Պողպատը, բետոնն ու ասֆալտը, որոնք օգտագործվում են շինարարության ժամանակ, տաքություն են պահում, արդյունքում քաղաքում ստեղծվում են «ջերմային կղզիներ», որոնց դեմ կարող են պայքարել կանաչ գոտիներն ու ծառերը, որոնց ստվերում ջերմաստիճանը կարող է  5-10 աստիճանով ցածր լինել։ Կանաչ գոտիները նաև կլանում են աղմուկն ու մաքրում են օդը։ Մեկ հետազոտություն ցույց է տվել, որ քաղաքի ներսում գտնվող ծառերը ֆիլտրում են հարյուրավոր տոննաներով քիմիական նյութեր, ինչպիսիք են ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածպաթթու գազը և այլն: Սա օդն ավելի անվտանգ է դարձնում շնչելու համար՝ թույլ տալով կանխարգելել օդի աղտոտվածության հետևանքով զարգացող բազմաթիվ հիվանդություններ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում 10 մարդուց 9-ը աղտոտված օդ է շնչում։ Օդի աղտոտվածության պատճառով տարեկան մահանում է 7 միլիոն մարդ։

Երևան, Սիրահարների այգի

Ի՞նչ ազդեցություն ունեն կանաչ տարածքները հոգեկան առողջության վրա

Կանաչ գոտիների հետ շփումն ունի մի շարք առավելություններ հոգեկան առողջության տեսանկյունից։ Հետազոտությունները արձանագրել են՝

  • Սթրեսի մակարդակի նվազեցումը,
  • անհանգստության նվազեցումը,
  • դեպրեսիայի, տրամադրության փոփոխությունների կանխարգելումը,
  • ուշադրության կենտրոնացման բարելավումը և այլ առավելություններ։

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ բնությանն ու կանաչ գոտիներին պատուհանից կամ պատշգամբից հետևելը կարող է նվազեցնել անհանգստությունն ու անգամ զարկերակային ճնշումը։ 

Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ երեխաները, որոնք հաճախ են գտնվում կանաչ գոտիներում, ավելի քիչ են ունենում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ դեռահասության շրջանում և ավելի մեծ տարիքում։ 

2022 թ․-ի հետազոտությունը ցույց է տվել, որ բուսականությամբ հարուստ տարածքներում ապրող մարդկանց շրջանում ավելի քիչ են Ալցհայմերով հիվանդանալու և թուլամտության դեպքերը։

Որո՞նք են կանաչ գոտիների սոցիալ-տնտեսական առավելությունները

  • Հանցավորության նվազում․ ապացուցվել է, որ այն շրջաններում, որտեղ շատ են խնամված կանաչ գոտիները, որոնք հասանելի են բոլորին, հանցավորության և բռնությունների մակարդակն ավելի ցածր է։ 
  • Աշխատանքի արտադրողականության բարձրացում․ կան տվյալներ, որ բնության տեսարաններով, կանաչ գոտիներով և բույսերով հարուստ միջավայրում աշխատելու հնարավորությունը նպաստում է մարդկանց աշխատունակության բարձրացմանը։ 
  • Զբոսաշրջության զարգացում։
  • Կյանքի որակի բարելավում։
  • Կրթական-մշակութային նշանակություն և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը ներառում է տեղեկություններ այս աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930