Նախօրեին Երևանում էլի կրակոցներ են հնչել: Կենտրոնում: Այս անգամ «դեպքի վայրում» զոհ, վիրավոր կամ «արնանման հետքեր», ինչպես նշվում է ոստիկանական ամփոփագրերում, չեն հայտնաբերվել: Բայց դա՝ այս անգամ: Իսկ այ, դրանից մեկ օր առաջ էլի Երևանում «հնչած կրակոցների» հետևանքով 25-ամյա երիտասարդ էր վիրավորվել: Մեկ այլ դեպքում տուժողն այդքան բարեբախտ չէր եղել, նրան դանակահարել են, ինչի հետևանքով մահացել է: Պարզ ասած՝ սպանել են մարդուն: Չէ, մենք հասկանում ենք, որ այսօրինակ տեղեկությունները, որոնք սկսվում են «կրակոցներ են հնչել…» կամ «դանակով հարվածել են» արտահայտություններով, դարձել են, կներեք, առօրեական:
Հիշեցնենք օրերս արձանագրված ևս մեկ ահավոր դեպքի՝ Վաղարշապատում (Էջմիածին) դպրոցական 15-ամյա պատանու՝ Նարեկի մահը: Ըստ շրջանառված տեղեկության, նոյեմբերի 17-ին նրա և հասակակիցների միջև միջադեպ է եղել, Նարեկին ծեծել են, նա տանն ասել է, թե՝ «հեծանիվից է ընկել», ապա մի քանի օր անց տղայի ինքնազգացողությունը վատացել է, տարել են տեղի հիվանդանոց, միայն օրեր անց, ըստ երևույթին՝ հիվանդանոցից ստացած տվյալների հիման վրա, դեպքով սկսել է զբաղվել ոստիկանությունը, իսկ դրանից օրեր անց 15-ամյա Նարեկը մահացել է:
Հավանական վարկածն այն է, որ նա մահացել է ծեծի հետևանքով ստացած վնասվածքներից, այլ կերպ ասած՝ տղային սպանել են: Այս կոնկրետ դեպքը նաև կոնկրետ հարցեր է հարուցում, որոնց, հուսով ենք, քննչական խումբը մասնագիտորեն կանդրադառնա. Արդյո՞ք ոստիկան հերթապահել է դպրոցում (մի ժամանակ նման կարգ էր մտցվել և կիրառվում, ինչը նաև կանխարգելիչ նշանակություն ուներ), եթե այո, ապա ինչո՞վ է նա զբաղված եղել: Ինչո՞վ են զբաղված եղել այդ դպրոցի մանկավարժներն ու ղեկավարությունը, ո՞րն է խնդիրը, որ ստացած վնասվածքներից մոտ 10 օր անց տղան մահացել է, ինչպե՞ս են նրան բուժօգնություն ցուցաբերել, առհասարակ:
Երկրում, որտեղ իշխանությունը հազարներով զինվորականներ է տանում ու իր արկածախնդրական «քաղաքականությամբ» կոտորածի մատնում, ինչպես փաշինյանականներն են սիրում ուրախ-ուրախ ասել՝ «հանուն ոչնչի», մեկ մարդու կյանքի արժեքն ընդհանրապես զրոյականացվել է: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, սիրում է միայն խրոխտ հաշվետվություններ ներկայացնել առ այն, թե քանի տասնյակ «գործ» է բացահայտել: Դե, դա, առհասարակ, համակարգային հին հիվանդություն է: Ոստիկանների ու պարեկների քանակի ավելացումն ընդամենը մեծացրել է այդ հիվանդությամբ «վարակվածների» թիվը: Հիմա գործոնների մասին: Առաջինն, իհարկե, իրավապահ համակարգ ասվածն է: Կոնկրետ՝ ոստիկանությունը: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ամենասիրելի, ամենից շատ ու առատ պարգևավճարվող (նախարարմախարարներից, յուրային դեպուտատ-մեպուտատներից հետո) կառույցը: Այստեղ շարունակական «բարեփոխումներ» են արվում, պարեկային նոր ծառայություն են ներդրել ու տարածում (չնայած մամուլում ավելի շատ լուրեր են հայտնվում հենց պարեկների զանազան «արկածների» մասին):
Կարդացեք նաև
Թանկանոց ծառայողական ավտոներ ու լրտեսելու ծրագրեր են ձեռք բերվում ոստիկանության համար, և այլն, և այլն: Բայց մեջն ի՞նչ: Իսկ «մեջն այն», որ ոստիկանություն ասվածը, լինի պարեկային, «բերետային», թե մեկ այլ պրոֆիլավորման, Նիկոլ Փաշինյանին ու նրա «թիմին» պետք է գերազանցապես մեկ բանի համար, այն է՝ սեփական իշխանությունը պահելու, այդ իշխանության քաղաքական հակառակորդներին ճնշելու և հետապնդելու համար:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































