Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացատրությո՞ւն են վերցրել, թե՞ նախապատրաստել նյութեր», հարցրին բողոքաբեր դատախազին

Հունվար 29,2024 12:00

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (նախագահող դատավոր՝ Մեսրոպ Մակյան) հունվարի 25-ի կայացրած որոշումից դժգոհ մնացին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» ոչ առեւտրային կազմակերպության չորս աշխատակիցները, ովքեր վկայի կարգավիճակով էին գտնվում դատական նիստերի դահլիճում: Վկաներից չորսը չէին ներկայացել դատարան: Դատարանն անփոփոխ թողեց Նարինե Արամյանի, Էմմա Երիցյանի, Գոհար Ղազարյանի վերաբերյալ քրեական գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը. «Քրեական գործով քրեական հետապնդումը, առանց դատաքննությունը շարունակելու ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը կարճման՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»: Այս քրգործով անցնում էին Կենտրոնի նախկին տնօրեն Նարինե Արամյանը, հաշվապահներ Էմմա Երիցյանն ու Գոհար Ղազարյանը: Նրանց շահերը դատարանում ներկայացնում էր պաշտպան Գառնիկ Թորոսյանը:

Բողոք բերած մեղադրողը՝ Հռիփսիմե Ղազարյանը ներկայացրեց իր պահանջը, ասաց, որ Երեւան քաղաքի դատարանը «ճիշտ չի կիրառել օրենքը» եւ թույլ է տվել «դատական սխալ»: Բողոքը վերաբերում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Բալայանի 2023 թվականի հունվարի 24-ի որոշմանը, որով երեքի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվում է եւ քրեական հետապնդումը դադարեցվում: Հիշեցնեմ, որ այս քրեական գործն ուղարկվել էր մեղադրական եզրակացությամբ Երեւանի դատարան 2019 թ. նոյեմբերի 15-ին: Քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ՝ 17.08.2018 թվականին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Թիվ 11853418 քրեական գործը նախաքննություն կատարելու համար փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին եւ մինչեւ 25.10.2019 թվականը իրականացվել է նախաքննություն: Պաշտպան Գ. Թորոսյանն էլ միջնորդություն էր ներկայացրել, մասնավորապես, նշելով. «Մինչ քրեական գործ հարուցելը, ոստիկանության Շենգավիթի բաժնում 27.07.2018 թվականին ՀՀ պետեկամուտների կոմիտեից ստացված՝ Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության 8 աշխատակիցների կողմից ներկայացված անստորագիր դիմումի հիման վրա, մինչեւ 17.08.2018 թվականը նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքում հետաքննական մարմինը հարուցել է քրեական գործ եւ ուղարկվել է նախաքննության: Նախապատրաստված նյութերը զետեղված են միայն քրեական գործի 250 թերթից բաղկացած 1-ին հատորում, որտեղ առկա է 12 անձից վերցված, 1 կամ 2 թերթից կազմված բացատրություններ, իսկ մնացածը՝ ՀՀ ՊԵԿ-ից եւ ԱԱԾ-ից ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվող նյութերին կցելու համար ուղարկված նույնաբովանդակ դիմումներին կից ներկայացված տարատեսակ հրամանների, հաշիվ քաղվածքների, աշխատանքային պայմանագրերի, տեղեկանքների պատճեններն են»:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում էլ պաշտպանը ուշադրություն հրավիրեց հենց այդ հանգամանքի վրա, մասնավորապես, ասելով, որ գործի հիմքում «անստորագիր դիմում» է դրված: «Սուտ է», դատարանի դահլիճից բղավեց վկա՝ Կենտրոնի նկարչության խմբակի ղեկավար Վահրամ Կաթրջանը, որը նիստից հետո «Առավոտին» ասաց. «2018 թվականի օգոստոսի 11-ից հետաքննիչ Լ.Անտանոսյանի մոտ բացատրություններ են տվել կենտրոնի աշխատակիցները՝ Սոնյա Վարդանյանը, Անահիտ Ստեփանյանը, Ալինա Մարտիրոսյանը, Հասմիկ Խաչատրյանը, օգոստոսի 14-ին՝ Գոհար Ղազարյանը, Սոֆյա Հանյանը, Գայանե Ղամբարյանը, Սենիկ Մարգարյանը, ես՝ Կաթրջյանս, իսկ օգոստոսի 15-ին՝ Անահիտ Բոգաչենկոն, Նարինե Արամյանը, Սոֆյա Հանյանը, Մուշեղ Արսենյանը… այսինքն, խոսք չի կարող գնալ անանուն աղբյուրների մասին, երբ կան կոնկրետ անձինք, կոնկրետ բացատրություններ», ապա ցույց տվեց իրենց դիմումը՝ ուղղված Պետական վերահսկողական ծառայությանը, որի մասին լռեցին թե մեղադրողը, թե պաշտպանական կողմը:

Դատախազը որեւէ արտառոց բան չտեսավ «անստորագիր» նամակին ընթացք տալու մեջ, ասաց՝ «խախտում կա, բայց էական չէ», հավելեց, որ նույնաբովանդակ նամակ էլ կենտրոնի աշխատակիցների ստորագրությամբ է ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն:

Երեւանի դատավոր Դ. Բալայանը, որի որոշման դեմ բողոք էր բերել դատախազը, արձանագրել էր, որ սույն քրեական գործը հարուցվել է օրինական առիթի բացակայության պայմաններում, մասնավորապես՝ չստորագրված եւ անանուն հաղորդման հիման վրա, ինչը ոչ միայն իրավաչափ չէ, այլեւ հակասում է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նման հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու արգելքին. «Քրեական գործը հարուցվել է ոչ օրինական առիթով, եւ դրանից հետո կատարված բոլոր դատավարական գործողությունները եւ ստացված արդյունքները, իրավական գրականության մեջ հայտնի «թունավոր ծառի պտուղների» կանոնի համաձայն՝ չեն կարող գնահատվել որպես թույլատրելի, վերաբերելի եւ արժանահավատ ապացույց, գտնում է, որ սույն քրեական գործով քրեական հետապնդումը, առանց դատաքննությունը շարունակելու, ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը կարճման՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:

Դատարանն արձանագրել էր, որ անանուն կամ չստորագրված հանցագործության մասին վկայող հաղորդումները պետք է ստուգվեն հետաքննության մարմնի կողմից՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու ճանապարհով: Տվյալ դեպքում, դատարանն արձանագրել էր. «Շենգավիթի բաժինը ստանալով ՀՀ ՊԵԿ-ից ստացված «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի մի խումբ աշխատակիցների կողմից ներկայացված անստորագիր դիմումը, ոչ թե օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել եւ դրա արդյունքում հայտնաբերել հանցագործության մասին վկայող տվյալներ, այլ կատարել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ քրեական դատավարության սկզբնական փուլին բնորոշ, գործողություններ, որոնք օրենքի ուժով իրավասու չէր կատարել: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 7-րդ մասի արգելքի պայմաններում, անստորագիր դիմումի կապակցությամբ բացատրություններ է վերցրել կենտրոնի աշխատակիցներից եւ նրանց հայտնած տվյալների հիման վրա, հղում կատարելով անստորագիր հաղորդմանը, զեկուցագիր է ներկայացրել Շենգավիթի բաժնի պետին: Այս համատեքստում դատարանը հարկ է համարում նշել, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, որոնց շարքին չի դասվում անձից բացատրություն վերցնելը… աշխատակիցների կողմից ներկայացված անստորագիր դիմումը չէր կարող առիթ հանդիսանալ նյութեր նախապատրաստելու եւ դրանից բխող քրեական գործ հարուցելու համար»:

Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին հետաքրքրեց՝ կա՞ անանուն դիմումների ստուգման կարգ, ստուգողական գործողությունների, կամ, երբ ասում եք, դատարանը «ճիշտ չի կիրառել դատավարական օրենքը», որ օրենքը չի կիրառել…

Պաշտպանական կողմն ասաց, որ բացատրություն չի վերցվել, այլ «նախապատրաստվել են նյութեր», իսկ հետաքննիչը գրել էր. «թույլ տվեք կցել նյութերին», ոչ թե՝ բացատրություններին:

Թե որպես նախկինում հայցվոր, թե այս քրեական գործով այդպես էլ տուժողի կարգավիճակ չստացած Կաթրջյանը, Հանյանը, Խաչատրյանը… ասում էին, իրենք դիմել են իրավապահ մարմիններին, գնացել իրենց դիմումների հետեւեից, իրենց անձը հայտնի է եղել, եւ անհասկանալի է՝ իրենց մեղավորությունը որտեղ է, երբ վիրավորական տոնով ասում են՝ «անստորագիր» են դիմումները: Հիշեցնեմ, որ նախաքննություն իրականացրած մարմնի որոշման համաձայն՝ «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում աշխատավարձի հաշվարկների ու վճարումների ճշտության ստուգման նպատակով կատարվել է փորձաքննություն, տրվել եզրակացություն: Քաղդատարանից վկա «տուժողները» պահանջել էին հօգուտ Վահրամ Կաթրջյանի բռնագանձել 2 823 889 ՀՀ դրամ, հօգուտ Հասմիկ Խաչատրյանի բռնագանձել 3 668 504, հօգուտ Սոֆյա Հանյանի՝ 4 120 863 ՀՀ դրամ, որպես չվճարված աշխատավարձ:

Դատախազը որոշման հրապարակմանը չմնաց, հետեւաբար, պարզ չէ, կդիմի՞ Վճռաբեկ դատարան, թե՝ ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031