Լրահոս
Օրվա լրահոսը

Կարոտ

Սեպտեմբեր 09,2014 12:25

Կարոտը՝ կյանքում գոյություն ունեցող ամենափափուկ, ամենամեղմ, ամենաանպաշտպան զգացմունքներից մեկն է, որի մասին խոսելիս անգամ` պետք է շատ զգույշ լինել: Այն բացառապես մաքուր զգացում է և կարող է հագենալ ճիշտ այնպես, ինչպես ծարավն է հագենում աղբյուրի զուլալ, սառնորակ ջրով: Կարոտը՝ չդադարող, չընդհատվող, որևէ չափի մեջ չտեղավորվող զգացում է: Կարոտի ամենայուրահատուկ խորհուրդն այն է, որ մարդն իր կարոտյալին կարող է հավասարապես կարոտել, երբ նա շատ հեռվում է, և երբ իր գրկում է: Պետք է կարոտին վերաբերվել շատ նրբորեն և անիմաստ է փորձել այն վերլուծել: Կարոտը հեռավորություն չի ճանաչում, նրա դեմ արգելքներ չեն աշխատում և ժամանակի ընթացքում` այն միայն ուժգնանում է: Կարոտի ուժն անկասելի է և անասելի արագությամբ ծակում ու շրջանցում է ցանկացած պատնեշ: Աշխարհում միայն մի զգացում կա, որն իր կարգով չափելի է կարոտի հետ, դա սերն է: Թերևս, կյանքն իր առանցքի վրա կանգուն է նաև այս երկու երևույթների հիմքի վրա: Անվիճարկելի է, որ ամենամեծ կարոտը՝ դա փոքր երեխայի կարոտն է մոր նկատմամբ: Մարդու կողմից ընկալելի` ոչ մի թիվ այնքան մեծ չէ, որքան մանուկ երեխայի կարոտի չափը մոր նկատմամբ: Այդ չափն իսկապես անվերջի է մոտենում և անվերջի մասին՝ որպես վերացական հասկացության, շատ, թե քիչ իրական պատկերացում կարելի է կազմել հենց այդ կարոտի չափի ընկալման շնորհիվ: Կարոտը՝ գիշերն անգամ անքուն է և կարծես անթաքույց հսկում է կարոտյալներին: Մարդկությանը հայտնի է, որ զգացումները և զգացմունքները համ, հոտ, գույն չունեն: Հետաքրքիր է, արդյո՞ք այս աքսիոմը տարածվում է նաև կարոտի վրա: Այստեղ կարծես բացառության պես մի բան կա. մարդուն շատ հաճախ թվում է, որ կարոտը և համ ունի, և հոտ ունի, և գույն ունի: Նրա համը` ամենալավ համն է բոլոր համերի մեջ, նրա հոտն` ամենաբուրավետն է, իսկ նրա գույնը՝ մարդկությանը երբեմնի հայտնի ամենալավ գույնն է: Իհարկե, այս ամենի զգացումը տարբերվում է դասական անատոմիական զգացումներից, քանզի կարոտի համը, հոտն ու գույնը մարդիկ զգում են հոգով, այլ ոչ թե բերանով, քթով և աչքով: Կարոտը կարող է մարդու ներաշխարհը շարունակաբար ենթարկել աննկարագրելի ու անասելի մակընթացությունների և տեղատվությունների, սակայն նրա խորհուրդն այնքան յուրահատուկ է, որ միևնույն է` առանց կարոտի մարդու ապրած կյանքը կիսատ է: Կարոտը մարդու մոտ ծնում է սպասման այնպիսի անբացատրելի զգացում, որը կարող է փոքր-ինչ մեղմանալ՝ միայն կարոտյալների ֆիզիկական հանդիպման դեպքում: Կարոտը կարող է փոքր ինչ մեղմանալ միայն այն դեպքում, երբ մարդու կարոտյալը հաճախակի լինի իր կողքին: Կարոտը նաև թախիծ է, որը որոշակի հանգամանքներից կախված, կարող է մերթ ընդ մերթ ուժգնանալ ու հակառակը՝ թուլանալ: Կարոտն իր մեջ նաև ցավ ունի և դժվար է միանշանակ ասել. կարոտն ավելի շատ ցավ է, թե՞ ուրախություն: Եթե կարոտը ցավ է, ապա այն իր մեջ նաև աննկարագրելի հաճելի տարրեր է պարունակում և հակառակը: Կարոտը մշտապես զգոն է և ժամանակի ընթացքում անընդհատ լցնում է մարդու հոգին՝ այնտեղից աստիճանաբար դուրս մղելով կամ հոգու անկյուններում խտացնելով շատ ու շատ այլ զգացումների ու զգացմունքների: Գալիս է մի պահ, երբ մարդուն թվում է, որ իր հոգին ամբողջապես լցված է միմիայն կարոտով և որևէ այլ բան այնտեղ տեղ չունի: Դա կարոտի այն ծայրագույն կետն է, երբ այն կարող է դուրս գալ «նորմայի» սահմաններից և մարդը կարող է դառնալ անկառավարելի ու ունակ է՝ նույնիսկ գնալու ոչ համաչափ գործողությունների: Կարոտը մշտապես անօգնական է, այն նման է փոքրիկ անպաշտպան երեխայի: Կարոտը` մարդու հոգում միշտ դատարկ տեղ է պահում իր կարոտյալի համար: Դա հոգու այն եզակի, խորհրդավոր անկյուններից մեկն է, որը երբեք այլ զգացումով կամ զգացմունքով չի կարող լցվել: Ցավոք շատ հաճախ, ոմանց մոտ այն մշտապես` մինչև կյանքի վերջ էլ դատարկ է մնում…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930