Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորականների այցից հետո. Արթիկը բնական աղետից հետո

Հուլիս 07,2016 16:00

Հունիսի 2-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը հանդես եկավ «Օգնենք արթիկցիներին, վերացնենք հեղեղման հետեւանքները» ծրագրով, որին միացավ նաեւ «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» կազմակերպությունը եւ 18 հոգով Երեւանից մեկնեցինք Արթիկ: Այն, ինչի ականատեսն եղանք, բառերով հնարավոր չէ ներկայացնել՝ սելավատարի աջ եւ ձախ մասերում գտնվող բնակելի տներն ու դպրոցը ավերվել էին: Բնակիչներն ասում էին, որ դեռ խորհրդային տարներից ի վեր քարհանքում կուտակված թափոններն է ջուրը բերել, ինչպես նաեւ սելավատարի վերին մասում ինչ-որ պաշտոնյա՝ վախեցան անունը նշել, ձկնաբուծարան է կառուցել, որը նույնպես պատճառ է հանդիսացել, եւ ամենաահավորը՝ Արթիկ քաղաքի նախկին քաղաքապետերից մեկը սելավատարի վրա պանելներ է տեղադրել, իսկ բնակիչներն էլ վրան ելակի այգի են հիմնել:

artikruz3

Ջրի հետ քարերը գալով՝ դեմ են առել այդ արհեստական ստեղծված փակուղուն, հունը բարձրացել եւ լցվել է այդ ջրաքարաբեկորներով հզոր հոսքով հարակից տները: Մի գիշերվա մեջ մարդիկ կորցրել էին ամեն ինչ: Տները մարդաբոյից բարձր լցված էին տիղմով եւ քարերով՝ այնքան մեծ քարեր, որ պետք էր կոտրվեին, որ կարողանայինք հանել: Դեպքի արդեն ութերորդ օրն էր, սակայն Մողրովյանների նկուղով դեռ աղետի հոսքը չէր դադարեցվել, գոմում մնացել էին ջրի տակ սատկած հորթեր, կային օձեր, զանգահարել ենք 911՝ ասում ենք դեպքի հրատապության մասին, որը հետեւանք է համաճարակի՝ ջուրը լեշից նեխած տարածվում էր շրջապատով, օձի առկայության մասին, պատասխանում են, թե մեզ ինչու եք ասում, քաղաքապետին ասեք, քաղաքապետին ենք ասում, ասում է, թե եկել եք գործ անեք, թե մեզ ուղղություն տաք:

artikruz7

Ինչպես նաեւ քաղաքապետը հավաստիացնում էր, որ համաճարակաբանները օրը երեք անգամ գալիս են եւ ստուգումներ անցկացնում, սակայն բնակիչները հայտարարեցին, որ վերջին անգամ եկել են հունիսի 30-ին: Այդ օրը կարողացանք օգտակար լինել երեք ընտանիքների՝ տներն ազատելով տիղմից ու քարերից: Եթե Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցները համակարգված աշխատանք կազմակերպեին ողջ համայնքով, մեկ օրում խնդիրը կարգավորված կլիներ՝ հանդիպել էինք ահավոր անտարբերության, եթե արթիկցիները համախմբած միավորվեին, մի գիշերվա մեջ բոլորի տները մաքրած կլինեին ջրհեղեղի հետեւանքներից, իրենց համաքաղաքացիները մնացել էին անօթեւան:

artikruz6

Բնակիչները շատ դժգոհ էին նաեւ փոխհատուցումից, նրանք կորցրել էին իրենց կյանքի ընթացքում ստեղծած ողջ ձեռքբերումը՝ տուն եւ ունեցվածք, շատերը նույնիսկ ծրագրից դուրս էին մնացել, որոշներն էլ փոխհատուցում են ստացել միլիոնուկեսից մինչեւ 4 միլիոնուկես: Տրված գումարը չի կարող վերացնել նույնիսկ ամենաչնչին վնասները՝ կորցրել են տուն, անասուն, ունեցվածք, այգետարածքներ:
Մ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսանկարները՝
Մ.Սարգսյանի:

 

«Առավոտ»

06.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031