Ձերբակալվեց Սամվել Մայրապետյանը: Գործարար, որը շատ մերձ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ինքնին իր, այսպես ասած, կալիբրով լինելով աղմկոտ, այդ ձերբակալությունը քաղաքական իմաստով այնքան էլ չարժանացավ աղմուկի: Դա, իհարկե, չի նշանակում, որ չունեցավ ազդեցություն քաղաքական զարգացումների վրա:
Ակնհայտ է, որ իրավապահները այս դեպքում շատ ավելի զուսպ են գործողությունների ցուցադրականության տեսանկյունից, ինչը հենց առանձնահատուկ է դարձնում կալիբրով աղմկոտ այդ ձերբակալությունը:
Արդյոք իրավապահ համակարգն այդ իմաստով անցել է գործողությունների նոր մարտավարության, որը ենթադրում է տեսարանային ավելի քիչ մաս և ավելի շատ փակ ռեժիմով գործողություններ: Արդյոք այդ հարցում իր դերն ու ազդեցությունն է ունեցել հայտնի գաղտնալսումը:
Այդ ֆոնին էլ հետաքրքիր է, որ կարծես թե չկա Մայրապետյանի ձերբակալությանն, այսպես ասած, «քաղաքական աստառ» տալու աղմկոտ փորձ, չկան հարցազրույցներ, հայտարարություններ և այլն: Իր հերթին, դա արդյո՞ք հենց նրանով է պայմանավորված, որ իրավապահները զգալիորեն փակ են պահում աշխատանքային ռեժիմը՝ դրանով նաև զգուշավորության մղելով այն շրջանակներին, որոնք շահագրգռված կարող են լինել այդօրինակ գործերին քաղաքական երանգավորում տալու և դրա վրա պաշտպանություն կառուցելու հարցում: Այսինքն՝ այդ շահառուները զգուշավոր են իրենց արձագանքներում, քանի որ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ վիճակում է բուն գործը:
Մայրապետյանի գործում առ այսօր չկան թե՛ մանրամասներ, թե՛ քաղաքական աղմուկ: Սա առանձի՞ն գործի յուրահատկությունն է, թե՞ այլևս իրավապահների աշխատանքային նոր ոճ, ինչը պայմանավորված է նաև ընդհանուր ներքաղաքական իրավիճակի տրամաբանությամբ, և իրավապահ համակարգն այլևս դիտարկվում է բացառապես իր ֆունկցիոնալ անհրաժեշտության շրջանակում և դուրս է ընդհանուր տեղեկատվա-քաղաքական անհրաժեշտությունների մաս լինելու հրամայականից:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում


















































