1902 թվականի դեկտեմբերի 16-ին՝ վաղ առավոտյան, մոսկվացիներին սպասվում էր ցնցող նորություն: Փողոցներում վազող փոստատար տղան «Մոսկովսկի Լիստոկ» թերթի թարմ համարը ձեռքին թափահարելով` անցորդներին առաջարկում էր կարդալ «Սարսափելի հանցագործություն Մոսկվայում» վերնագրով լուրը, որտեղ նկարագրված էր, թե ինչպես է նախորդ երեկոյան, հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում դանակի բազմաթիվ հարվածներից սպանվել Մոսկվայի մեծահարուստ մարդկանցից մեկը՝ 55-ամյա բանկիր Իսահակ Ջամգարովը: «Մարդասպանը ձերբակալված է: Նա հայ է՝ պարսկահպատակ Մաթևոս Մինասյանցն է»,- գրում էր թերթը:
Մոսկվայի պատվավոր քաղաքացի, Ռուսական կայսրության ամենախոշոր բանկային տներից մեկի հիմնադիր, առաջին գիլդիայի վաճառական Իսահակ Ջամգարյանը ծնունդով Արցախից էր: Նրա ընկերությունը զբաղվում էր ոսկու արդյունահանմամբ, արժեթղթերի առք ու վաճառքով և տրամադրում էր վարկեր՝ գրավի դիմաց: Ավելի ուշ Ջամգարով եղբայրների, որոնք հինգն էին, բանկային հաշվիչների տակով սկսում են անցնել արտասահմանյան ընկերությունների գործարքները`մասնավորապես Բրյանսկ երկաթուղային գործարանի, Նոբել եղբայրների նավթային ընկերության և Կոլչուգինների գունավոր մետաղների ու պղնձի արտահանման բաժնետոմսերը:

Ջամգարովների պատվերով նույն հասցեում ավելի ուշ կառուցվում է եռահարկ մի շինություն՝ այլ առևտրային կարիքների համար, ինչպես նշված է արխիվային նյութերում: Շենքի ճարտարապետը Բորիս Ֆրեյդենբերգն է: Ճարտարապետը այդ կառույցին տվել է բարոկո ոճի նրբագեղություն՝ շենքի կենտրոնական հատվածը ընդգծելով մետաղյա հսկայական գմբեթի ճոխությամբ: Այսօր այդ շենքում տեղակայված է Մոսկվայում Մոլդովայի դեսպանատունը:
Կարդացեք նաև

Ջամգարովկան, որի բարեկարգման համար Ջամգարյանները մեծ ներդրում են կատարում, զարգանում է բավականին կարճ ժամանակում և մի քանի տարի անց արդեն ավանում հայտնվում է հեռախոսագիծ, բացվում է գիմնազիա, ծխական ու մասնավոր դպրոցներ, դեղատուն, թեյարաններ ու սրճարաններ, հասարակական ընթերցասրահ, կինոթատրոն, հիվանդանոց և եկեղեցի: 1909 թվականին սկսում է տպագրվել ավանի ամսաթերթը «Лосиноостровские вести» անվանումով:
Հեղափոխությունից հետո ավանում կառուցված հարուստների լքված առանձնատներում, այդ թվում նաև Ջամգարովների առանձնատանը, տեղավորում են բանվորներին, ովքեր աշխատում էին մոտակա գործարաններում: Եվ քանի որ նրանք ի վիճակի չէին ապահովել այդ տների ծախսատար կենսագործունեությունը, ամեն ինչ շուտով խամրում է, իսկ հետո էլ՝ քանդվում:
Վերադառնալով մեր պատմության այն հատվածին, որտեղից սկսել ենք՝ 1902 թվական դեկտեմբերի 15-ին, նշենք, որ Իսահակ Ջամգարովին խոշտանգող չարագործը անկեղծորեն խոստովանել է, որ սպանությունը նախապես ծրագրված էր: Միքայել Յակուբով անունով ներկայացած հայազգի երիտասարդը նախաքննության ժամանակ նշել է, որ վերջերս է տեղափոխվել Մոսկվա: Նա պատմել է, թե դիմել է բանկիրին և խնդրել է նրանից ֆինանսական օգնություն: Երիտասարդի խոսքերով, Ջամգարովը մերժել է նրա խնդրանքը շատ կոպիտ ձևով և ահա ինքն էլ որոշել է վրեժ լուծել:
Ավելի ուշ քննությունը բացահայտում է, որ Միքայել Յակուբով ծածկանվան տակ ծպտված հանցագործը Մաթևոս Մինասյանցն է՝ Թիֆլիսի մարզի Զաքաթալա քաղաքի բնակիչ: 1902 թվականին նա Բաքվում պատահաբար ծանոթանում է ոմն թուրքահպատակ Խաչոյի հետ, որն էլ իր հերթին ծանոթացնում է նրան Ստամբուլից ժամանած, Դաշնակցություն կուսակցության անդամ ներկայացած Պատրիկ Էֆենդու հետ: Վերջինս էլ հենց առաջարկում է Մինասյանցին գնալ Շուշի և ինչ-որ հարուստ հայից գումար պոկել՝ կուսակցական գործունեության համար: Մինասյանցը բանկիրին հանդիպում և գումարը պահանջում է Շուշիում: Իսահակ Ջամգարովը մահվանից ամիսներ առաջ մասնակցելիս է լինում Շուշիում կառուցված հիվանդանոցի բացմանը, որը ֆինանսավորել էր անձամբ:

Իսահակ Ջամգարովը հուղարկավորված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը, սակայն, ինչպես նրա այնպես էլ անցյալ դարասկզբում ապրած ռուսահայ սփյուռքի շատ երևելի գործիչների տապանաքարերը չեն պահպանվել:

Բարերար Լևոն Հայրապետյանը վերանորոգել է այն 1997 թվականին:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ



















































