Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակայության հայկական պատ-6. Ճի՞շտ էին, թե՞ սխալ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը

Հունիս 18,2021 22:00

Սկիզբը՝ «Առավոտի» 11.06.2021 համարում:

1998 թվականից, երբ իշխանության վերնախավում ձեւավորվեց ղարաբաղյան հարցի կարգավորման երկու տարբերակ, շատ ավելի պարզորոշ դարձավ, որ Ղարաբաղի հարցը դադարել է Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկը լինելուց եւ վերաճել է խնդիրների խնդիրը լինելու կարգավիճակի: Այսինքն, հրատապ կարգավորել ղարաբաղյան խնդիրը, որպեսզի լուծելի դառնան մյուս հիմնախնդիրները, թե՞ հակառակը. «Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003 եւ 2007թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը:

– Ի՞նչ ապացուցեց ժամանակը, հնարավո՞ր էր շրջափակման պայմաններում զարգացնել երկրի տնտեսությունը:

– Պատասխանելու համար այն հարցին, թե հնարավո՞ր է եղել զարգացնել երկիրը շրջափակման պայմաններում, դիմենք պաշտոնական հրապարակված տվյալներին: Տեքստում ներկայացվող տվյալների առաջին թիվը դա հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը ստանձնելու պահին արձանագրված պաշտոնական ցուցանիշն է, իսկ երկրորդը պաշտոնը հանձնելու պահին` արձանագրվածը:

Արդյունաբերություն – Մշակող արդյունաբերությունը 163 մլրդ. դրամի արտադրանքը հասցրել է 739 մլրդ. դրամի, այսինքն՝ մշակող արդյունաբերությունը արտադրանքի ծավալը մեծացրել է 4,5 անգամ: Հանքային արդյունաբերությունը 10 մլրդ. դրամի արտադրանքից հասել է 93 մլրդ. դրամի արտադրանքի: Արտադրության ծավալը մեծացել է 9 անգամ: Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությունը եւ բաշխումը 87 մլրդ. դրամից հասել է 136 մլրդ. դրամի: Այս ցուցանիշով կարելի է պատկերացում կազմել, թե ինչ թափի գազիֆիկացման եւ ջրագծերի անցկացման աշխատանքներ են իրականացվել այդ տարիներին:

Գյուղատնտեսություն – Բուսաբուծությունը 245 մլրդ. դրամի արտադրանքը հասցրել է 401 մլրդ. դրամ, այսինքն՝ ավելացել է 156 մլրդ. դրամով: Անասնաբուծությունը 156 մլրդ. դրամի արտադրանքից հասել է 226 մլրդ. դրամի` ավելացել է 78 մլրդ. դրամով:

Շինարարություն – Շինարարության ծավալը 75 մլրդ դրամից հասել է 858 մլրդ. դրամ, այսինքն՝ ավելացել է ավելի քան 10 անգամ: Այստեղ կա եւս մի կարեւոր ցուցանիշ: Այն է, որ ոչ պետական միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները կազմել է 795 մլրդ. 802 մլն. դրամ:

Բնակչությանը մատուցած ծառայություններ – Ծառայությունների ընդհանուր ծավալը 142 մլրդ. դրամից աճել եւ հասել է 732 մլրդ. դրամի:

Մանրածախ առեւտրի շրջանառությունը -364 մլրդ. դրամից աճել եւ հասել է 1 տրլն. 59 մլրդ. դրամի, այսինքն՝ աճել է շուրջ 3 անգամ:

Այսքանն էլ բավարար է արձանագրելու համար, որ Հայաստանի տնտեսությունը, որի մասին ասվում էր, որ՝ ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնվեն կառավարության ղեկին, միեւնույն է՝ ոչ միայն չի հաջողվելու ապահովել երկրի տնտեսական զարգացման նորմալ ընթացքը, այլեւ հնարավոր չի լինելու լուծել առկա սոցիալական խնդիրները: Այս պաշտոնական ցուցանիշները ապացուցում են, որ նախագահ Քոչարյանի կառավարման 10 տարիներին ոչ միայն նորմալ զարգացման ընթացք է ապահովվել, այլ որոշ ոլորտներում թռիչքային զարգացումներ է արձանագրվել:

Այժմ անդրադառնանք սոցիալական խնդիրներին վերաբերող կանխատեսումներին

1998 թվականին ՀՀ կենսաթոշակառուների ընդհանուր թիվը կազմել է 574652 մարդ, կենսաթոշակի միջին չափը` 3793 դրամ, 2008թ.-ին այն աճել եւ հասել է 21370 դրամ ցուցանիշի: Հարցը այն չէ, որ 21370 դրամը բավարար ցուցանիշ է կենսաթոշակի համար, իհարկե՝ ոչ, այն բավականին հեռու է խորհրդային տարիների կենսամակարդակից:

Դժվարությունն այնտեղ է, որ`

Առաջին, երբ կենսաթոշակները բարձրացվում են եւ միջինը հասնում է 21370 դրամի, ապա ամեն տարվա բյուջեում կառավարությունը պարտավոր է կենսաթոշակների համար առանձնացնել այնքան գումար, որ բավարարի այդչափ կենսաթոշակ, անկախ բյուջեի վիճակից: Իսկ 21370 դրամ եւ 3793 միջին կենսաթոշակների տարեկան տարբերությունը կազմում է ոչ պակաս 121 մլրդ. դրամ:

Եվ երկրորդ` այդ գումարը ապահովելու համար երկրի տնտեսությունը պիտի զարգանա այնքան, որ դա ապահովի: Այսինքն, երկրորդ նախագահի կառավարությունը այս միջին չափը կարողացել է ապահովել, որովհետեւ նրան հաջողվել է ներգրավել տնտեսության մեջ դրան համապատասխան ներդրումներ եւ ապահովել տնտեսության զարգացում:

Այստեղից պիտի անենք մի շատ պարզ եզրակացություն` երկրի 574652 կենսաթոշակառուների եկամուտները աճել են շուրջ 6 անգամ, այսինքն՝ այս 10 տարիների ընթացքում թոշակառուների եկամուտներից գողության կամ թալանի մասին խոսակցությունները, մեղմ ասած, տեղին չեն: Նրանց եկամուտները, ինչպես տեսանք, բազմապատկվել են:

Աղքատության ցուցանիշներ

Երկրում ծայրահեղ աղքատները 2001 թվականին կազմել են բնակչության 16%-ը, իսկ 2008 թվականին` 3,1%-ը: Այսինքն՝ մյուս 13%-ի վիճակը հնարավոր է դարձել բարելավել եւ փոխել նրանց կենսամակարդակը: Նույն 2001 թվականին բնակչության 50,9%-ը համարվել է աղքատ, 2008 թվականին այն կազմել է 23,5%: Դա ասում է, որ աղքատների կեսից ավելին այդ տարիներին բարելավել են իրենց վիճակը եւ դուրս եկել աղքատության ճիրաններից:

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետության կառավարումը ընդունել է, երբ բնակչության 16%-ը եղել է ծայրահեղ աղքատության մեջ, նրա 50%-ից ավելին աղքատության մեջ եւ հանձնել է պետության կառավարումը, երբ բնակչության 3%-ն է կազմել ծայրահեղ աղքատ եւ 24%-ից պակասը աղքատ:

Այստեղից անենք կարեւոր մի եզրակացություն, որ այս տարիներին սոցիալապես անապահով բնակչության ավելի քան 50% կազմող խավը իր վիճակը չի վատացրել, իսկ նրանցից կեսից ավելին կարողացել է շտկել մեջքը եւ դուրս գալ աղքատությունից:
Նվազագույն եւ միջին աշխատավարձեր

Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 1000 դրամից հասել է 25000 դրամի: Միջին անվանական աշխատավարձը 18000 դրամից հասել է 87406 դրամի: Կրթության ոլորտում միջին աշխատավարձը 7666 դրամից հասել է 63112 դրամի, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում` 8939 դրամից հասել է 56433 դրամի: Այսպիսի ցուցանիշներ հնարավոր է եղել ապահովել այն դեպքում, երբ 1998թ. հանրապետության առաջին նախագահը կանխատեսում էր. «Բնակչության կենսամակարդակի որեւէ բարելավում տեղի չի ունենա, եթե Աստված, իհարկե, մեզ փրկի վատթարացումից»:

Եթե երկրի գիտնական առաջնորդը արտահայտում է մի որեւէ կարծիք, նա, իհարկե, այն օդից չի վերցնում: Դա կնշանակի, որ մասնագետներ, փորձագետներ ուսումնասիրել եւ ձեռք են բերել բավարար փաստեր, որոնց հիման վրա նախագահին ներկայացրել են համապատասխան եզրակացություն, սակայն այստեղ առկա է մի շատ կարեւոր հանգամանք, երբ մասնագետները տալիս են եզրակացություն, ապա նրանք գնահատում են ոչ միայն խնդրի ծանրությունը, այլ նաեւ այն հաղթահարել պատրաստվող թիմի կարողությունը, եթե մի թիմ անկարող է հաղթահարել տրված բեռը, դա դեռ չի նշանակում, որ այն անհաղթահարելի է, պարզապես անհրաժեշտ է ավելի կարող ղեկավար եւ թիմ:

Երկրի ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ տվյալներ

Երկրում արտադրված պատրաստի ապրանքների եւ ծառայությունների շուկայական արժեքը (ՀՆԱ) 1998թ. կազմել է 1մլրդ. 892 մլն. ԱՄՆ դոլար, 2008թ. այն հասել է 11 մլրդ. 662 մլն. ԱՄՆ դոլար: Աճը կազմել է ավելի քան 6 անգամ:

Հանրապետության 1998 թվականի ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 585 ԱՄՆ դոլար, 2008թ.-ին այն հասել է 3606 ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը սովորաբար ընդունվում է, որպես երկրի կենսամակարդակը բնութագրող: Այն փաստորեն աճել է այս տարիներին ավելի քան 6 անգամ:

Երկրի արտաքին պետական պարտքը 1998 թվականին կազմել է երկրի ՀՆԱ-ի 41%-ը, այն 2008թ.-ին նվազել է եւ կազմել ՀՆԱ-ի 14%-ը: Երկրի ՀՆԱ-ի աճը սկսած 2001թ.-ից տվել է երկնիշ աճ՝ հասնելով մինչեւ 18 եւ 19 տոկոսի:

Այսպիսի ցուցանիշներ հնարավոր դարձավ երկրում իրականացված լայնածավալ ներդրումային ծրագրերի շնորհիվ: Նրանցից առանձնացնենք միայն մեկը` ամերիկահայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցով 2001թ. Հայաստանի տնտեսության մեջ մոտ 200 մլն. ամերիկյան դոլարի ներդրումը: Մի քանի խոսք միայն նրա մաս կազմող մշակույթ ծրագրի մասին: Այն ներառել է հանրապետության գրեթե բոլոր կարեւոր մշակութային օջախները: Ընդհանուր առմամբ 34 մշակութային հաստատություն, որոնց մեծ մասը չեն նորոգվել ավելի քան 30 տարի: Այս գործը ուղղակի կարելի է համարել մշակութային վերազարթոնքի ծրագիր:

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի կառավարումը ընդունեց, երբ նրա տնտեսությունը գտնվում էր ճգնաժամային վիճակում եւ երկրի ղեկավարությունը գտնում էր, որ եթե հրատապ կարգավորման չգնան Ղարաբաղի հարցով, ապա կանգնելու ենք անելանելի վիճակի առաջ: Կառավարման 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանը եւ իր կառավարությունը կարողացան վերակառուցել այն եւ երկրի տնտեսությանը հաղորդել այնպիսի թռիչքային տեմպ, որը ամենաբարձրերից էր ամբողջ տարածաշրջանում: Նրանց հաջողվեց ապացուցել Հայաստանը շրջափակող երկու հարեւաններին, որ նրանց շրջափակումը էական դեր չունի Հայաստանի զարգացման համար:

Հայաստանը այս բանին կարողացավ հասնել նախագահի, նրա կառավարության, պետական կառավարման համակարգի, ինչպես նաեւ Հայաստանի, Արցախի քաղաքացիների, աշխարհասփյուռ հայության ներդրած մեծ ջանքերի շնորհիվ: Հայաստանը սրանով ձեռք բերեց իրական հիմք, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում զիջումների քաղաքականությունից վստահ անցում կատարի փոխզիջումների մոտեցմանը եւ այդ անցումը հասկանալի եւ հիմնավոր կդառնա նաեւ հարցի կարգավորումով զբաղված գերտերությունների համար:

– Հայտնի հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ այն կարծիքը, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է` վտանգավոր մոլորություն է, իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է:

– Նման կարծիքի համար հող կարող էր ծառայել հատկապես Լիսաբոնյան գագաթաժողովը, որտեղ օրակարգ էր բերվել ղարաբաղյան հարցի կարգավորման մի նախագիծ, որով նախատեսվում էր Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում` տալով բարձր ինքնավարություն:

Քվեարկության արդյունքներով միայն մեկ «դեմ» կար եւ դա Հայաստանն էր: Իշխանափոխությունից հետո երկրի վիճակը քայլ առ քայլ կարգավորելուն զուգահեռ, դիվանագիտական մեծածավալ աշխատանքների, միջազգային ասպարեզում ներդրած մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է դառնում հաջողություններ արձանագրել նաեւ այստեղ: Հայտնի է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումներով նախատեսվում էր Արցախի ամբողջ սահմանով մոնիտորինգի իրականացում եւ խախտումների հետաքննություն: Այն իրականացնելու դեպքում, իսկապես ինչ-որ իմաստով միջազգային ճանաչում է ստանում Արցախի սահմանները, իրական ճանապարհ հարթում դեպի Արցախի միջազգային ճանաչում: Այստեղ արդեն Ադրբեջանի հակառակորդը միջազգային հանրությունն է:

Հայտնի է նաեւ, որ իր կառավարության նիստում վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահը խոստովանել էր, որ իր վրա կուլիսների հետեւում ճնշումներ են գործադրում, որ ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Եվ վերջինը, որին տեղեկացավ հանրությունը, դա ՀԱՊԿ-ի 3 խոշոր պետությունների ղեկավարների Հայաստանի վարչապետին հայտնած այն միտքն է, որ Ալիեւը նրանց խոստովանել է, որ ինքը հասկանում է Արցախը այլեւս Ադրբեջանի կազմում չի լինելու, իսկ դա նշանակում է, որ փոխզիջման պահը հասունացել է: Բանակցությունները մտել են իրական փոխզիջման փուլ: Թե ինչո՞ւ այն չիրականացավ, այլ խոսակցության նյութ է:

Այս նյութից միայն արձանագրենք. 1998 թվականի Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարբերակը հասել էր հարցը արժանապատիվ փոխզիջմամբ հանգուցալուծելու եւ սպասված երկարատեւ խաղաղության հասնելու իրական պահին:

Ուրեմն ճի՞շտ էին, թե՞ սխալ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Թողնենք ընթերցողների դատին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930