Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. հիմք չկա կարծելու, որ օրվա իշխանությունը կկարողանա կանխարգելել վտանգները, նույնիսկ ինքը կարող է հրահրել, որ այս գործընթացներն ավելի արագանան եւ ավելի ողբերգական շարունակություն ունենան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2024 11:29 Share

Արդյունքը կարող էր այլ լինել, եթե Սիրիայում ադեկվատ ղեկավար լիներ

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

– Սիրիայում տեղի ունեցածն ի՞նչ է արձանագրել գետնի վրա` Մերձավոր Արեւելքում ուժերի բալանսի առումով։

– Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, կարող ենք ասել, որ պետք է վաղուց տեղի ունենար, բայց քանի որ կար աշխարհաքաղաքական պայքար՝ Սիրիայի համար, որը մի շարք առումներով կարեւոր էր Ռուսաստանի եւ Իրանի համար, նաեւ Իրաքի կառավարությունը շահագրգռված չէր, որ Սիրիայում դեստաբիլիզացիա տեղի ունենար, եւ նորից առերեսվեր Իսլամական պետության նման կազմակերպությունների հետ, որոնք արդեն էքսպանսիա կանեին Սիրիայից դեպի Իրաք, Սիրիայում վիճակն արհեստականորեն ձգձգվում էր։ Գլխավոր պատճառն այն է, որ Սիրիայում, նաեւ՝ Իրաքում, Լիբանանում, Հորդանանում եւ մերձավորարեւելյան շատ երկրներում ժամանակակից ազգ չի ձեւավորվում, կան հակամարտություններ՝ տարբեր էթնիկ եւ կրոնական խմբերի միջեւ, իսկ աշխարհիկացման այն փուլը, որ տեղի ունեցավ 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմներից հետո եւ դրանից առաջ, Եվրոպայում, Սիրիայում, տեղի չի ունենում, եւ, բնականաբար, այդ երկրները պետք է մասերի բաժանվեն։ Սակայն քանի որ այդ էթնոսների մշտական բնակության սահմանները կոմպակտ չեն, ապա դա պատերազմ է բոլորի դեմ, որից էլ օգտվում են մյուս երկրները, որոնք ունեն շահեր։ Խոսեցինք Իրանի, Իրաքի, Ռուսաստանի մասին, կան նաեւ արեւմտյան երկրները՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իսրայել, որոնք շահագրգռված են, որ այդ տարածքներում երկարատեւ պատերազմ լինի։ Սա է տեղի ունեցել։

– Տեսակետ կա, որ Սիրիայում ռուս-ամերիկյան (Թրամփ) պայմանավորվածություն է կայացել՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմը, ըստ էության, չկռվեց Սիրիայում։

– Ես կողմնակից չեմ նման տեսակետի, այլ բան է, որ Իրաքում կան ե՛ւ ռուսական բազաներ, ե՛ւ ամերիկյան, ու կա այդ վտանգը, որ իրենք միշտ կարող են ներքաշվել միմյանց դեմ հարվածներ հասցնելուն, եւ դրա համար, բնականաբար, կոորդինացիա գնում է ռուսների, ամերիկացիների եւ թուրքերի միջեւ, սակայն խոսել, որ դա պայմանավորվածություն է, կարծում եմ՝ այդպես չէ։ Դա առաջին հերթին, համենայնդեպս ըստ տարածաշրջանը լավ հասկացող էքսպերտների, սիրիական ռեժիմի ձախողման հետեւանք էր, որը չէր կարողանում ռեֆորմներ իրականացնել, խոսել իր հանրության հետ, չէր կարողանում նոր իրավիճակ ստեղծել, եւ, ինչպես նշեցի, սա պետք է շուտ տեղի ունենար, ուղղակի ժամանակավորապես ձգձգվել է։

– Այս անկայուն իրավիճակում Հայաստանի հետ ի՞նչ կարող է լինել։

– Շատ դժվար հարց է, որովհետեւ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է լինել երկրի հետ, երբ մենք ունենք մի կառավարություն, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում, իրեն ադեկվատ չի պահում, ինչի մեջ բազմիցս համոզվել ենք 2018-ից ի վեր եւ ունեցել ենք ողբերգական արդյունքներ։ Այս պարագայում որեւէ հիմք չկա կարծելու, որ օրվա իշխանությունն ինչ-որ կերպ կկարողանա կանխարգելել վտանգները, նա նույնիսկ ինքը կարող է հրահրել, որպեսզի այս գործընթացներն ավելի արագանան եւ ավելի ողբերգական շարունակություն ունենան։ Համար մեկ խնդիրը գործող վարչապետից ազատվելն է․ ինչպես եւ երբ՝ այդ հարցին պատասխանել չեմ կարող, բայց մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե ով է լինելու նրանից հետո, կարո՞ղ է արդյոք ազգին մոբիլիզացնել եւ գրագետ կառավարել։ Սա այն մարտահրավերն է, որը կա Հայաստանի քաղաքական ուժերի առջեւ։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031