«Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Միշել Ալահվերդյանի դիտարկումները՝ միջազգային կարեւորություն ունեցող արվեստագետի մասին
ԿԳՄՍ նախարարն ու Երեւանի քաղաքապետը հուշագիր էին ստորագրել, որով որոշում էր կայացվել Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում՝ Պարսկաստանի նախկին հյուպատոսարանի տարածքում հիմնել բացառիկ արվեստագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր, գեղանկարիչ, գալերիստ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի թանգարան: Մարկոս Գրիգորյանին ու նրա արվեստին քիչ թե շատ ծանոթ ցանկացած ոք, սակայն, համոզված է, որ միջազգային կարեւորություն ունեցող արվեստագետի գործերն այդ տարածքում խցկելը վայել չէ նրա՝ համաշխարհային նշանակության ժառանգությանը:
«Մարկոս Գրիգորյան» նորաստեղծ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Միշել Ալահվերդյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով, Մարկոս Գրիգորյանը 1993-ից սկսած մինչեւ 2006թ. Երեւանի կենտրոնում տարբեր շենքեր է նայել, այն շենքը, որն այժմ հատկացված է իբրեւ թանգարանի տարածք, եւս դիտարկվել է, սակայն Մարկոս Գրիգորյանը մերժել է այն դեռեւս 2000-ականներից:
Կարդացեք նաև
Միշել Ալահվերդյանը, որը նաեւ Մարկոս Գրիգորյանի հետահայաց ցուցահանդեսի համադրողն է Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում, պնդում է՝ Մարկոս Գրիգորյանի հատկապես հողով արված աշխատանքները չեն կարող ցուցադրվել Հանրապետության 32 հասցեում գտնվող շենքում, քանի որ սրահներն այնքան մեծ չեն, որ հանդիսատեսը հնարավորություն ունենա դրանք հեռվից տեսնել, շենքը չի կարող որպես թանգարան ծառայել, որովհետեւ պատուհաններ ունի, նաեւ այն արդեն իսկ հուշարձան-շենք է:
Նա կայացված որոշումը համարում է սխալ, համոզված է, որ ինչպես Գրականության եւ արվեստի թանգարանում, այնպես էլ այստեղ ընդամենը ժամանակավորապես ի պահ են տրվելու Մարկոս Գրիգորյանի աշխատանքները: «Մենք որպես հիմնադրամ, որ վերջին մեկ տարվա ընթացքում 2 ցուցահանդես ենք արել, գիտենք, թե ինչքան դժվար է Մարկոս Գրիգորյանի՝ մանավանդ հողով արված աշխատանքները տեղափոխելը: Եթե դրանք վնասվեն, չկան մարդիկ, որ կարողանան այնպես վերականգնել, որ կբավարարեր Մարկոս Գրիգորյանին»,-ասում է Միշել Ալահվերդյանը: Նա նշում է, որ որեւէ արձագանք չի ստացել պետական ատյաններից, թեեւ տեսակետը բարձրաձայնել է, խնդրի մասին տարբեր հարթակներից արտահայտվել են նաեւ Ռուբեն Արեւշատյանը, Նազարեթ Կարոյանը, Լեւոն Չուգասզյանը: «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի ղեկավարը նաեւ տարակուսանք է հայտնում, որ թեեւ պետականորեն հայտարարել են Մարկոս Գրիգորյանի 100-ամյակը տոնելու մասին, սակայն անգամ հատկացված թանգարանի տարածքի դուռն է կողպված, հետեւաբար ե՞րբ են հասցնելու ինչ-որ բան նախաձեռնել:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի համագործակցությանը: Միշել Ալահվերդյանը տեղեկացրեց, որ որոշել էին 2024-ի դեկտեմբերից մինչեւ 2025թ. դեկտեմբեր Մարկոս Գրիգորյանի հարյուրամյակի տարի հռչակել, ու այդ համատեքստում կազմակերպված առաջին միջոցառումն էլ հենց Թեհրանում է կայացել. «Ինչու Թեհրանում, որովհետեւ Թեհրանում մեր կարողություններն ավելի շատ են եւ ֆինանսական առումով, եւ Մարկոս Գրիգորյանի աշխատանքների քանակի: Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի ֆոնդում Մարկոս Գրիգորյանի 18 աշխատանք է պահվում: Դա, թերեւս, վերջին 5 տարիների ամենահաջող ցուցահանդեսներից էր, որ կայացավ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում: Քանի որ դա հետահայաց ցուցահանդես էր, որոշեցինք, որ պետք է մի ժամանակաշրջանից սկսել, մի ժամանակաշրջանով ավարտել: Իրանցի հանդիսատեսը կարող էր տեսնել եւ հին ֆոտոներ՝ սկսած Կարսից Մարկոսի ծնողներից, եւ նրա ուսանողական գործերը, եւ ղահվեխանեի աշխատանքները, որոնք Մարկոս Գրիգորյանն ինքնուրույն էր հավաքագրում, նաեւ ժամանակին նվիրել էր թանգարանին՝ թագուհու միջնորդությամբ: Մենք ավելի քան 30 աշխատանք ցուցադրեցինք՝ լուսանկարներ, տեսանյութեր, փաստաթղթեր եւ այլն, դասախոսություններ տեղի ունեցան, հուշ-երեկո: Իրանում իմ լավագույն ընկերներից մեկը՝ կինոռեժիսոր Համիդ Ռեզա Զեյնալին հետաքրքրված է եղել Մարկոս Գրիգորյանով: Նա 2014թ. Մարկոս Գրիգորյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարել: Հուշ-երեկոյին նաեւ այդ ֆիլմը ցուցադրեցինք: Մեր հիմնադրամը գնել է այդ ֆիլմը, առաջիկայում պատրաստվում ենք այն ցուցադրել նաեւ Երեւանում»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ Մարկոս Գրիգորյանին նվիրված հուշ-երեկոյին շատ ներկայացուցչական կազմ է եղել՝ Իրանի մշակույթի փոխնախարարը, Հայաստանի դեսպանը, Մարկոս Գրիգորյանի ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Ղոլամ Հոսեյն Նամին, առցանց կապվել էին նաեւ Սիրաք Մելքոնյան հիմնադրամի հետ (իրանահայ գեղանկարիչ Սիրաք Մելքոնյանը Մարկոս Գրիգորյանի աշակերտն է եղել): Ի թիվս այլոց, ներկա է եղել իրանցի նկարիչ Մեհդի Հոսեյնին՝ Մարկոս Գրիգորյանի ուսանողը:
«Մարկոս Գրիգորյանի՝ տարբեր ուղղություններով ստեղծագործելը մեծ հնարավորություն է տալիս նրան ներկայացնել բոլոր տեսանկյուններից: Օրինակ, կարող ենք մի ցուցահանդես անել եւ ցույց տալ, թե Մարկոս Գրիգորյանն ինչ է ցուցադրում իր գալերիում՝ որպես հավաքորդ եւ Թեհրանում ինչպես իր Էսթետիկ ցուցասրահը հիմնեց, կամ՝ Նյու Յորքում Արշիլ Գորկի թանգարանը: Թեհրանում կազմակերպված Մարկոս Գրիգորյան հետահայաց ցուցահանդեսն էլ համարում եմ մեր հիմնադրամի ամենակարեւոր քայլերից մեկը: 30-ից ավելի օրաթերթերում հրապարակումներ են եղել, տարբեր ռեպորտաժներ, իսկ ցուցահանդեսը 60 հազարից ավելի հանդիսատես է ունեցել: Ընդհանրապես, Իրանում Մարկոս Գրիգորյանը բավականաչափ ճանաչված է: Երբ ես սովորում էի Թեհրանի գեղարվեստի դպրոցում, մեր դասագրքերում Մարկոս Գրիգորյանի անունը կար, հիմա համալսարանական ուսանողներ են կապ հաստատում մեր հիմնադրամի հետ, խնդրում են լուսանկարներ ու նյութեր հատկացնենք Մարկոսի արխիվից, որ իրենց թեզերում նրան անդրադառնան»,-ասաց Միշել Ալահվերդյանը:
Հավելեց, որ շուտով Թեհրանի հայկական Արարատ համալիրում կկայանա նաեւ Մարկոս Գրիգորյանի գորգարվեստին վերաբերող ցուցադրություն. «Մենք առաջինն ենք լինելու, որ իրանցի հանդիսատեսին, արտիստներին շուրջ 2 տասնամյակ անց ներկայացնելու ենք գորգերն ու այն էսքիզները, որը Մարկոս Գրիգորյանն արել էր 50-ականներից: Մեկ այլ նախագիծ էլ նախատեսված է Հայաստանում իրականացնել: Gyumri Art Week-ն այս տարի նվիրված է լինելու Մարկոս Գրիգորյանին: Այդ թեմայով նախնական խոսակցություն ենք ունեցել կազմակերպիչներից Սարգիս Հովհաննիսյանի հետ: Պատրաստվում ենք նաեւ Մարկոս Գրիգորյանին ներկայացնել որպես դերասան՝ որպես Գրեգորի Մարկ: Քչերը գիտեն, որ նա 8 ֆիլմում է նկարվել: Պահպանվել են ֆիլմերի բոլոր ազդագրերը, պաստառները, լուսանկարները, որոնք հավաքագրել ենք, վերականգնել եւ թվայնացրել՝ Հայաստանում ցուցադրելու համար»:
Կրկին անդրադառնալով Մարկոս Գրիգորյանի թանգարանի շենքի թեմային՝ Միշել Ալահվերդյանը շեշտեց, որ իր պատկերացմամբ, նրա թանգարանին հարիր շենք Հայաստանում գոյություն չունի եւ այն պետք է զրոյից կառուցվի, ինքը 2022-ից համապատասխան հողատարածք է փնտրում, իսկ իրանցի ճարտարապետները պատրաստ են գալ Երեւան եւ նախագիծ անել: Նա նաեւ վստահ է. «Մարկոս Գրիգորյանն Իրանում պաշտելի կերպար է, եւ եթե հանկարծ նրա թանգարանի շենքի համար հանգանակության մասին հայտարարություն արվի, հաստատ շատերը կուզենան աջակցել»: Միշել Ալահվերդյանն ափսոսանք է հայտնում, որ նույն վերաբերմունքը չի տեսնում Հայաստանում:
«Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ կապ ունի Մարկոս Գրիգորյանի ժառանգորդների՝ մասնավորապես ԱՄՆ-ում բնակվող եղբոր որդիների՝ Վահե եւ Արա Գրիգորյանների, ինչպես նաեւ զարմուհու՝ Շուշանիկի հետ ու տարբեր հարցերով խորհրդակցում է նրանց հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Միշել Ալահվերդյանը:
«Առավոտ» օրաթերթ
03.05.2025
























































