Բաքվի լավագույն բազմաթիվ շենքեր հայ ճարտարապետներն են կառուցել

Բաքվի լավագույն բազմաթիվ շենքեր հայ ճարտարապետներն են կառուցել

Բայց այդ մասին Ադրբեջանում խոսելը տաբու է. Վստահեցնում է Երևանի գլխավոր ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հայկական հետքը ոչնչացնելու քաղաքականությունը որդեգրած, սա իբրև սեփական ժողովրդի վրա ազդեցիկ քարոզչամիջոց օգտագործող և այն անշեղորեն իրականացնող Ադրբեջանը, վերջինիս քաղաքական ղեկավարությունը, բնականաբար, մինչ օրս միտումնավոր չեն անդրադարձել այն փաստին, որ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին, ընդհուպ մինչև 30-40-ականները, մայրաքաղաք Բաքվում հայերի` հայ մեծահարուստների (Ա. Մանթաշյան, Պ. Տեր-Ղուկասյան, Մ. Արամյան, եղբայրներ Բուդաղյաններ, Ադամյաններ և այլն) միջոցներով և հայ ճարտարապետների (Գաբրիել Տեր-Միքելյան, Միքայել Օհանջանյան, Ղազարոս Սարգսյան, Քրիստափոր Տեր-Սարգսյան, Պողոս Զուրաբյան, Դավիթ Չիսլյան, Վարդան Սարգսյան, Նիկողայոս Բաև, Վասիլի Միրզոյան, Հովհաննես Քաջազնունի, այլք) ձեռամբ կառուցվել են անհամար բարձրարժեք հուշարձաններ, հասարակական և բնակելի շենքեր կան, առանց որոնց Բաքուն Բաքու չէր լինի:

Այնպես որ, մեզանում հաճախ հնչող միտքը, թե հայերն են կառուցել Բաքուն, լուրջ հիմքեր ունի և կենդանի վկաներ: Բավական է միայն ուսումնասիրել ճարտարապետ Էդմոն Տիգրանյանի «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում» մենագրությունը և կհամոզվենք՝ վերը նշված միտքը ամեն քայլափոխի է փաստվում Բաքվում… Ընդ որում, հայ ճարտարապետական միտքը հրաշքներ է գործել Ադրբեջանի մայրաքաղաքում:

2003 թվականին ճարտարապետ Գ. Շախկյանի խմբագրությամբ վերահրատարակված՝ Էդմոն Տիգրանյանի (նա, ի դեպ, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին է) այս մենագրության առաջին հրատարակությունը տարիներ առաջ՝ 90-ականներին ամերիկահայ Արմիկ Հակոբյանի հովանավորութամբ էր իրականացվել, հիմնականում իրացվելով սփյուռքում։ Այդ հրատարակության մեջ ժամանակին իրենց ներդրումն են ունեցել ԵՃՇՊՀ ռեկտոր Արեստ Բեգլարյանը, այն շրջանում ՝ ԵՃՇՊՀ ճարտարապետական ֆակուլտետի դեկան, այժմ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նրա նախաձեռնությամբ առաջիկայում լույս կտեսնի նաև գրքի ռուսերեն տարբերակը՝ իրապես լուրջ հաղթաթուղթ դառնալով Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմում:

- Պարոն Սարգսյան, գրքի հրատարակությունը կհամընկնի Ադրբեջանում հոկտեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրությունների ակտիվ շրջանին՝ ըստ էության, ռումբի պայթյունին համազոր նշանակություն ունենալով:

-Այն տարիներին մենք գրքի հրատարակությանը կարևորում էինք իբրև հայ ճարտարապետների կյանքի և գործունեության փաստագրում, սակայն այժմ այս խնդիրը շատ արդիական է:

Պետք է արժանին մատուցել ճարտարապետ Էդմոն Տիգրանյանին, որի աշակերտներից մեկը և հետագայում բարեկամը լինելու պատիվն եմ ունեցել: Նա լավագույնս կարողացել է զուգակցել նախագծող ճարտարապետի, մանկավարժի և տեսաբանի իր գործունեությունը: Երևանում իր նախագծած կառույցների թվում են պետհամալսարանի, երկաթուղային կայարանի, ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի շենքերը, բազմաթիվ այլ հասարակական, բնակելի և առողջապահական շենքեր: Զուգահեռաբար, նա լրջագույն գիտական և փաստագրական նյութ է թողել մեզ: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Անդրկովկասում հայ ճարտարապետների գործունեությանը վերաբերող նրա հետազոտության ռուսերեն տարբերակը, (նկատենք, որ գիրքը նաև անգլերեն, ֆրանսերեն, այլ օտար լեզուներով հրատարակվելու խնդիր ունի Ա. Ե.), ըստ իս, կարող է օգտագործվել իբրև լավագույն զենք՝ ընդդեմ Ադրբեջանում հայկական մշակույթի ժխտման տասնամյակներ ի վեր վարվող քաղաքականության՝ ուղղակիորեն ցնցելով ադրբեջանական իշխանությունների բոլոր թեզերը: Խոսքն այս դեպքում ոչ միայն հայ ճարտարապետների գործերի, այլ նաև հայկական կապիտալի մասին է:

Ընդ որում, Բաքվում շենքեր են կառուցել մեր լավագույն ճարտարապետները: Ցավով պիտի նշեմ, որ նախորդ հասարակարգում ճարտարապետության պատմությունն ու պատմագրությունը բացառապես հենվում էր խորհրդային շրջանի՝ Թամանյանի և հետթամանյանական ճարտարապետների վրա, մինչդեռ մեր շատ լուրջ ճարտարապետներ, որոնք ստեղծագործել են ավելի քիչ՝ Երևանում, առավել շատ՝ Բաքվում ու Թիֆլիսում, ուշադրությունից դուրս են մնացել: Նրանցից հատուկենտ գործեր կան Երևանում, և մենք առաջիկայում մտադիր ենք մի քանի լեզուներով, առանձին հրատարակություններով անդրադառնալ ճարտարապետներ Վ. Միրզոյանի, Բ. Մեհրաբյանի, Տեր-Միքելյանի և այլոց ստեղծագործություններին:

Իհարկե, Բաքվի կենտրոնի կառուցման մեջ ներդրում ունեն նաև ռուս ճարտարապետները՝ Ռուդնև, Շուսև, այլք : Մանավանդ, շուրջ 25 տարի Լենինգրադի՝ Սանկտ Պետերբուրգի գլխավոր ճարտարապետի պաշտոնն զբաղեցնող Իվանովը միաժամանակ նաև Բաքվի գլխավոր ճարտարապետն էր: Նույնիսկ Ստալինը նրան հատուկ ինքնաթիռ էր տրամադրել, որ նա երկու շաբաթը մեկ՝ Լենինգրադից Բաքու, Բաքվից Լենինգրադ մեկներ և վերադառնար:

- Ըստ ձեզ, որքանո՞վ է Բաքվում ապրող նոր սերունդը տեղյակ իր քաղաքի պատմությանը:

-Նրանք բացարձակ անտեղյակ են: Ինչ խոսք, վստահ եմ, իմ և ավելի ավագ սերնդի՝ խորհրդային տարիների գործընկերները շատ լավ գիտեն իրականությունը, բայց բարձրաձայնել չեն կարող, դա ուղղակի ֆիզիկական վտանգներով է հղի, ինչն ապացուցում է այս օրերին Բաքվում գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ բարձրացված աղմուկը, բողոքի ակցիաները: Իսկ այն, որ ադրբեջանական պատմության էջերից այդ դրվագը ևս հանված է, և նոր սերունդը բանից անտեղյակ է, վստահ եմ:

-Բնականաբար, այս թեման բարձրաձայնելը՝ հայկական խաչքարը, դոլման և հարիսան գողացող պաշտոնական Բաքվում վայնասուն կառաջացնի:

-Բնավ չենք զարմանա, եթե այս տեղեկատվությունը շրջանառության մեջ դնելը Ադրբեջանի գործող նախագահին դրդի իր տրամաբանությանը համահունչ՝ օր առաջ հայկական այդ հետքերն էլ վերացնելու քայլեր ձեռնարկել: Իսկ դա կլինի Բաքու քաղաքի կործանման սկիզբը:

Պատմության այս էջը Ադրբեջանի իշխանությունների համար լրջագույն խնդիր է դարձել. ցույց տալ, որ Բաքվի լավագույն շենքերի հեղինակները հայեր են, նրանց համար ինքնասպանությանը համազոր բան է:

PrevPhoto
NextPhoto

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք